Այսօր՝ օգոստոսի 18-ին, Նինոծմինդայում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որը կազմակերպել էր Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարարի գրասենյակը՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հետ համատեղ:
Հանդիպումը տեղի ունեցավ Նինոծմինդայի քաղաքապետարանի դիմաց: Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարարի տեղակալ Լիա Գիգաուրիին ուղեկցում էր Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, նրանց միացավ նաև Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Հանդիպման նպատակն էր մեկ անգամ ևս հիշեցնել բնակչությանը COVID-19-ի դեմ պատվաստումների կարևորության մասին, պատասխանել բնակչությանը հուզող հարցերին: Դրա համար նախարարության աշխատակիցները տրամադրեցին հայերեն տեղեկատվական բուկլետներ, որոնցում տրված էին այն հարցերի հակիրճ պատասխանները, թե ինչու է անհրաժեշտ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ինչ է անհրաժեշտ դրա համար, հնարավո՞ր է վարակվել պատվաստումից հետո և արդյո՞ք պատվաստումն անվտանգ է:
Պետական նախարարի տեղակալը խոսեց իրազեկված լինելու կարևորության մասին, ուստի հանդիպման նպատակներից մեկն էր տեղեկատվություն տարածելը հայերենով՝ այս տարածաշրջանի համար հասանելի լեզվով, որտեղ կոմպակտ ապրում են ազգային փոքրամասնություն ներկայացնող հայերը:
«Մեր հիմնական նպատակն է աշխատել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Որպեսզի հնարավորինս կանխվի վիրուսի տարածումը ընդհանրապես,այդ թվում՝ շրջաններում, մենք բոլորս պետք է պատվաստվենք», – ասում է պետնախարարի տեղակալ Լիա Գիգաուրին:
Իր հերթին, նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին նշեց, որ այս պահին Սամցխե-Ջավախքում պատվաստման գործընթացմ ակտիվ կերպով է ընթանում՝ չնայած դանդաղ տեմպերին, ինչը պայմանավորված է Ախալցիխեում երիտասարդ բուժքրոջ մահվամբ և դրա հետ կապված վախերով:
«Արդեն 10 օր է, 2 շաբաթ, շատ արագ Ախալցիխեում և շրջանի այլ մունիցիպալիտետներում ավելացել է պատվաստվել ցանկացողների թիվը: Ջավախքում խնդիրներ կային, ցանկացողների թիվը շատ քիչ էր: Երկրում օրական ավելի քան 25 000 մարդ է պատվաստվում, և մենք չունենք գոնե մեկ վտանգաբեր դեպք կամ անաֆիլակտիկ շոկ», – նշել է նահանգապետը:
Հանդիպումից առաջ նահանգապետը և նախարարության ներկայացուցիչներն այցելել էին Ախալքալաքի և Նինոծմինդայի կլինիկաներ, որտեղ պատվաստումներն են կատարվում: Նույն տեղեկատվական հանդիպումները տեղի կունենան այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա և Փոկա գյուղերում: