Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներ անցկացվեցին Ախալքալաքում:
Վաղ առավոտվանից քաղաքային այգին լեփ-լեցուն էր մանուկներով: Խաս-Բախչա քաղաքային այգում մանուկների համար Ախալքալաքի վարչությունը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ՝ տիկնիկային թատրոն, պարային ու երաժշտական կատարումներ, տարբեր հեքիաթների հերոսներ, մանկական խաղեր և այլն:
Իսկ Սուրբ Խաչ եկեղեցու բակում երեխաների դեմքերը ներկվում էին տարբեր մուլտհերոսների նմանությամբ: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը մանկական նկարչական ցուցահանդես էր կազմակերպել, այդպիսով ծնողներին կոչ անելով ուշադրությամբ ու հոգատարությամբ վերաբերվել երեխաներին:
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնն էլ խաղաղության երթ անցկացրեց: Կենտրոնից մինչև Սուրբ Խաչ եկեղեցի երեխաները քայլեցին տարբեր պաստառներ և խաղաղությունը խորհդանշող սիմվոլներ պարզած:
Նշենք, որ երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Իսկ արդեն 1950-ին առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:
Հայտնի չէ, թե ինչու է տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը: ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի ու առողջության պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության հիմնական առաջնահերթություններից մեկը:
Աղունիկ Այվազյան