Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցել է 286 187 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 10%-ը: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:
675 978 մարդու կամ չափահաս բնակչության ավելի քան 23.7%-ին ներարկվել է պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ: Այսպիսով, օգոստոսի 22-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 962 165 ներարկում:
Անցած շաբաթվա ընթացքում երկրում միջին հաշվով օրական կատարվել է 25 000 ներարկում: Օգոստոսի 20-ին գրանցվել է ռեկորդային ցուցանիշ` պատվաստվել է ավելի քան 28,5 հազար մարդ: Նախօրեին կատարվել է COVID-19-ի դեմ ավելի քան 23,3 հազար պատվաստում:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել էին մարտի 15-ին՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության ավելի ու ավելի նոր խմբեր: Ազգային արշավը զանգվածային բնույթ էր ձեռք բերել հուլիսի 5-ին:
Այս պահին Վրաստանում Pfizer-ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց համար: 45 տարեկանից բարձր մարդիկ կարող են ընտրել AstraZeneca-ն, իսկ 18-ից բարձր անձինք` Sinopharm-ը կամ Sinovac-ը: Միևնույն ժամանակ, կարելի է պատվաստվել կամ ամրագրմամբ՝ գրանցվելով Առողջապահության նախարարության կայքում, կամ կենդանի հերթի տարբերակով:
Ազգային ծրագրի համաձայն՝ Վրաստանի չափահաս բնակչության 60%-ը մինչև 2021 թվականի վերջ պետք է պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Փորձագետները կարծում են, որ դա բավական կլինի կոլեկտիվ դիմադրողականության ձևավորման համար: