Ջավախքում երիտասարդները քաղաքականապես պասիվ են, որովհետև քաղաքական կուսակցությունների հանդեպ վստահություն չունեն, խանգարում է նաև պետական լեզվի չիմացության խնդիրը:
JNEWS-ը հարցում է անցկացրել երիտասարդների շրջանում, արդյո՞ք տեղյակ են հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների մասին:
Հարցմանը մասնակցել է 20 երիտասարդ, նրանցից 3-ն ընդհանրապես տեղյակ չեն ի՞նչ կամ ո՞ւմ են ընտրելու հոկտեմբերի 2-ին, 15-ը պատասխանել են, որ քաղաքապետի ընտրություններ են, միայն 2-ն էին, որ հստակ գիտեին, ինչ ընտրություններ են:
27-ամյա Տիգրան Թարզյանը Նինոծմինդայի շրջանի Ուջմանա գյուղից է: Նրա կարծիքով երիտասարդությունը քաղաքական գործընթացներում վերջին շրջանում բավականին ակտիվ է, ինչը արտացոլվում է տարբեր քաղաքական կուսակցություններին երիտասարդների անդամակցությամբ:
«Քաղաքական ինտեգրումը տարիներ շարունակ ամենաակտուալ խնդիրներից է մեզանում: Բայց վերջին տարիներին նկատվում է տեղի երիտասարդների ակտիվությունը այդ ոլորտում՝ իմ ընկերներից շատերը, ովքեր արդեն լիարժեք տիրապետում են պետական լեզվին տարբեր քաղաքական կուսակցություններում են ներգրավված ու ակտիվ ներկայացնում են մեր տարածաշրջանը: Հետևաբար ակտիվությունը դա արդեն ինֆորմացված լինելու արդյունք է»,- ասում է Տիգրան Թարզյանը:
Շատ երիտասարդներ ինտեգրման պրոցեսում բախվում են բազում խնդիրների, օրինակ. լեզվի ոչ լիարժեք տիրապետելը, տեղական ինքնակառավարական մարմինների պասիվությունը կամ հայերեն լեզվով՝ ինֆորմացիայի պակասը:
Տիգրանի կարծիքով, ոչ թե ինֆորմացիայի պակաս կա, այլ մեդիակրթության, քանի որ տեղական մեդիա աղբյուրները լուրերը տրամադրում են տեղի փոքրամասնությունների լեզվով:
«Քաղաքականությունը շատ շատերին է հետաքրքրում, բայց երիտասարդների մեջ կա վստահության պակաս տեղի քաղաքական կուսակցությունների հանդեպ: Նրանք բացի կուսակցություն ընդունելուց ուրիշ ոչինչ չեն առաջարկում երիտասարդներին: Ուղղակի քաղաքական կուսակցությունները պետք է գնահատեն երիտասարդների պոտենցիալը և կիրառեն նրանց ուժը», – ավելացնում է Տիգրանը:
Նա սովորել է Իլիայի պետական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում: Ուսանող ընկերների հետ ակտիվ շփման արդյունքում եկել է այն եզրահանգմանը, որ քաղաքագետի մասնագիտություն ստացող երիտասարդների հիմնական մասը մնում և աշխատում է մայրաքաղաքում։
Հռիփսիմե Փանչոյանը Ախալցիխեի շրջանի Ջուլղա գյուղից սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժնում: Նա մասնագիտության բերում է, որ հետաքրքրված է երկրում քաղաքական զարգացումներով:
«Երիտասարդների շրջանում միշտ չէ, որ նկատում եմ ակտիվություն քաղաքական հարցերում: Եթե լինի հետաքրքրություն կարծում եմ տեխնոլոգիաների այս դարում դժվար չէ նյութը ստանալ ցանկալի լեզվով, պարզապես կա հետաքրքրվածության պակաս, ինչը նկատվում է նաև մասնագիտությունների ընտրության հարցում: Իմ կարծիքով պարտադիր է ծանոթ լինել գոնե երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք կապված են մեզ հետ», – ասում է Հռիփսիմե Փանչոյանը:
Ի տարբերություն Տիգրանի և Հռիփսիմեի, Մարինան բարձրագույն կրթություն է ստանում տեղում՝ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում: Չնայած բանասիրություն է ուսումնասիրում, սակայն, ինչպես ինքն է ասում՝ դա չի խանգարում քաղաքականապես ակտիվ լինել:
«Բավականին բարդ է տեղեկացված լինելը, սեփական փորձից կարող եմ ասել որ շատ ընտանիքներում, եթե կարիք է լինում ինչ-որ բան բացատրել կամ թարգմանել»,- նշում է Մարինա Մինասյանը:
Քրիստինե Խոցանյանը 20 տարեկան է Ախալցիխեից՝ սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի Ստոմատոլոգիայի ֆակուլտետում։ Նա առանձնապես հետաքրքրված չէ քաղաքականությամբ և մասնագիտական առումով էլ չի բախվում նմանատիպ խոսակցությունների։
Վերջինս նշում է. «Ներկա պահին քաղաքականությունից խոսում են բոլորը, ավելի շատ նրանք ովքեր ընդհանրապես չեն հասկանում դրանից և դա ինձ համար տհաճ է: Ես փորձում եմ զերծ մնալ այն թեմաներից որոնցում չունեմ բավական ինֆորմացիա բանավիճելու համար: Իսկ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառն այդ ոլորտի հանդեպ հետաքրքրություն չունեմ»:
Լիդա Ալմասյան