Լյուդվիգ Փոլադյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Լոմատուրցխ գյուղի շարքային բնակիչ է, ով քանդակում է արտասովոր քանդակներ: Նա իր օրվա հացի գումարը վաստակում է հողագործությամբ` իր արվեստով զբաղվելու ծախսերը հոգալու համար, սակայն միջոցների սղության պատճառով չի կարողանում կյանքի կոչել իր բոլոր գաղափարները:
Ախալքալաքի շրջանի գեղատեսիլ գյուղերից մեկում՝ ամենասովորական տանը, ապրում է մի մարդ, որի արարումները չեն կարող հիացմունք չառաջացնել:
Լյուդվիգ Փոլադյանն ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը՝ գեղանկարչության ֆակուլտետը: Ավարտելուց անմիջապես հետո, սակայն, նա փոխել է իր զբաղմունքը և սկսել զբաղվել քանդակագործությամբ: Նրա խոսքով՝ գեղանկարչությամբ զբաղվելը բավականին ծախսատար է՝ ներկեր, կտավներ, նկարչական տարբեր պարագաներ, հայրենիք վերադառնալուց հետո Լյուդվիգը նման հնարավորություն չի ունեցել:
«Ես այցելում էի ամենատարբեր թանգարանները, ցուցահանդեսները, և դա հետք թողեց ինձ վրա: Ես որոշեցի փորձել, մտածեցի, արդյո՞ք կարող եմ քանդակագործությամբ զբաղվել, և ինձ մոտ սկսեց դա ստացվել: Այսպիսով, ես ուշադրությունս սևեռեցի այս ոլորտի վրա և սկսեցի ստեղծել տվյալ աշխատանքները», – պատմում է Լյուդվիգը:
Նա խոստովանում է, որ իր համար հիմնական մոտիվացիան դառնում է նախորդ աշխատանքի գրանցած հաջողությունը: Երբ նրա մոտ լավ է ստացվում, նա ցանկանում է էլի ու էլի աշխատել: Դե իսկ ոգեշնչումը նրա դուռը թակում է գիշերները:
«Ես սիրում եմ գիշերը պառկել և մտածել, թե ինչ եմ անելու քանդակի հետ, ուստի այդպես ավելի լավ է ինձ մոտ ստացվում խորհելը»:
Լյուդվիգին հպարտություն է պարգևում իր Էյֆելյան աշտարակը, որը նա քանդակել է տուֆից: Աշտարակը քանդակելու համար վարպետից պահանջվել է 3 տարի, իսկ Լյուդվիգի առաջին գործը դա Սուրբ Հռիփսիմեի տաճարի քարե պատճենն է, որին հաջորդել է Զվարթնոցի տաճարը:
Լյուդվիգ Փոլադյանը կոշտ քարի վրա քանդակում է նրբագեղ նախշեր:
Չնայած այն հանգամանքին, որ Լյուդվիգի համար քանդակագործությունը նրա սիրած գործն է, թեև ոչ ամենակարևորը: Բացի քանդակագործությունից նա 46 տարի տարբեր ժամանակներում դասավանդել է դպրոցում՝ արվեստ, աշխատանք, աշխատել է տարբեր գյուղերում: Լյուդվիգը վերջերս թոշակի է անցել՝ օգտվելով կառավարության 2019 թվականի ծրագրից, որը տարեց ուսուցիչներին թույլ էր տալիս թոշակի անցնել 2 տարվա աշխատավարձի կանխավճարով:
Բացի այդ, քանդակագործը զբաղվում է գյուղատնտեսությամբ և կենցաղային այլ աշխատանքներով՝ ապրուստի միջոցներ ունենալու, ընտանիք պահելու և իր նախընտրած արհեստով զբաղվելու համար:
«Քանդակագործությունն իմ եկամտի աղբյուրը չէ: Ես հազվադեպ եմ քանդակների պատվերներ ընդունում, հիմնականում աշխատում եմ ինքս ինձ համար», – նշում է նա:
Լյուդվիգը նաև աշակերտներ չի ընդունում, քանի որ, ըստ նրա, նա այդքան համբերություն և ցանկություն չունի՝ դա բավականին նյարդային զբաղմունք է: Նա խոստովանում է, որ քանդակի ստեղծման գործընթացը շատ նյարդեր է պահանջում, նույնիսկ ավելին, քան գեղանկարչությունը, հատկապես, երբ ինչ-որ բան կոտրվում է և նորից պետք է քանդակվի:
Լյուդվիգը նախատեսում է աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ ուժ ունի: Նա ցանկանում է զարգանալ իր արվեստի մեջ, կատարել ավելի ու ավելի հետաքրքիր, բարդ գործեր, բայց դրա համար նրան հաճախ անհրաժեշտ են ֆինանսներ, որոնք նա չունի:
«Ես ցանկանում էի Կրթության նախարարության դիմաց տեղադրել 4 վրացական եկեղեցիների քարե մոդելներ, ես դիմեցի նախարարություն, ցանկանում էի, որ ինձ միջոցներ հատկացնեին, բայց նրանք մերժեցին: Ինձ հարկավոր էր մոտ 30 000 լարի: Ընդհանրապես, ֆինանսական հարցը ինձ շատ է հետ պահում զբաղվել սիրածս գործով»:
«Երբ նա երբեմն բարկանում է, նյարդայնանում, ես անհանգստանում եմ, ասում եմ՝ մեղք ես, այդքան փոշի ես շնչում: Մենք երեք երեխա ունենք, որդիս Ռուսաստանում է, ավագ դուստրս ամուսնացած է, կրտսերը՝ մեզ հետ է: Երբ նա նստում է ՝զբաղվելու իր գործով, մենք նրան ամբողջ օրը չենք տեսնում», – խոստովանում է Լյուդվիգի կինը:
Հետաքրքիր է, որ Լյուբվիգն ամենից շատ սիրում է խաչքարեր քանդակել, սակայն ոգեշնչվում է վրացական մշակույթից:
«Ինձ ավելի շատ դուր է գալիս վրացական մշակույթը, քան հայկականը: Ես ցանկանում եմ քանդակել Վրաստանի դրոշը, Թամարա թագուհուն, Ճավճավաձեին: Ես սիրում եմ մեր բնությունը, հողն ու ջուրը, օդը»:
Ամալյա Բաբայան