Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանը հայտարարություն է տարածել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի պատվաստման մասին: ՎՈՒԵ-ից հայտարարում են, որ Եկեղեցու առաջնորդի դիրքորոշումը չի կարող վճռորոշ գործոն հանդիսանալ հավատացյալների համար:
«Պատվաստման նկատմամբ այս կամ այն հոգևորականի ո՛չ դրական, ո՛չ բացասական վերաբերմունքը չի կարող օրինակ ծառայել, քանի որ սա բժշկական ոլորտի մի մասն է, որը պահանջում է անհատական մոտեցում և մեր իրավասություններից դուրս է»:
Պատրիարքարանից նշում են, որ ճիշտ ընտրություն կատարելու համար մարդկանց պետք է օգնեն համապատասխան ոլորտի մասնագետները:
«Պատվաստումը պետք է լինի կամավոր, իսկ պատվաստման կամ չպատվաստման դեպքում չպետք է լինի հարկադրանք, կամ միմյանց դատապարտելու և վիրավորելու արտահայտումներ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ համավարակի ժամանակ բոլորը պետք է հետևեն կանոնակարգերին»:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ՎՈՒԵ-ն բարձր է գնահատում բժշկության տված օգուտները մարդու առողջության համար, բայց չի կարող պատասխանատվություն ստանձնել պատվաստումը քարոզելու համար, քանի որ դա բուժաշխատողների իրավասությունն ու պարտականությունն է: