Ջավախքի գյուղերը լի են հետաքրքիր և զարմանալի վայրերով, դրնցից մեկն է Օրջա գյուղում գտնվող «Ժամի աղբյուրը», որը ինչպես տեղացիներն են ասում՝ oժտված է աչք բուժող հատկությամբ:
«Ժամի աղբյուրը» գտնվում է գյուղ տանող ճանապարհի ձախ մասում՝ գյուղացիների փոքրիկ հողամասերի շրջապատմամբ: Աղբյուրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրանից հոսող ջուրը աչք բուժելու հատկություն ունի, և, ինչպես բնակիչներն են ասում՝ օրհնված է: Դա ապացուցող որևէ գիտական հետազոտություն չկա, ոչ էլ ուսումնասիրություն, բայց դա չի խանգարում գյուղացիներին հավատալ աղբյուրի զորությանը:
Ջուրը հոսում է ստորգետնյա ճանապարհով, քարերի միջից, ունեցել է հուն, հոսել է քարերի վրայից: Բայց Օրջա գյուղի բնակիչներից Վարազդատ Մաքոյանը փոքրիկ խողովակ է տեղադրել և այն ծառայում է որպես աղբյուր, հոսելով խառնվում է տարբեր աղբյուրների ջրերի:
Ինչպես պատմում է Անժելա Մաքոյանը, այդ աղբյուրի մասին իմացել է գյուղի մեծերից և մտաբերում է տարիներ առաջ կատարված դեպքի մասին:
«Մի օր իմ տուն եկավ Ագանա գյուղից մի երիտասարդ աղջիկ ով ուներ աչքերի հիվանդություն, ասաց, որ իմացել է աղբյուրի մասին և ուզում է ջրից տանել և փորձել: Տարբեր բժիշկների բուժումը ապարդյուն է անցել, չմերժելով նրան ցույց տվեցի աղբյուրը, իսկ աղջիկը խոստացավ բուժվելու դեպքում մատաղ անել և հրավիրել ինձ, օրեր անց կրկին վերադարձավ, աղջկա խնդիրը տեսանելի էր, իսկ երբ վերադարձավ, պարզ երևում էր, որ բուժվել է»,- հիշում է նա:
Խոստման համաձայն աղջիկը գյուղի եկեղեցում մատաղ է արել վերցրել ջրից ու հեռացել։ Այդ դեպքից հետո Անժելա Մաքոյանն այդ աղջկան չի տեսել, տարիներ անց իմացել է, որ այդ աղջիկն ամուսնացել և տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:
Այս պատմությունն ապացույցն է ջրի անհավատալի հատկության: Զուգադիպություն է, թե իրականություն դժվար է ասել, բայց մինչև օրս գյուղացիները խորը հավատ են տածում այդ տեղից հոսող ջրի հանդեպ և այդ պատմությունները սերնդից սերունդ են անցնում:
Գյուղի բնակիչներից Ռոզա Ալմասյանը վստահեցնում է՝ աղբյուրից ջուրը բուժման նպատակով պետք է տանել միայն այն ժամանակ, երբ արևի շողերը չեն ընկել ջրի վրա, այսինքն՝ կամ մինչև արևաձագը կամ երեկոյան` արևամուտից հետո: Նա համոզված է, ջրի բուժիչ լինելու գաղտնիքը հենց դրանում է կայանում:
Օրջա գյուղի հոգևոր հովիվ Տեր Թադևոս Մկրտչյանն ասում է. «Լինում է, որ մարդիկ հավատով են մոտենում և բժշկվում են, լինում է, որ ջրի քիմիական բաղադրության շնորհիվ է դա տեղի ունենում, սակայն պետք է նշեմ նաև, որ լինում է այնպես, որ անհավատներն են բժշկվում և հավատքի գալիս»:
Լիդա Ալմասյան