Ամեն տարի Ախալքալաքում բարձրահարկ շենքերը մնում են առանց ջրի կամ ջուրը հոսում է այնպիսի շիթով, որ ջեռուցումը չի աշխատում: Պատճառը Ախալքալաքի շրջանում ոռոգման սեզոնն է:
Արդեն երրորդ օրն է, ինչ քաղաքի բարձրահարկ շենքերում կա՛մ շատ ցածր ջրահոսք է, կա՛մ ջուրը վերին հարկեր ընդհանրապես չի հասնում և վերնահարկում ապրող մարդիկ ջուր չունեն:
«Պատճառն այն է, որ Աբլարից ջուրը հոսում է նաև ջրանցքներով: Քաղաքում՝ բակերում, որտեղ ինչ-որ բան են ցանում, անընդհատ ջուրը միացնում են ոռոգման համար: Սա է պատճառը: Մեզ մոտ վթարներ չկան, որպեսզի վերացնենք այն: Մարդիկ պետք է հաշվի առնեն դա, որ իրենց այգին ոռոգելու պատճառով ուրիշները մնում են առանց խմելու ջրի: Նրանք պետք է հասկանան, որ անհրաժեշտ է ոռոգել այլ ժամանակ, օրինակ` գիշերը», – ասում է Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգիի Վախթանգիշվիլին:
Հիմնականում խնդիրը հայտնվում է այն պատճառով, որ շոգ եղանակին անհրաժեշտ է ոռոգել բերքը, իսկ քաղաքի խմելու ջրագիծը սկսվում է Աբլար կոչվող տեղանքից և անցնում Կուլիկամ գյուղով, ապա Բավրայով և այլն:
«Հիմա այնպես չէ, որ դաշտերը ոռոգվում են այս ջրով: Մենք տեղում եղել ենք, ինչպես Կուլիկամում, այնպես էլ Խուլգումոյում: Նրանք դաշտերը ոռոգում են հատուկ ջրագծերով: Բայց Կուլիկամ գյուղում էլ, քաղաքում էլ կան տներ, որտեղ ջուրը միշտ հոսում է: Այս գործոնները վերադրվում են, և ընդհանուր, ջրի ճնշումն ընկնում է: Ճնշումը կարող է մեծացնել Աբլարում՝ պտուտակները ամբողջությամբ բացելով: Դրանից ջուրը հոսում է ամբողջությամբ և ցրվում է քաղաքում: Ճնշումը բարձրացված է որքան հնարավոր է», – ասում է Գիորգի Վախթանգիշվիլին:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետի, այս խնդիրն անցնում է մեկ տարուց մյուսը, լուծում չկա: Քաղաքապետարանը բնակիչներին խնդրում է համբերել մինչ ոռոգման սեզոնի ավարտը:
«Այս ջուրը մեզ կբավարարեր, ուղղակի այս ամսվա ընթացքում՝ հուլիսից սկսած ընդհուպ օգոստոսի 15-20-ը, ամեն տարի մենք ունենում ենք այս խնդիրը: Կան գյուղեր, որտեղ նույնիսկ մի կաթիլ ջուր չի հասնում: Երեկ Դիլիսկա գյուղից մարդիկ եկել էին բողոքով: Ոռոգման ջուրը բացում են ամեն տարի, և ամեն տարի մենք բախվում ենք այս խնդրին: Այլընտրանք չկա, ծրագրերում չկա: Մեր քաղաքի համար պետք է լինի բավարար քանակությամբ ջուր: Մենք տեղ չենք կարողանում գտնել, վերահսկումն անցկացնում է ջրմուղը: Երեկ մենք զրուցեցինք նրանց հետ, բոլորին ուղարկեցի ստուգման, այդ անցքերն արված են այնպես, որ անհնար է գտնել և տեսնել, թե որտեղ են դրանք», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Գյուղատնտեսության հարցերով փորձագետ Մախարե Մացուկատովի խոսքով՝ այս խնդիրը սկիզբ է առել կոմունիստների ժամանակներից, երբ անց է կացվել ջրագիծը: Այնուամենայնիվ, այն կարելի է լուծել, միևնույն ժամանակ՝ ապահովելով ֆիլտրացված խմելու ջուր անհրաժեշտ պաշտպանության միջոցներով: Դա կլուծի հարցը տարբեր համավարակների և հիվանդությունների հետ, որոնք փոխանցվում են ջրի միջոցով:
«Այն ժամանակ, քանի որ ջուրը մատակարարվում էր Կուլիկամ գյուղով, նրանք այնպես արեցին, որ բոլոր գյուղացիները անցքեր բացեն այս ջրատարի վրա՝ դաշտերը ոռոգելու համար: Եվ հիմա, երբ ոռոգման սեզոնը սկսվում է, բոլորը պտուտակները բացում են, և ջրի ճնշումը, այսինքն` ջրահոսքը նվազում է: Հետևաբար, մինչ Ախալքալաք ջուրը լավ չի հասնում: Այստեղ արդեն հարց է առաջանում, թե արդյոք այս բոլոր անցքերը պետք է փակվեն՝ ինչը գյուղացիները թույլ չեն տա, քանի որ ջուրը լուծում է նրանց ոռոգման խնդիրը: Այս խնդիրը լուծելու երկու ելք կա: Անցկացնել առանձին ջրագիծ` ուրիշ համակարգով, այնպես, որ կամ դաշտերով չանցնի կամ վերահսկվի, որպեսզի ոչ ոք ձեռք չտա այս գծին: Համակարգի միջոցով այս հողերը ոռոգման ջրով ապահովելու մեկ այլ ելք էլ կա, բայց երկրորդ տարբերակի համար անհրաժեշտ է հետազոտություն անցկացնել, թե ինչպես դա անել, և ընդհանրապես, դա հնարավո՞ր է: Թեև, ամենայն հավանականությամբ, ավելի լավ է այս ջրագիծը թողնել ոռոգման համար և քաղաքի համար կառուցել նորը: Բայց մյուս կողմից, ավելի լավ կլինի նոր ջրագիծ կառուցել, ինչո՞ւ քանի որ այս ամբողջ ջրագիծը գալիս է ասբեստե, չուգունե, երկաթե խողովակներով, տարբեր ժամանակներում այդ խողովակները փոխվել են մի շինանյութից մյուսը», – ասում է Մախարե Մացուկատովը:
Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2010 թ. հուլիսին ընդունված բանաձևի` յուրաքանչյուր ոք՝ անձնական և կենցաղային կարիքների համար (օրական 50-ից 100 լիտր մեկ անձի համար), իրավունք ունի բավարար քանակությամբ ջրի հասանելիության: