Այսօր՝ օգոստոսի 1-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում տեղի ունեցավ հայ մեծանուն քնարերգու Վահան Տերյանի տուն թանգարանի արդիականացված ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը:

DSC_2263

Մեկ տարի առաջ Գանձայում Տերյանական օրերի շրջանակներում անցկացվող միջոցառման ժամանակ «Ջավաքին աջակցություն» հիմնադրամը հայտարարեց, որ ստանձնում է պոետի տուն-թանգարանի նորոգման աշխատանքների կատարումը: Այսօր արդեն այն իրականություն է: ՋԱՀ-ի նախաձեռնությանը միացել ու աջակցել են բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ. «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ, ZRDA ACTIVITY IN GEORGIA, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սոս Սահակյան, Վաղարշակ Փիլոսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Պավլիկ Մարգարյան, Տաճատ Վարդապետյան, Արմեն Մկոյան, Արմեն Ղարսլյան, Արարատ Անտոնյան, Ազիբեկ Սահարյան, Գրիգոր Տաշչյան, Գրիգոր Քեթցյան, Գևորգ Էմին-Տերյան, Դավիթ Մկոյան, Թումաս Չիվչյան, Համլետ Շահբեկյան, Հասմիկ Սարգսյան, Պարույր Պալյան, Ռաֆիկ Իսրայելյան, Սամվել Մկոյան, Վաղարշակ Մեյրոյան և այլոք:

Դիզայներական ժամանակակից լուծումներով, եռաշերտ ցուցասրահի բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից ու Վրաստանից, գրականագետներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, երգիչներ և պարզապես Վահան Տերյանի ստեղծագործությունների սիրահարներ:

DSC_2312

Հայաստանի հանրապետության Մշակույթի փոխնախարար Արայիկ Խզմալյանը ելույթի իր խոսքում ասաց. «Չափազանց կարևոր է, որ մշակույթի մեր կրտսեր սերնդին՝ պատանիներին, երիտասարդներին Տերյանի ստեղծագործությունները ներկայացվի արդիական եղանակներով: Որովհետև մշակույթի մասին ևս պետք է խոսել հետաքրքիր, մշակույթը պետք է ներկայանել հետաքրքիր: Մեր խնդիրն է՝ այն գեղեցիկ միջավայրը, որը համալրվելու է հետագայում և արդիական մեթոդներով է գործելու լցվի նոր բովանդակությամբ: Նախարարությունը ՋԱՀ-ի հետ քննարկում է հետագա ծրագրերը: Առաջիկայում մեծ հույս ունեմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նաև ամրակայել և նորոգել այս հուշային կոթողը: Եվ այս կառույցն իսկապես կդառնա՝ ինչպես լայն ցուցադրական տարածք, այնպես էլ ուշագրավ զբոսաշրջային միջավայր»:

Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի ճարտարապետներն են Հովհաննես Մութաֆյանն ու Շահանե Գևորգյանը, իսկ ցուցասրահի արտաքին և ներքին ձևավորման կոնցեպտի հեղինակները գրականագետ Անի Եղիազարյանն ու նկարիչ Մկրտիչ Մաթևոսյանն են:

DSC_2284

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրղյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել ցուցասրահի վերականգնման գործում:

«Թմբիրից հետո, այսօր Գանձացիները, մեր շրջանը կարծես զարթնել է: Այսօր առիթ ունենք ողջունելու Ձեզ, որովհետև միասին տոնում ենք մի շատ կարևոր տոն: Շնորհավորում եմ բոլորիս: Սա այն տունն է, որն արդեն 37 տարի, տարին մեկ անգամ ամբողջ Ջավախքը հավաքվում է Գանձայում և տոնում Տերյանական օրը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր թեկուզ մի լումա ներդրում են կատարել և հնարավորություն ստեղծել Տերյանի թանգարանի նորաոճ ներկայացմանը»,- ասաց Սմբատ Կյուրեղյանը:

DSC_2283

Վահան Տերյանի տուն-թանգարանի նախկին վիճակի մասին կարող եք ծանոթանալ JNEWS-ի «Վահան Տերյանի հայրական տունը փլուզման եզրին» վերտառությամբ հրապարակման մեջ:

Գանձայում օգոստոսի 1-ն արևոտ էր բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: Բոլորը հիացած են, և հուսով են, որ ժամանակակից և հետաքրքիր լուծումներով վերականգնված ցուցասրահը այցելուների պակաս չի ունենա:

DSC_2359

ՋԱՀ-ի հիմնադիր նախագահ, բարերար Սոս Սահակյանն իր խոսքում ասաց, որ թանգարանը վաղուց սպասում էր հոգատար ձեռքի և դա պատահականորեն չստացվեց:

«Անմիջապես սրանից հետո կանցնենք Վահն Տերյանի տան, հուշային մասի վերականգնմանը: Կոնրետ ժամկետ չնշեմ, բայց հույս ունեմ, որ առաջիկա երկու տարում կկարողանանք կրկին այստեղ հավաքվելու»,- ասաց Սոս Սահակյանը:

DSC_2365

Նշենք, որ Վահան Տերյանի տուն-թանգարանը գործում է 1957 թվականից, սակայն մինչ այս որևէ լուրջ վերանորոգման չէր ենթարկվել: Եղել են մասնակի, հատվածային վերանորոգումներ, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել:

Թանգարանի համալիրի մեջ է մտնում Սուրբ Կարապետ եկեղեցին, որ 1852 թվականին կառուցել է Տերյանի պապը՝ տեր Գրիգորը։

DSC_2397