Ախալքալաքի շրջանի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար է նշանակվել երկրորդ կուրսի մագիստրանտ, նախկինում բանկի վարկային էքսպերտ, 24-ամյա Թերեզա Չիվչյանը:

Թերեզա Չիվչյանը ծնվել և մեծացել է Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղում: Բարձրագույն կրթություն է ստացել Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան համալսարանում: Մասնագիտացումը՝ տուրիզմ և բիզնես ադմինիստրացիա, ինչպես նաև հասարակական առողջապահություն, այժմ երկրորդ կուրսի մագիստրանտ է: Թերեզա Չիվչյանը նախկինում աշխատել է FINCA բանկում, որպես վարկային էքսպերտ, հիմնական աշխատանքին զուգահեռ մասնակցել է նաև ոչ կառավարական կազմակերությունների մի քանի ծրագրերի: 24 տարեկան է, տիրապետում է 5 լեզուների:

Մայիսի 10-ից Թերեզան անցել է իր պարտականությունների կատարմանը: Աշխատանքային առաջին շաբաթվա ընթացքում հասցրել է ծանոթանալ դպրոցների տնօրենների հետ:

«Ժողով եմ անցկացրել տնօրենների հետ, ինքս այն վարել եմ երկու լեզվով, որը ծանոթական բնույթ էր կրում: Կրթությունից է սկսվում ամեն ինչ, եթե այն ճիշտ հիմքերի վրա լինի, ճիշտ ուղղությամբ զարգանա, աշխատանքը ճիշտ կազմակերպվի, համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է լավ արդյունք գրանցել», – ասաց Ախալքալաքի շրջանի կրթական ռեսուրս կենտրոնի նոր ղեկավարը:

Վերջինս պլանավորում է առաջիկայում այց կատարել շրջանի 65 դպրոց և տեղում ծանոթանալ յուրաքանչյուր դպրոցի խնդիրներին:

«Չնայած արդեն որոշ դպրոցներ ներկայացրել են իրենց խնդիրները: Դրանք այնպիսի խնդիրներ չեն, որոնք լուծում չունեն, եթե կա խնդիր, ուրեմն կունենա նաև լուծում: Ես կոնկրետ այցեր կկատարեմ դպրոցներ, կգրանցենք յուրաքանչյուր խնդիր, թե որ դպրոցն ինչ խնդիր ունի և մաքսիմալ կաշխատենք այդ ուղղությամբ»,- եզրափակեց Թերեզա Չիվչյանը:

Նշենք, որ դեռևս 2016 թվականի մարտի 21-ին, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Նառցիս Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու համար: