25-ամյա Սամվել Հովնաննիսյանի երազանքները ու կյանքը կանգ առավ նոյեմբերի 1-ին, նա ծառայում էր Ղարաբաղում, ավագ լեյտենանտ էր։
Սամվելը ծնվել է 1995 թվականին նոյեմբերի 7-ին, Ախալքալաքի շրջանի Ագանա գյուղում։ Ավարտել է տեղի հայկական միջնակարգ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել Երևանում։ Համալսարանն ավարտելուց հետո միանգամից անցել է ծառայության՝ Մարտակերտում։ Սամվելի ապագայի պլանների մասին տանը ոչ ոք տեղյակ չի եղել, որոշում է կայացրել և ընդունվել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Մայրը՝ Կարինե Կարոյանը լսելով որդու որոշման մասին, մտածել է, որ որդին չի կարողանա ընդունվել։
«Երբ դպրոցն ավարտեց, ասաց՝ ես գնալու եմ Վազգեն Սարգսյան, մենք մտածեցինք, որ նա չի կարող ընդունվել, սակայն գնաց ու իր ուժերով ընդունվեց։ Ես շատ էի ուզում, որ ինքը բժիշկ դառնար, շատ նուրբ էր, երկար մատներ ուներ: Ասում էի ձեռքերդ բարակ է, լավ ատամնաբույժ կլինես, դպրոցում լավ էր սովորում, ու շատերն էին նրան խորհուրդ տալիս, որ բժիշկ դառնար, բայց ինքն արդեն որոշել էր», – պատմում է Սամվելի մայրը։
Սամվելն իր տետրերում գրել է, որ երազել է ընդունվել Վազգեն Սարգսյան, և իր երազանքը կատարվել է։
«Շատ էր սիրում Ջավախքը, երբ արձակուրդ էր ունենում մի օր ավել չէր մնում Հայաստանում, գալիս էր և ինչքան կարող էր, երկար էր մնում, բայց գնալուց էլ չէր տրտնջում, մեծ ուրախությամբ ու սիրով էր հագնում զինվորականի համազգեստը: Սամվելս շատ էր սիրում իր գործը», – ասում է որդեկորույս մայրը։
Տիկին Կարինեն պատմում է՝ իր որդին շատ զուսպ ու հանգիստ անձնավորություն էր. «Շատ բարի էր, հանգիստ բնավորություն ուներ, ինքը որևիցե մեկից չէր նեղանում»։
Սամվելը նպատակներ ուներ՝ ամուսնանալ, ունենալ՝ աղջիկ և Երևանում իր սեփական տանիքը, սակայն պատերազմը սկսվում և կիսատ է թողնում ամեն ինչ:
Պատերազմել է 35 օր, Մարտակերտում, հրետանավոր է եղել, զոհվել է նոյեմբերի 1-ին, հենց այն դիրքում, որտեղ իրականացրել է մարտական գործողություններ։
Մայրը որդու զոհվելու լուրը լսում է որդու ծննդյան օրը՝ նոյեմբերի 7-ին, երբ լրանում էր որդու 25-ամյակը։ Բարեկամությունը հավաքվում և գնում է իրենց տուն, մայրը միանգամից հասկանում է։
«Ես պատերազմը սկսվելու ժամանակ մինչև կեսօր չգիտեի, որ պատերազմ է: Գնացել էի դաշտ մեր բարեկամին օգնելու, որ տուն եկա, հարևանի տղան ասաց՝ Ղարաբաղ պատերազմ է սկսվել, ասացի հնարավոր չէ ու տուն եկա, մտա համացանց ու տեսա, որ իրոք պատերազմ է սկսվել։ Ամբողջ ընթացքում խոսում էինք, եթե ես՝ չէ, ապա քույրս էր խոսում, նա Հայաստանում է ապրում, հետո ինձ զանգում ասում էր, որ խոսել է Սամվելիս հետ», – արցունքն աչքերում զսպելով պատմում է Սամվել Օգանեսյանի մայրը։
Վերջին անգամ մայրը որդու հետ խոսել է հոկտեմբերի 31-ին։
Չնայած պատերազմական իրավիճակին և դժվարություններին Սամվելը երբեք չի խոսել պատերազմի մասին, իսկ ծնողները գիտեին, որ ավագ լեյտենանտին շատ հարցեր պետք չէր տալ։
«Ես գիտեի, որ պետք չէր զանգել, եթե զանգում էի, չէի հարցնում, թե ինչ է անում, որովհետև, եթե ինչ-որ բան էլ ասեր, ապա ճիշտը չէր ասելու», – ավելացնում է Կարինե Կարոյանը։
Ինչպես մյուս զինծառայողները Սամվելը նույնպես, զանգահարել է տուն, երբ հարմար պահ է եղել, նաև զանգահարել է իր զինվորների ծնողներին։
«Ինքը միշտ ասում էր՝ մամ ջան լավ եմ, երբ ես զանգում էի, չէի լսում ոչ կրակոցի, ոչ պայթունի ձայն։ Երբեք չէի մտածում, որ կարող է այսպիսի բան լիներ», – ասում է Կարինեն։
Մարտական գործողությունների ժամանակ Սամվելը բեկորային վիրավորում է ստանում, բայց այդպես էլ չի հասցնում հիվանդանոց գնալ բեկորները հեռացնելու։
Երբ զոհվել է Սամվելի կապիտանը, նա նրա պարտականությունները ևս իր վրա է վերցրել, երբեք չի նահանջել։
«Մյուս որդուս ասել են, որ եղբայրդ երբեք չի նահանջել, ինչ ասել են, ասել է ես կգնամ, ասել են Սամո մի քիչ հանգստացի, նրան այնտեղ Սամո էին ասում, ինքը ամեն ինչում ասել է՝ ես կգնամ, ես կանեմ։ Նրա մահվան թղթերի մեջ գրված է, որ զոհվել է ԱԹՍ-ի կամ ավիացիաի հարվածից։ Նկարներ կան, որտեղ որ եղել է տղաս, ամբողջովին պայթած են այդ սարերը», – ասում է տիկին Կարինեն։
Սամվելի մայրը սկզբից ցանկացել է, որ որդուն հուղարկավորեն Եռաբլուրում, ինչպես մյուս հերոսներին, սակայն հետո փոշմանել է, և հիմա որդին հանգչում է իր հայրենի գյուղում։
«Այդ ժամանակ աշխարհից խռոված էի, մտածում էի, որ ճիշտ կլինի գյուղից գնալ, հիմա մտածում եմ, որ ճիշտը գյուղում մնալն էր։ Հիմա ամեն օր գնում ենք, մոմ վառում։ Մեր եռաբլուրը այստեղ է»։
Սամվելը նաև ստեղծագործել է, և գրի է առել իր կյանքի հետաքրքիր դրվագները: Նա գրել է իր ծնողների, եղբայրների և վերադարձի մասին։
Սևազգեստ մայրը մի ձեռքում պահում է որդու պատրաստած զարդատուփը, իսկ մյուսում՝ որդու գրած բանաստեղծությունը, որը կարդում է թաքցնելով արցունքները։
Սամվելի մայրիկը՝ տիկին Կարինեն
Ես անպայման գալու եմ,
Հորս ու մորս ամեն հարցում օգնելու եմ,
Ախպերներիս մեջքին կանգնելու եմ,
Թե պետք լինի, իրենց սաղի համար կյանքս տալու եմ։
Սիրում եմ քեզ մայրիկ,
Մի տխրիր,
Քո զինվորը տուն կգա․․․
Սամվել Հովաննիսյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, որն էլ հունիսի 3-ին Վրաստանում Հայաստանի դեսպանն անձամբ է փոխանցել ծնողներին։ Նրա ընտանիքին օգնել է «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամը: Մոր խոսքերով Հայաստանի կողմից ոչ մի ուշադրություն չի եղել։
Գայանե Ակոջյան