Այսօր՝ հուլիսի 14-ին, Դիլիսկա գյուղում տեղի ունեցավ Դիլիսկա-Պտնա-Չունչխա ճանապարհի ասֆալտապատման նախագծի հանրային քննարկում: Տենդերը շահել է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն, ընթանում է փաստաթղթերի նախապատրաստման գործընթացը:

Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ քննարկմանը մասնակցում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների և պլանավորման ծառայությունների ներկայացուցիչները:

Վերականգնման նախագիծը հավաքվածներին ներկայացրեց քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Ռաֆիկ Աբաջյանը: Այժմ ընթանում է փաստաթղթերի նախապատրաստումը, հուլիսի 19-ը պայմանագրի պատրաստման վերջնաժամկետն է, հուլիսի 20-ին նախատեսվում է այն ստորագրել:

Քննարկումները գյուղում տեղի ունեցան գյուղացիների առաջարկները հաշվի առնելու համար:

Անվտանգության և հարմարավետության համար, հավաքվածների կողմից առաջարկվեց արդեն ասֆալտապատված ճանապարհի մի կողմում կառուցել մայթ, քանի որ նախագծով այն նախատեսված չի:

Ճանապարհը ընդլայնելու առաջարկ էլ հնչեց, սակայն գյուղացիներին ասացին, որ դա անհնար է տարածքի բացակայության պատճառով:

Նախագծից բացի, հավաքվածները հարցեր ունեին ճանապարհի արդեն ասֆալտապատ հատվածը նորոգելու վերաբերյալ: Ի պատասխան այս հարցի Նաիրի Իրիցյանն ասաց, որ փոսային նորոգման աշխատանքներն արդեն սկսվել են, քաղաքից հետո կսկսեն վերականգնել գյուղական ճանապարհները:

«Դիլիսկա-Պտնա-Չունչխա ճանապարհի նախագծում ոչինչ չի փոխվի, բայց գյուղացիները խնդրեցին մայթ կառուցել դեպի դպրոց տանող ճանապարհի երկայնքով, քանի որ վիճակը վատ է, այդ նախագծի համար մենք տեսնենք, թե որտեղից կկարողանանք լրացուցիչ միջոցներ ձեռք բերել, որպեսզի 150 մ. մայթ կառուցենք, քանի որ ճանապարհն առանց մայթի անվտանգ չէ, իսկ Դիլիսկա-Պտնա ճանապարհի նախագծում ոչինչ չի փոխվի », – ասաց քաղաքապետարանի պլանավորման և տնտեսագիտության ծառայության մասնագետ Վահան Բաթոյանը:

Նշենք, որ «Դիլիսկա-Պտնա-Չունչխա» ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների տենդերը 842 842 լարիով շահել է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն, նախնական 891 335 լարի գումարի դեպքում: Ճանապարհահատվածի երկարությունը 1150 մ է: