Սամեբա գյուղում օրական 5-ից 7 երկրաշարժ է գրանցվում։ Այստեղի բնակիչներն արդեն սովորել են մշտական «օրորվելուն», բայց միևնույն է զգուշավորություն են ցուցաբերում և ամեն անգամ երեխաներին գրկած դուրս են վազում։

gyughi cucanak

Ինչպես բնակիչներն են նշում՝ գյուղում երկրաշարժեր միշտ էլ գրանցվել են, բայց ոչ այսպիսի հաճախականությամբ և ուժգնությամբ։ Ցնցումներն այս գյուղում սովորական երևույթ են դարձել, բայց եթե գիշեր է լինում, մեծահասակները երեխաներին գրկած շտապ դուրս են վազում: Ինչ իմանան երկրաշարժի ուժգնությունն ինչքան կլինի:

«Վերջին երկու ամիսը օրական երկուսից չորս անգամ՝ 4․2, 4․3 ուժգնությամբ երկրաշարժ է լինում։ Չի եղել այնպիսի օր, որ գոնե մեկ կամ երկու անգամ չլինի։ Երբ գիշերն է երկրաշարժ լինում, երեխաները հարցական հայացքով մեծերիս են նայում, թե ինչ պետք է անենք, մենք նրանց համար ենք վախենում», – ասում է Սամեբայի բնակիչ Գագիկ Մարկոսյանը։

ացհօնա

zhoghovurd

Տիկին Լիդայի խոհանոցում երկրաշարժն իր օրենքներն է թելադրել՝ այստեղ պահարանները դատարկ են, իսկ սպասքեղենը գետնին է շարված, որպեսզի ստորգետնյա ցնցումների ժամանակ չջարդվեն:

«Ապահովության համար տան եղած-չեղած ամանեղենը գետնին եմ դասավորել», – ասում է Լիդա Նաթենաձեն։


Սամեբայում անխտիր բոլոր տների պատերը ճեղքեր ունեն:

Մարդիկ մտածում են՝ ստորգետնյա ցնցումները ակտիվացել են, որովհետև Հայաստանն ու Վրաստանը միասին թունել են կառուցում:

«Ես այսպիսի երկրաշարժ չեմ տեսել, հողը, գետինը ներքևից շարժվում է, սակայն ջահը տեղից չի շարժվում։ Ինձ թվում է Հայաստանի կողմից հայերն են փորում, մեր կողմից՝ մենք: Մտածում եմ, որ Հայաստանն ու Վրաստանը թունել են կառուցում», – կես կատակ, կես լուրջ ասում է Լիդան։

Եթե նախկինում երկրաշարժի ժամանակ Սամեբայում երեխաներին գրկած խուճապահար դուրս են փախչել, հիմա հակառակը բոլորը հանգիստ իրենց գործն են շարունակում և փորձում գուշակել ցնցումների ուժգնությունը:

gyughaci

«Ֆերմայում կովերին էինք կթում, զգացինք, որ աթոռները շարժվում են: Մի պահ բոլորը ուզում էին դուրս գալ ֆերմայից, բայց ես ասացի, որ գործերս ավարտենք, հետո դուրս գանք: Կարծես առաջին անգամ է, օրը մի քանի անգամ լինում է, սովորական բան է», – ավելացնում է Լիդան:

Այստեղ գիտեն, երբ է երկրաշարժ լինելու: Իմեդա Նաթենաձեն իր սեփական հետաքննությունն է արել, և պարզել, թե երբ և որտեղից սպասել ցնցումների։ Եթե քամին փչում է Հայաստանի կամ Թուրքիայի կողմից, ուրեմն նվազագույնը տաս րոպեից երկրաշարժ է սպասվում:

«Տեսեք հիմա արդեն քամի է, եթե քամին Ախալքալաքի կողմից է, ապա վնաս չկա: Իսկ, եթե քամին Հայաստանի կամ Թուրքիայի կողմից է փչում, ուրեմն երկրաշարժ է լինելու: Ինչքան քամին ուժեղ եղավ, այդքան ուժգին կլինի երկրաշարժը։ Երբ երկրաշարժ է լինում, շատ բարձր ձայն է գալիս, այն տպավորությունն է, որ գազի խողովակ է տրաքվում»,- ասում է նա:

pati jaq

Երբ Jnews-ի նկարահանող խումբը գտնվում էր Սամեբայում արդեն քամի էր: Գյուղից չէինք հասցրել դուրս գալ, երբ հերթական երկրաշարժը գրացվեց՝ 4 բալ ուժգնությամբ:

Մի քանի տարի առաջ են Նաթենաձեները Վարձիայից տեղափոխվել Սամեբա: Հիմա, երբ գյուղում հաճախակի է երկրաշարժ լինում, նրանք չեն պատրաստվում որևէ տեղ գնալ, քանի որ այստեղ է իր տունը։

Գյուղի հարևանությամբ Մադաթափա լիճն ու նույնանուն լեռն են, իսկ գյուղից ոչ մեծ հեռավորության վրա է գյուղացիների բարբառով «Քըլ գլոխ» լեռը: Բնակիչների կարծիքով, հաճախակի երկրաշարժերի պատճառը հենց այդ լեռները կարող են լինել, որոնք աստիճանաբար հրաբխի են վերածվում:

natenadzener

ler

Գայանե Ակոջյան