Բաքվի Հազարի շրջանի ոստիկանական բաժանմունքում ֆեմինիստ ակտիվիստներին ծեծի են ենթարկել:
Ոստիկանները ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանության շենքի մոտ՝ վերջին ամիսներին Ադրբեջանում կանանց ավելի հաճախակի սպանությունների դեմ խաղաղ ցույցի ընթացքում:
«Միայն հուլիսին երկրում սպանվել է ինը կին: Նրանք բոլորը վիրավորվել կամ խեղդամահ են արվել իրենց ամուսինների կամ իրենց ընտանիքների այլ տղամարդկանց կողմից», – ասել է ձերբակալված ակտիվիստ Գյուլնարա Մեհթիեւան, որը նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության կողմից եւ ոստիկանների կողմից ենթարկվել ֆիզիկական բռնության:
Մի քանի օր առաջ մի խումբ ֆեմինիստներ Ադրբեջանի ՆԳՆ շենքի մոտ են տարել սպանված կանանց անուններով խորհրդանշական դագաղ:
Նոր հանրահավաքի պատրվակ է դարձել 23-ամյա Սևինջ Մահարրամովայի սպանությունը, ով դիմել էր ոստիկանությանը՝ դաժանաբար բռնություն գործադրող ամուսնուց պաշտպանելու նպատակով: Ոստիկանությունը նրա ամուսնուն չէր ձերբակալել, ինչի արդյունքում մայիսի 4-ին Սևինջը սպանվել էր սեփական ամուսնու կողմից:
«Սևինջի ամբողջ մարմինը արյունազեղված էր: Ամուսինը նրան ծեծում էր երեխաների աչքի առաջ: Մենք նույնիսկ չկարողացանք հասնել նրան, որ երեխաներին խլեին նրանից, ով ամուսնալուծությունից հետո թույլ չէր տալիս մորը տեսնել իր երեխաներին: Նա երկար ժամանակ շահարկում էր երեխաներով` նախկին կնոջը վերադարձնելու նպատակով», – ասում է Մեհթիեւան:
Ոստիկանական ուժերի ձեռքից տուժել են նաև ֆեմինիստներ Նարմին Շահմարզադեն, Սևգի Իսմայիլբեյլին և այլք: Ակտիվիստները կարծում են, որ այդ բռնությունները «նախաձեռնված» չեն ոստիկանության կողմից, նրանք տեղի ունեցող իրադարձությունները համարում են «քաղաքական ակտ, ինչպես և ֆեմիցիդն Ադրբեջանում»: