Ի՞նչը Վրաստաում հանգեցրեց հուլիսի 5-6-ը բռնության, որտե՞ղ են գնում այս խնդրի արմատները և ու՞ր կարող են դրանք տանել: Ինչպիսի՞ն է եկեղեցու դերն այս գործընթացում, ո՞վ է հատնվում բռնարար խմբերի կողքին և բազմաթիվ այլ հարցեր Jnews.ge-ն քննարկել է Վրաց-ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների մասնագետ, պրոֆեսոր Գիորգի Գաբրոնիձեի հետ:

– Հուլիսի 5-6-ը տեղի ունեցած բռնությունները կարծես ավարտվել են, բայց դա միանգամյա գործողություն չէր, այն ցույց տվեց հասարակությունում խնդրի շատ ավելի խորքային արմատները: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ դա ապագայում:

Այս մարդիկ չեն ներկայացնում այսպես կոչված ազգայնականներին: Այս մարդիկ չեն ներկայացնում այսպես կոչված պահպանողականներին: Նրանք ծայրահեղ աջակողմյան պոպուլիստներ են և վերջ, այստեղ կարելի է վերջակետ դնել: Քանի որ գործ ունենք ծայրահեղ աջ պոպուլիզմի և քաղաքական ծայրահեղականության հետ: Խնդիրն ամենևին էլ այսպես կոչված սեռական փոքրամասնությունների մեջ չէ: Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է:

Վրաստանում սեռական փոքրամասնությունները հասարակության այն խավն են, որի դեմ շատ հեշտ է մոբիլիզացնել զանգվածի: Եվ նրանք, կարելի է ասել, մեր հասարակության ամենախոցելի բաղկացուցիչ մասերից մեկն են, այսինքն՝ եթե բռնություն է գործադրվում նրանց նկատմամբ, և այդ բռնությունը մնում է անպատիժ, սա արդեն ստեղծում է անպատժելիության համախտանիշ, որը կարող է խթանել նույն շարժումներն ընդդեմ այլ ներկայացուցիչների, իսկ ո՞ւր է դա տանում: Ահա, այսօր ինձ դուր չեն գալիս սեռական փոքրամասնությունները, վաղը՝ լրագրողները, ովքեր այլ կերպ են խոսում, և մենք ականատես եղանք, որ իրականում ոչ մի փրայդ տեղի չունեցավ, բայց հետո այդ խմբերի թիրախը դարձան լրագրողները, որոնք, ըստ նրանց, կեղծիք են տարածում: Մյուս կողմից, մենք կարող ենք ասել, որ եթե դա չպատժվի, ուրեմն ինչ-որ մեկին կարող է դուր չգան վրացի մահմեդականները, ապա նաև վիրահայերը, հետո Վրաստանի ադրբեջանցիները, ապա նաև Վրաստանի հրեաները կամ այլք: Եթե երկրում տիրի ատելության այդպիսի մթնոլորտ, ապա այդտեղ արդեն կարող է սկսվել տարբեր խմբերի օտարում: Այսօր հենց բռնության, արմատականության և քաղաքական ծայրահեղականության խրախուսումն է, որը նպաստում է մեր պետության հետագա թուլացմանը: Դա շատ լավ է, որ հետագայում Թբիլիսին ցույց տվեց, որ իրականում այդ մարդիկ վրացական հասարակության մեծամասնությունը չեն համարվում, այլ իրականում փոքրամասնություն են կազմում: Բնակչության 95%-ը չի ցանկանում հենց բռնություն, գուցե նրանց դուր չեն գալիս տարբեր սեռական փոքրամասնությունները և նրանք չեն ցանկանում փրայդ տեսնել մայրաքաղաքի կենտրոնական փողոցում, բայց մյուս կողմից, ոչ թե 95%-ը, այլ նույնիսկ 1%-ից պակաս է կազմում, ովքեր խրախուսում և ընդունելի են համարում նման մեթոդների օգտագործումը: Եվ դա մենք տեսնում ենք ըստ ընտրությունների արդյունքների:

– Այսինքն՝ ինչպե՞ս ենք մենք դա տեսնում ընտրությունների միջոցով:

Քանի որ կան երկու ծայրահեղ աջակողմյան կուսակցություններ՝ «Հայրենասերների դաշինք»-ը և «Վրացական քայլերթ»-ը: Եթե նախկինում «Հայրենասերների դաշինքը» հավաքում էր ընդհանուր ձայների մոտ 5%-ը, ապա այսօր նրանք այդ ձայները բաժանել են իրենց միջև: Այսինքն, մենք կարող ենք ասել, որ հենց այդպիսի կուսակցություններն են, որ իրականում մեծ ընտրազանգված չունեն: Հետևաբար, որքան շատ լինեն այդպիսի կուսակցությունները, այդքան քիչ ձայներ նրանք կվերցնեն, քանի որ հասարակության մի հատված կա, որը քվեարկում է այդպիսի անձանց օգտին: Եվ հենց Լեւան Վասաձեի հայտնվելը նաև, և այլն: Եթե մնացած կուսակցությունները նույնպես մասնակցեն այս ընտրություններին, ապա դա կավարտվի նրանով, որ ձայները կբաժանվեն, քանի որ վրաց ժողովրդի մեծամասնությունը չի կիսում նման մտքերը և կարծում է, որ բռնությամբ ոչ մի խնդիր չի կարելի լուծել:

– Ինչո՞ւ հասունացավ նման ագրեսիա, և ինչու՞ այն հետո ուղղվեց լրագրողների դեմ:

Նախևառաջ, կարող ենք ասել, որ ագրեսիա կար, քանի որ առաջնորդներն իրենք էին առաջարկում նման ծայրահեղական գաղափարներ: Քանի որ արմատականացման յուրաքանչյուր գործընթաց, անկախ այն բանից, թե դա ինչ հիմքով է ընթանում, ունի հետևյալ գործոնները.

Առաջինը գաղափարական կամ արժեքային գործոնն է: Այսինքն՝ արժեքները, գաղափարախոսությունն իրենք են դառնում են արմատական, դրանք բացառում են բոլոր մյուսները, իսկ եթե դու ինձ հետ չես, ուրեմն դու իմ թշնամին ես: Նրանք հետևում են այս տրամաբանությանը: Մյուս կողմից, կա նաև գաղափարական գործոն, քանի որ հոգևորական հասարակությունը, նրանց զգալի մասը, շատ բացասական դեր խաղաց այդ գործընթացներում:

Նաև առկա է մեկ այլ՝ տեղեկատվական գործոնը: Քանի որ տեղեկատվությունն այս մարդկանց հասնում էր աղավաղված, մինչ օրս դա այդպես է տեղի ունենում: Այն մարդիկ, ովքեր հիմնականում շփվում են այսպես կոչված բռնացող խմբերի ներկայացուցիչների հետ, նրանք հիմնականում տեղեկատվությունը ներկայացնում են այնպես, որ ի դեմս այդ փոքրամասնությունների ստեղծեն թշնամու կերպար:

Առկա է նաև տնտեսական գործոնը, քանի որ այդ մարդիկ, բացառությամբ Լեւան Վասաձեի և մի քանի առաջնորդների, չեն կազմում մեր բնակչության հարուստ մասը: Դրանք վատ ապրող մարդիկ են, որոնք որակյալ կրթություն նրանց համար շատ վատ հասանելի է: Երբ մենք խոսում ենք մեծամասնության ցանկության մասին, վստահ եմ, որ ոչ թե 95%-ը, այլ բնակչության 100%-ը ցանկանում է, որ Վրաստանը լինի բարեկեցիկ երկիր: Բայց չգիտես ինչու մենք այդպիսին չենք: Ուստի, եթե ինչ-որ մեկը ցանկանում է հաշվի առնել մեծամասնության գաղափարը, թող զարգացնեն երկիրը, առաջարկեն պետության կայուն զարգացման ծրագիր: Թող առաջարկեն տնտեսական ամրապնդման ծրագիր:

Այս բոլոր գործոնները միասին խաղացին այն կուտակված ագրեսիայի օգտին, ինչը հիմնականում գալիս է նրանից, որ Վրաստանում կենսամակարդակը այնքան էլ լավը չէ, նյութականացվեց արդեն հուլիսի 5-ին: Այնտեղ մի բան կար, ինչի համար մարդիկ գնում էին, որպեսզի ջղայնությունը թափեին: Նրանք իրենց ջղայնությունը դուրս թափեցին: Սա վրացական հասարակության բևեռացման փորձերի, հետագա արմատականացման և այլնի արդյունքն է:

– Թափ է հավաքում կարծիքն այն մասին, որ ՎՈՒԵ քահանաների կողմից իրականացված ագրեսիան դա արձագանքն էր Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անվան մանկատան հետ կապված իրադարձություններին:

Չեմ կարծում, որ դա ուղիղ բխում է այս գործոնից, բայց մյուս կողմից` ՎՈՒԵ-ի անունը շատ վարկաբեկվեց հասարակության մեջ: Ոչ թե այն, որ մարդիկ ավելի քիչ սկսեցին հավատալ Աստծուն կամ երես թեքեցին եկեղեցուց: Դա այդպես չէ, բայց միևնույն է, նույնիսկ հավատացյալների մոտ սկսեցին ծագել քննադատական հարցեր: Այսպիսով, մեր եկեղեցին հետևում է Բյուզանդական ավանդույթներին: Ուստի պետք էր, որ պատրիարքարանը ուժն ու ազդեցությունը ցույց տար: Այս առումով նրանք կարողացան ցույց տալ իրենց ուժը, այսինքն՝ օգտագործեցին այս հանրահավաքը, փրայդը՝ բոլորին ցույց տալու համար, որ նրանք կրկին, այսպես ասած, խոշոր խաղացողներն են վրացական քաղաքականության մեջ: Մյուս կողմից, ես կասեի, որ դա ուղղակիորեն կապված է այն փաստի հետ, որ ժամանակին մենք ստորագրեցինք կոնկորդատ, որով մենք գործնականում ուղղափառ եկեղեցին ներգրավեցինք քաղաքականություն: Որքան շատ կլինի այն քաղաքականության մեջ, այնքան քիչ կլինի այն եկեղեցում և կրոնում, և այդքան ավելի լուրջ կլինեն այն խնդիրները, որոնք մենք այսօր ունենք:

– Վերջին տարիներին սա երկրորդ անգամն է, երբ հոգևորականները ագրեսիվ են իրենց պահում սեռական փոքրամասնությունների նկատմամբ: «Աթոռների» հետ կապված իրավիճակը գործնականում կրկնվեց՝ վերափոխվելով: Արդյո՞ք դա տեղի չունեցավ այն պատճառով, որ նախորդ անգամ նրանք չպատժվեցին Վրաստանի օրենսդրությամբ:

Դա այն պատճառով է, որ պետությունը ոչ միայն ոչ մի միջոց չձեռնարկեց, այլև ընդհանուր առմամբ Վրաստանի վարչապետի պաշտոնն էր սխալական: Գործնականում այս փրայդը չանցկացնելու իր կոչով նա կանաչ լույս վառեց այն ծայրահեղականներին, ովքեր ջարդեր կազմակերպեցին քաղաքի կենտրոնում: Իսկ ինչ պետք է աներ պետությունը: Պետությունը պետք է հասկանա, որ առաջին հերթին կա սահմանադրություն, օրենսդրություն, կան միջազգային իրավական ակտեր, որոնք հիերարխիայով հետևում են սահմանադրությանը: Եվ ըստ այդ նորմերի՝ ինքնարտահայտման իրավունքը և խտրականության արգելքը, այսինքն՝ հակախտրական օրենքը: Իրականում, սա Վրաստանի Սահմանադրության մեջ ընդգրկված է: Սա, միայն վերցված, մարդու իրավունքներն են: Քանի որ անհատն ինքն ամենամեծ փոքրամասնությունն է: Պետությունը պարտավոր է պաշտպանել բոլորին: Պարտավոր է բոլոր խմբերին թույլ տալ արտահայտվել: Այնպես որ, եթե այս գործընթացը մնար սահմանադրական շրջանակներում, ապա այդ ծայրահեղ աջակողմյանները պետք է շատ նորմալ դիտեին դրան որպես այլընտրանքային ցույց և վերջ, բայց պետությունն այս առումով ցույց տվեց անհեռատեսություն և թուլություն:

Քրիստինե Մարաբյան