JNEWS-ը ներկայացնում է Ախալքալաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող 12 քաղաքական կուսակցությունների համամասնական կարգով առաջադրված առաջին համարի ներքո հանդես եկող թեկնածուներին: Ո՞վքեր են նրանք, քաղաքական ի՞նչ փորձ ունեն, ինչո՞ւ են պայքարում և ի՞նչ են ուզում փոխել տեղական ինքնակառավարման մարմինների գործնեության մեջ:

Ախալքալաքում առաջադրված թեկնածուներին ներկայացնում ենք, ըստ կուսակցությունների ընտրական համարների աճման կարգով:

(№1)Ջուլիետա Այվազյանը հանդես է գալիս «Երրորդ ուժ» կուսակցության առաջին համարի ներքո: Նա միակ կին թեկնածուն է, ով Ախալքալաքում գլխավորում է կուսակցության ցուցակը, իսկ քաղաքականությունում՝ նորեկ:

JNEWS-ի հարցին, թե ինչո՞ւ է հենց «Երրորդ ուժ» կուսակցությունն ընտրել, Ջուլիետա Այվազյանն ասաց. «Արդեն երկու տարի է ես աշխատում եմ այս քաղաքականի ուժի հետ: Իսկ այս տարի իրենք են ընտրել ինձ այս ընտրությունների ժամանակ: Այս կուսակցությունն ավելի շատ երիտասարդական է, նրանց ծրագրերն ու գաղափարներին ճանապարհ տալն է: Երիտասարդներին պետք է տեղ տալ: Ներկայիս աշխատաողներն էլ վատը չեն, բայց երիտասարդները ավելի լավ գաղափարներ ունեն»:

(№2)Հարություն Ալեքսանյանը Ախալքալաքում ներկայացնում է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Համամասնական ցուցակի առաջին համարն է:

««Եվրոպական Վրաստան» կուսակցության ստեղծվելու պահից ես Ախալքալաքում կուսակցության նախագահն եմ հանդիսանում, պարզ է, որ ցուցակի առաջին համարը ես եմ: Եթե հակիրճ խոսեմ, կարող եմ ասել, որ հիմնական նպատակն է եվրոպական ինտեգրումը: Այսօրվա պայմաններում իշխանության արտաքին քաղաքականությունից լրիվությամբ չի հասկացվում ինչ կողմնորոշում ունի, բայց մերը հստակ է՝ եվրոպական կողմնորոշում, մեր ապագան տեսնում ենք եվրաինտեգրման մեջ»:

Հարություն Ալեքսանյանը ներկայիս սակրեբուլոյի պատգամավոր է, բայց նորից է ուզում, որպեսզի լուծի շրջանի ամենակարևոր խնդիրներից մեկը՝ ջրի հարցը:

«Առհասարակ շատ խնդիրներ կան: Ամեն տարի նույն խոսակցությունն է՝ ջուր, ես մտածում եմ, որ ջրի խնդիրը Վրաստանի ամենաջրառատ շրջանում ամենացավոտն է, այս հարցին երևի մի քիչ ավելի գլոբալ մոտեցում է անհրաժեշտ: Ավելի մեծ մասշտաբի անելիքները ծրագրել, որպեսզի այդ հարցը միանգամից որոշվի: Ճանապարհների համար ասեմ, որ ներկա իշխանությունները բավականին աշխատանք են տարել, դա պետական ծրագիր է, այդ առումով վատ չէ: Խնդիրներ շատ կան՝ հողերի հարցը, որոնցով պետք է հստակ զբաղվել»:

(№5)Շիրվան Շիրինյանը «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջին համարն է: Նա ընդդիմադիր կուսակցության շարքերում է հանդես գալիս: Քաղաքական մեծ փորձ ունի: 1990-ականներից քաղաքականությունում է: Ախալքալաքում տարբեր պետական պաշտոն է զբաղեցրել:

«Ես «Միասնական ազգային շարժում» կուսակցության ցուցակներով եմ հանդես գալիս, քանի որ գտնում եմ, որ նրանց գաղափարները ավելի բարձր են, քան՝ մնացածներինը»:

Շիրվան Շիրինյանը պայքարում է արդարության համար. «Միշտ պայքարել եմ, որ ճշտություն լինի, այսինքն՝ շրջանի բյուջեն ինչ-որ հատկացվում է, տեղական ժողովրդին հասնի, դեպի ժողովուրդը բարելավում լինի: Ես ուզում եմ, որ բոլոր գյուղերն անպայման ապահովված լինեն խմելու ջրով, բոլոր գյուղերում ոռոգման համակարգը վերականգնվի և ժողովրդի հոգսերը թեթևանա: Եվ ամենակարևորը՝ շրջանի բյուջեն հատկացվի միայն ժողովրդին, ոչ թե բաժանվի այլ տեղերում»:

(№6)Խաչիկ Այվազյանը հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին հանդես է գալիս «Եվրոպական դեմոկրատներ» կուսակցության անունից: Նա է գլխավորում կուսակցության համամասնական ցուցակը:

Խաչիկ Այվազյանը 2006-2010 թվականներին եղել է Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ: Ինչպես ինքն է ասում՝ քաղաքականության մեջ է սկսած 1988 թվականից:

«Ես Ախալքալաքում ղեկավարել եմ Սակրեբուլոն, կարելի է ասել այն ես եմ կառուցել: Որոշեցի մասնակցել այս ընտրություններին, որպեսզի իմ տարիների փորձը ծառայեցնեմ մեր շրջանին: «Եվրոպական դեմոկրատներ»-ի կազմում, որովհետև՝ և եվրոպա է, և դեմոկրատ»:

(№8)Սիմոն Մանանյանը «Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության ցուցակի առաջին համարն է: Նա արդեն երրրոդ անգամ է ընտրություններին մասնակցում դաշինքի կազմում:

«Դաշինքի առաջնորդները մշտապես իրենց ելույթներում առաջ են քաշել Հայոց ցեղասպանության հարցը և հայ ժողովրդի կողքին են գտնվում: Այսօր էլ բարիդարացիական հարաբերություններ են ուզում ունենալ Ռուսաստանի հետ: Մեր ժողովրդի 70 տոկոսը աշխատում և իր հանապազօրյա հացն է վաստակում Ռուսաստանում, դրա համար այս կուսակցությունը ինձ շատ հոգեհարազատ է»:

Սիմոն Մանանյանը Ախալքալաքի ներկայիս Սակրեբուլոյի պատգամավոր է, նորից է առաջադրվել, որպեսզի կիսատ թողած գործերը կարողանա ավարտին հասցնել:

«Ինչի համար եմ ուզում նորից Սակրեբուլոյի անդամ դառնալ, որովհետև կիստած թողած գործեր կան, օրինակ. մեր Ալաստանը ճանապարհ չունի ասֆալտապատ, մանկապարտեզ չունենք, խաղահրապարակներ չկան ոչ մի գյուղում և բազում այլ խնդիրներ կան մեր շրջանում: Այս 4 տարվա ընթացքում շատ հարցեր ենք բարձրացրել, շատ հարցերի մասնակից եղել, ցավոք, ոչ բոլորն ենք կարողացել իրականացնել, որովհետև բարդ գործընթաց է, կորոնավիրուսի պատճառով շատ բան չհասցրինք»:

(№9)Զաքար Զաքարյանը՝ «Լելոյի» ցուցակն է գլխավորում: Վերջինս ևս Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր է «Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից: Ինչպես ինքն է բացատրում դաշինքի անդամ երբեք չի եղել, խնդրել են մասնակցել է, քաղաքական հայացքները չունի:

«Ես «Հայրենսերների դաշինքի» կողմից եղել եմ, բայց կուսակցության անդամ չեմ եղել: Ինչ վերաբերում է «Լելոյին», ասեմ՝ այստեղ քաղաքական հայացք չկա, իմ ամենամոտ ընկերն է խնդրել, որ Ախալքաալքում ձայներով օգնեմ: Ավելի շատ ընկերական պահ է, քան քաղաքական:

Ուզում եմ Սակրեբուլո մտնեմ, քանի որ ամենացավոտ հարցը մեր շրջանում հողերի սեփականաշնորհման խնդիրն է: Մենք գյուղերում 50 տոկոսից ավելի, չունենք բժշկական առաջին օգնության ծառայություն, ծայրամասային գյուղերն ավելի հարմարավետ դարձնելու համար պետք է լուսավորություն, ճիշտ է կա, բայց ոչ այն քանակի ինչքան անհրաժեշտ է»:

(№10)Ալիկ Բաղդասարովը «Շալվա Նաթելաշվիլի–Վրաստանի լեյբորիստական» կուսակցության առաջին համարն է:
Երկար տարիներ է ինչ անդամակցում է այս կուսակցությանը:

«Ինձ առաջարկեցին Ախալքալաքում առաջադրվել, ես էլ համաձայնվեցի: Վրաստանում որպես էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ ես արդեն ինտեգրված եմ վրաց հասարակության մեջ, և իմանալով հայրերի խնդիրները, ես գիտեմ այդ խնդիրների լուծման ուղին: Ոչ միայն հայ, այլև բոլոր փոքրամասնությունների ներգրավվածությունը, ինտեգրացիան երկրի հասարակական կյանքում կարևոր է»:

Բաղդասարովն Ախալքալաքում չի ապրում, բայց մտադիր է ընտրվելու դեպքում տեղափոխվել և բնակվել Ախալքալաքում, այդպիսով ավելի մոտիկից ծանոթանալ տեղի հայերի խնդիներին:

«Ես Ախալքալաքում չեմ ապրում, սակայն մոտ իմ բարեկամներն են ապրում, և եթե լինի այնպես, որ ես մտնեմ սակրեբուլո, իհարկե կկարողանամ սովորականի պես աշխատել, խնդիր չէ, քանի որ ես հաճախ եմ գալիս իմ բարեկամների մոտ: Այսինքն ես կտեղափոխվեմ Ախալքալաք ապրելու: Եվ ավելի լավ կծանոթանամ տեղի խնդիրներին: Մեզ համար առաջնահերթ է երիտասարդների ներգրավվածությունը քաղաքականությունում: Մեր ծրագրերի մեջ կա Ախալքալաքում հատուկ կրթական կենտրոն հիմնել»:

(№19)Սերգեյ Դարբինյանը գլխավորում է «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցության համամասնական ցուցակը: Ամբողջ օրվա ընթացքում JNEWS-ին չհաջոցվեց կապ հաստատել Դարբինյանի հետ: Նրա հեռախոսն անընդհատ անհասանելի էր ցույց տալիս: Նշենք, որ Սերգեյ Դարբինյանը երիտասարդ է, և Ախալքալաքի քաղաքական դաշտում՝ նորեկ:

(№25)Աշոտ Խանոյանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է «Գիորգի Գախարիա–Վրաստանի համար» կուսակցության կողմից:

Ինչո՞ւ հենց Գախարիայի կուսակցության հետ, Աշոտ Խանոյանը բացատրում է. «Համակրանք է, իր ղեկավարած տարիները Վրաստանը զարգացում ապրեց, նրա աշխատանքն ինձ դուր է գալիս: Իմ գաղափարներին մոտ է, դրա համար Գախարիայի հետ եմ»:

Իսկ թե ինչու է ուզում մտնել Ախալքալաքի Սակրեբուլո և ինչ ծրագրեր ունի, նա նախընտրեց այդ մասին դեռ չբարձրաձայնել:

«Դեռ շուտ է, ժամանակը կգա կասեմ, ավելի ճիշտ կլինի այդ ժամանակ ասել: Շատ ծրագրեր կան, շատ խնդիրներ կան շրջանում, դուք լավ գիտեք: Ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի, հիմա ծրագրերի մասին խոսելը շատ շուտ է»:

(№36)Դիմիտրի Տուֆուրան «Գիրչիի» համամասնական ցուցակի առաջին համարն է: Մեզ չհաջողվեց Տուֆուրայի հետ կապ հաստատել, սակայն կուսակցությունից նշեցին, որ իրենց ցուցակն Ախալքալաքում տեխնիկական բնույթ է կրում:

(№37)Ամիրան Օքրոպիրիձեն «Ազատ Վրաստան» կուսակցությունն է գլխավորում: Նրա հետ Նույնպես JNEWS-ին չհաջողվեց կապ հաստատել:

(№41)Նաիրի Իրիցյանը գլխավորում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համամասնական ցուցակը: Նա ներկայիս Սակրեբուլոյի նախագահն է: Նա առաջին անգամ չէ, իր ընտրությունների մասնակցում է «Վրացական երազանքի» կազմում: Արդեն 20 տարի է քաղաքականությունում է:

«Այսօր մեր քաղաքում առաջադրված մեծամասնական թեկնածուները՝ Կարապետ Պալոյանն ու Հակոբ Չախմախչյանը ավելի մեծ վարկանիշ ունեն քան ես, ես իրենց հետ չեմ կարող համեմատվել: Ես լավն եմ, բայց իրենցից լավը չեմ»:

Նաիրի Իրիցյանը նորից ուզում եմ Սակրեբուլոյի նախագահ դառնալ, որպեսզի իր տարիներով կուտակած փորձը ծառայեցնի պետությանը:

«Ինչի եմ ուզում նորից մնալ կառավարման համակարգում, բանն այն է, որ շատ անգամ մեր նպատակները չենք կարողանում իրագործել, քանի որ երկրի պետական կուրսին համահունչ չէ: Հարցը միայն գումար ունենալն ու ենթակառուցվածք կառուցելը չէ: Օրինակ. նույն ժողովրդավարություն հասկացողությունը, աշխատատեղ ստեղծելը, միայն ասֆալտապատ ճանապարհի երկարությունը չէ, որ պետք է երկար անենք, որ լավ լինի: Ես, որ նոր մտա քաղաքականություն, գաղափարները բացարձակ ուրիշ էին, տարեցտարի ամեն ինչ փոխվեց: Ես նախկինում չէի կարող պատկերացնել, որ քաղաքականության մեջ գենդերը կարող է տեղ ունենալ, հիմա հասկանում եմ, ինչքան կարևոր է կանանց ներկայությունը: Իմ փորձը կարող եմ ծառայեցնել պետությանը, օգնել ու ծառայել մեր ժողովրդին, որպեսզի զարգանա մեր շրջանը»:

«Երազանքի» համամասնական ցուցակի առաջին համարի ներքո հանդես եկող թեկնածուն ասում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հնարավորինս անկախ լինեն՝ ինքնուրույն գործեն:

«Ես ուզում եմ, որ ինքնակառավարումն ավելի անկախ լինի, մենք շատ կախված ենք նահանգապետարանից, Թբիլիսիից, նախարարություններից և այլն: Տեղական իշխանությանը պետք է մի քիչ շատ արտոնություն տալ»:

Հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Ախալքալաքում մասնակցում է թվով 12 կուսակցություն, որից միայն 7-ն են մեծամասնական թեկնածուներ առաջադրել: Ախալքալաքի շրջանում (40 ընտրատարածք) գրանցված է 36 հազար 720 ընտրող: