Սեպտեմբերի 12-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը (Տիրոջ Խաչի վեհացումը): Նինոծմինդայից Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հետ ոտքով ուղևորվեցին դեպի Արագյալ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցի: Այնուհետև մատուցվեց տոնական պատարագ:
Արագյալը Նինոծմինդայի շրջանի միակ գյուղն է, որն ունի Սուրբ Խաչ անունը կրող եկեղեցին: Խաչի վեհացման տոնը նաև գյուղի տոնն է: Ամեն տարի սեպտեմբերին ուխտավորները Տեր Արմաշ քահանա Պողոսյանի առաջնորդությամբ ուխտի են գնում:
Մոտավոր երեք տասնյակից ավելի հավատացյալներ վաղ առավոտյան Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցուց ուղևորվեցին դեպի Արագյալի Սուրբ Խաչ: Ամբողջ ճանապարհին ուխտավորները աղոթում էին:
Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները. Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում: