Օգոստոսի 30-ի երեկոյան, Ձնելաձե փողոցում գազատար խողովակը պոկվել է, սկսվել է գազի արտահոսք: Իրավիճակը հաջողվել է վերահսկողության տակ առնել, քաղաքի այս հատվածի բնակիչների գազամատակարարումը վերականգնվել է:

Օգոստոսի 30-ին, ժամը 23:10-ին, Ախալքալաքի Ձնելաձե փողոցի բնակիչները լսել են ուժեղ ձայն: Դուրս գալով փողոց՝ նրանք հայտնվել են մշուշի մեջ և ուժեղ հոտ են զգացել: Բնակիչները զանգահարել են 112, վթարի վայր են ժամանել ոստիկանությունը, հրշեջ ջոկատը և գազաբաշխիչ ընկերության աշխատակիցները:

«Ուժեղ ձայն էր, ես մտածեցի, որ ինչ-որ բան պայթեց, ամենայն հավանականությամբ ջուր, որովհետև ձայնը ուժեղ էր: Մենք դուրս եկանք փողոց, տեսնենք՝ կարծես մառախուղ լինի և գազի ուժեղ հոտ է, արդեն հոտը նույնիսկ տներում էր: Մոտակայքում ապրում է գազաբաշխիչ ընկերության աշխատակիցը: Նա անմիջապես եկավ և փակեց գազը: Եկան ոստիկանները, գազաբաշխիչ ընկերության աշխատակիցները: Դա սարսափելի տեսարան էր: Մեր հարևանը մեզ ասաց, որ հեռացնենք մեքենան, բայց մենք վախենում էինք պայթյունից, այդ ժամանակ ամեն ինչ կարող էր լինել», – ասում է Ձնելաձե փողոցի բնակիչը:

DSC_4307

«Մենք քնեցինք, լսեցինք դղրդյուն: Դուրս եկանք, տեսանք, որ ողջ փողոցում գազի հոտն է տարածվում: Բոլոր հարևանները վախեցան», – ասում է Ձնելաձե փողոցի մեկ այլ բնակիչը:

DSC_4303

Գազատարի շարքից դուրս գալու պատճառները դեռ անհայտ են, սակայն գազաբաշխիչ ընկերությունը ենթադրում է, որ արտաքին ազդեցություններն են դրան նպաստել:

«Ամենայն հավանականությամբ, խողովակների վրա ուժ է գործադրվել, այն կռունկի մոտ է կոտրվել: Երբ մեր աշխատակիցը գնացել էր այնտեղ, այնտեղ արդեն ոչինչ չկար, մեքենաներ էլ չկային՝ որևէ եզրակացություններ անելու համար: Այդ ժամանակ մենք դադարեցրինք գազամատակարարումը: Նման իրավիճակները հաճախ չեն լինում, բայց վթարներ լինում են: Այստեղ աշխատում է մարդկային գործոնը: Պատահել է, որ վնասվել է բնական երևույթների պատճառով: Ընդհանրապես, մեխանիզմը, համակարգը լավն է, բայց նման դեպքերը բացառել հնարավոր չէ», – ասում է «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը:

Շատ երկրներում կապի համակարգերը, գազը, էլեկտրական լարերը անցկացված են ստորգետնյա, սակայն Ախալքալաքում բոլոր գծերը երևում են:

«Ոչ բոլոր խողովակները կարող են անցկացվել գետնի տակով: Քանի որ մենք քաղաքում չունենք հաղորդակցության հստակ պլան: Այսինքն, հնարավոր է փորելու դեպքում մենք վնասենք, ինչը մեզ համար կդառնա էլ ավելի մեծ խնդիր: Հետո, եթե, ենթադրենք, մենք գազ անցկացնենք, ապա մունիցիպալիտետը չի կարողանա փոխել կոյուղագծերը», – ասում է նա:

Վթարի վերջնական վերացման աշխատանքները դեռ չեն ավարտվել, Ձնելաձե փողոցում գազամատակարարումը վերականգնված է: