Վրաստանում հատկապես լավն է այս տարի հացահատկեղենի բերքը: Այս մասին հայտարարել է երկրի Գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին, ով ծանոթացել է Գորիի մունիցիպալիտետի Շինդիսի գյուղում (Շիդա Քարթլիի շրջան) ցորենի բերքահավաքի գործընթացին:
«Բերքահավաքն ակտիվ փուլում է: Կախեթիի և Քվեմո Քարթլիի շրջաններում բերքահավաքը սկսվում է միաժամանակ, ինչը բերքը հավաքելու և տեղաբաշխելու ընթացքում որոշակի դժվարություններ է ստեղծում՝ գյուղատնտեսական ժամկետները պահպանելու առումով: Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ պիկային ժամանակաշրջանն արդեն հետևում է, իսկ բերքի մեծ մասն արդեն տեղավորված է: Այս տարի հացահատկային մշակաբույսերի բերքը լավն է ինչպես որակական, այնպես էլ քանակական առումով», – ասել է Դավիթաշվիլին:
Նախարարի խոսքով, դա շատ առումներով կապված է «համակարգային լուծումների ու փոփոխությունների» հետ, ինչպես նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների ավելի լայն կիրառման հետ:
«Մեր ֆերմերները ձեռք են բերել նոր գիտելիքներ և փորձ: Նրանք գորածածում են ժամանակակից մոտեցումներ, իրականացնում են ցանքաշրջանառություն հողամասերի վրա, հոգ են տանում հողի բերրիության և բերքատվության մասին: Մենք կարող ենք արտադրել բարձր բերքատվությամբ և որակյալ հացահատիկային մշակաբույսեր, այդ թվում՝ ցորեն և գարի: Ըստ այդմ, մենք շարունակելու ենք ակտիվորեն աշխատել հացահատիկի սեկտորի զարգացման ուղղությամբ», – ասել է նա:
Մեկ տարվա ընթացքում Վրաստանը սպառում է 700-800 հազար տոննա ցորեն: Այսպիսով, հացահատիկի միայն 10%-ն է տեղական արտադրության: Մնացած մասը երկիրը ներմուծում է Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից: Մինչեւ վերջերս Ռուսաստանին բաժին էր ընկնում ներմուծման ավելի քան 80%-ը: Օրինակ՝ 2019 թվականին Վրաստանը մոտ 700 հազար տոննա ցորեն է գնել, որից մոտ 550 հազար տոննան՝ Ռուսաստանից։ Իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ տարվա սկզբին Ռուսաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ի սահմաններից դուրս հացահատիկի արտահանման սահմանափակումներ մտցրեցին: Վրաստանը մասամբ փոխարինեց ռուսական ցորենը ղազախական ցորենով: