Հունիսի կեսերից սկսած Ագանայի կանայք ինչպես իրենք են ասում՝ գնում են «գետնի թութ» հավաքելու։ Ընդամենը երկու ժամում մի դույլ գետնամորի են հավաքում: Ավանդական կոմպոտն ու մուրաբան ձմռանը ջավախքցիների սեղաններից անպակաս է:

agana

Գետնամորի հավաքելու և կոմպոտ փակելու ավանդույթն Ագանայում սկեսուրներից հասել է հարսներին։ Ամեն ամառ «մըյլի» կանանցով հավաքվում գնում են սարեր՝ «գետնի թութ» հավաքելու։

«Ամեն տարի գալիս ենք թութ հավաքելու, ամաններով հավաքում ենք, ինչքան մեզ պետք է, երկու ժամում մի աման հավաքեցի», – պատմում է տիկին Անահիտը։

Անահիտ Օգանեսյանը գետնամորի հավաքելու և կոմպոտ անելու ավանդույթը տեսել է դեռ իր մայրիկի խոհանոցում, հետո՝ սկեսրոջ, ինքն էլ ցանկանում է, որ իր հարսները նույնպես շարունակեն պատրաստել կոմպոտ։

«Մենք իմ հայրական գյուղում՝ Ալաթումանում էլ էինք հավաքում, հետո հարս եկա Ագանա, տեսա այստեղ նույնպես հավաքում են: Հարսներով գալիս հավաքում ու կոմպոտ ենք փակում: Մեր տղամարդիկ շատ են սիրում գետնամորու կոմպոտը, շատ առողջարար է, մաքուր վիտամին է», – հավելում է տիկին Անահիտը:

manuk

Դեպի գետամորի տանող ճանապարհը քարքարոտ է ու դժվարանցանելի, սակայն այն հավաքելու և ուտելու քաղցրությունից այդ դժվարությունները հեշտ հաղթահարելի են։

aganayi sarer

Գետնամորին վայրի ելակ է, որն աճում է սարերում, քարերի մեջ, թփերի տակ։ Ջավախքի տարբեր գյուղերում այն տարբեր անվանում ունի՝ «չիգըլըկ, «չիկալակ» «վայրի կլուբնիկա», «մոլ», «գետնի թութ», «մորմենի», «սարի թութ», «չիլա» և այլն։

Անահիտ Օգանեսյանը նշում է, «գետնի թութ» հավաքելը ոչ միայն հեշտ, այլև հաճելի գործընթաց է։

«Շատ հեշտ է հավաքվում, այս սիրուն բնության մեջ ոչ մի դժվարություն նկատելի չէ։ Ուրախ-զվարթ խոսում ու հավաքում ենք, հետո կոմպոտ ենք փակում, որ ձմռանը խմենք: Ռուսաստանից, Հայաստանից հյուրեր ենք ունենում, բացում քաղցր-քաղցր հյուրասիրում ենք», – ասում է Անահիտը։

erexan

Գետնամորիով նաև մուրաբա են պատրաստում: Ի տարբերություն կոմպոտին, մուրաբան պատրաստում ու ուղարկում են Ռուսաստանում կամ Հայաստանում բնակվող հարազատներին։

Jnews-ի նկարահանող խումբը ներկա գտնվեց գետնամորու հավաքման և պահածոյացման գործընթացին։

banka

Գայանե Ակոջյան