Այսօր, աշխատանքային այցով Ջավախքում էր Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը: Նա հանդիպումներ ունեցավ Ախալցիխեի և Ախալքալաքի պաշտոնյաների հետ կապված ապրիլի 23-24-ին Ախալցիխեում կատարված դեպքերի հետ:
Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը դռնփակ հանդիպումներ ունեցավ տարբեր հայ և վրացի պաշտոնյանների հետ: Դեսպանը չցանկացավ անձամբ մեկնաբանություն անել հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ հավելելով՝ «վաղը դեսպանությունը հայտարարություն կտարածի այսօրվա հանդիպումների մասին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-24-ին, ըստ երիտասարդների, Ախալցիխե քաղաքի ոստիկանության շենքում ոստիկանները ծեծել էին հայ երիտասարդներին և անհարգալից արտահայտություն արել Հայոց Ցեղասպանության զոհերի հասցեին: Իսկ մայիսի 3-ին Ախալցիխե այցելեց Վրաստանի Ներքին Գործերի նախարարը: Նախարարի այցին հաջորդեց Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի հայտարարությունը, որը հերքում է ոստիկանության կողմից իրականացրած բռնություններն ու ճնշումները:
Աղունիկ Այվազյան