Մոսկվան պատրաստ է վերականգնել Թբիլիսիի հետ երկկողմ հարաբերություններն այն աստիճան, որքան պատրաստ է վրացական կողմը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

«Ռուսաստանը երբեք Սաակաշվիլիի հանցավոր ռեժիմը չի նույնացրել Վրաստանի ժողովրդի հետ: Մենք պատրաստ ենք վերականգնել մեր պետությունների հարաբերությունները այնքանով, որքանով դրան պատրաստ է վրացական կողմը: Հուսով ենք, որ ողջամտությունը կհաղթի, և Թբիլիսին և մեր վրացի գործընկերները կսկսեն հարաբերություններ կառուցել հարեւանների հետ՝ հաշվի առնելով շահերի հավասարակշռությունը», – ասել է նա:

Բիկանտովի հայտարարությանը հաջորդեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի անդամների համատեղ ուղերձին, որը համընկնում էր ռուս-վրացական պատերազմի 13-րդ տարելիցի հետ: Էստոնիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները Ռուսաստանի գործողություններն որակում են անօրինական և կոչ են անում Մոսկվային «անհապաղ դուրս բերել զինված և անվտանգության ուժերը, ինչպես նաև չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը»:

Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարություն արած երկրները դրանք անվանել են «Թբիլիսիի արտաքին համակարգողներ»: Բիկանտովը նրանց խորհուրդ տվեց «խթանել Թբիլիսիի վերականգնվելուն և պահպանել հավասար և փոխադարձ հարգալից երկխոսություն» Սուխումիի և Ցխինվալիի հետ` «իրականությունից կտրված թեզերը քանդելու» փոխարեն: Ռուս դիվանագետի մեկ այլ խորհուրդն էլ այս երկրներին՝ «Հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի` Վրաստանում վերաինտեգրման անհեռանկարային ուղուց»:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Բիկանտովի հայտարարությունը, ասել է, որ «Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող»:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան կարմիր գծեր, որևէ դիվանագիտական ​​հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող, բայց ինչ վերաբերում է առևտրատնտեսական և մարդասիրական հարցերին, ապա դրա շուրջ միշտ եղել են որոշ քննարկումներ, և այդ քննարկումները հնարավոր է շարունակել: Սա տնտեսական խնդիր է, հարյուր հազարավոր մարդիկ, մեր քաղաքացիները ապրում են Ռուսաստանի Դաշնությունում և, բնականաբար, սա նրանց համար հետաքրքիր հարց է: Ժամանակին ընդդիմությունն ամեն ինչ արեց մեր քաղաքացիների համար խնդիրներ ստեղծելու համար», – ասել է Կոբախիձեն:

Նա հավելել է, որ վրաց-ռուսական հարաբերությունների հարցում իշխող թիմի քաղաքականությունը «շատ հստակ» է, և այն սահմանափակված է «կարմիր գծերով»:

«Մենք ունենք շատ հստակ քաղաքականություն այս հարցում: Կան կարմիր գծեր, որոնք կապված են օկուպացիայի հետ, որոնք կապված են մեր արևմտյան ինտեգրման հետ: Այս կարմիր գծերի շրջանակներում, իհարկե, ընդհանրապես ամեն ինչ կարելի է քննարկել: Սա նշանակում է, որ կարմիր գծերը չեն լինի հատված, չեն հատվի: Իսկ մնացածը տեսնենք, թե ինչի մասին է խոսքը», – ասել է Իրակլի Կոբախիձեն:

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունները: Նրա կարծիքով, երկրի իշխանությունները «պետք է անեն ամեն ինչ, որպեսզի օկուպացված տարածքները վերադարձվեն»:

«Կարևոր է կարգավորել հարաբերությունները բոլորի հետ, բայց ներկա իրականության մեջ, երբ մեր տարածքների մեծ մասը օկուպացված է, դա լուրջ խնդիր է մեր երկրի և ժողովրդի համար: Կարծում եմ, որ այս երկրում յուրաքանչյուր մարդ նույնն է մտածում, երբ այլ երկրի զորքերը գտնվում են քո երկրի օկուպացված տարածքներում, դա ծանր է: Մենք պետք է ամեն ինչ անենք, պարզ է, որ դա կարող է տեղի ունենալ բանակցությունների միջոցով կամ այլ կերպ` այդ տարածքները վերադարձնելու համար», – ասել է Կալաձեն:

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններն ընդհատվեցին Թբիլիսիի նախաձեռնությամբ՝ 2008-ի օգոստոսին՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Ցխինվալիի անկախության ճանաչման: Պատերազմից հետո Ռուսաստանը լրացուցիչ զորքեր և զենք փոխանցեց Վրաստանի այս երկու շրջաններում գտնվող իր ռազմաբազաներին:

Աշխարհի բոլոր պետությունները, բացառությամբ Վենեսուելայի, Նիկարագուայի, Նաուրուի և Սիրիայի՝ Աբխազիան և Հարավային Օսիան համարում են Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածք: