Վրաստանի խորհրդարանի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը», դադարեցնում է իր խորհրդարանական գործունեությունը: Այս մասին հայտարարել է պատգամավոր Խատիա Դեկանոիձեն: Ըստ նրա, կուսակցությունը մասնակցելու է միայն կառավարությանը անվստահություն հայտնելու, ինչպես նաև Սահմանադրության նոր տարբերակի քվեարկության ընթացակարգերին:
«Միասնական ազգային շարժումը», «Ուժը միասնության մեջ է» խմբակցությունը, իհարկե, չեն շարունակի մասնակցել այս ռուտինային գործընթացին, որը կոչվում է երեսպաշտ, կեղծ խորհրդարանում աշխատանք: Իհարկե, մենք կլինենք Վրաստանի քաղաքացիների կողքին, լրագրողների կողքին, ովքեր սպանվում են բառիս բուն իմաստով», – ասել է Դեկանոիձեն:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Թբիլիսիում պետք է անցկացվեր «Արժանապատվության երթ» (Tbilisi Pride)՝ ի աջակցություն LGBTQI+ համայնքի: Սակայն հոմոֆոբ խմբերը խոչընդոտել էին երթին՝ կազմակերպելով անկարգություններ: Նրանք սկսել էին հարձակվել լրագրողների վրա, ինչի արդյունքում վիրավորվել էին ԶԼՄ-ների 53 աշխատակիցներ: Նրանցից մեկը՝ TV Pirveli հեռուստաընկերության հեռուստաօպերատոր Լեքսո Լաշքարավան էր, որը մի քանի օր անց մահացավ: Մահվան ճշգրիտ պատճառը պետք է պարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հուլիսի 11-ին, Թբիլիսիի կենտրոնում, ողբերգության հետ կապված, տեղի ունեցավ լրագրողների, ընդդիմադիրների ու քաղաքացիական ակտիվիստների ինքնաբուխ հավաք: Այնտեղ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջներ հնչեցին: Վարչապետն ինքը հուլիսի 12-ի առավոտյան ասաց, որ հանրահավաքի հետեւում կանգնած է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա ցույցն անվանեց հակապետական, հակաեկեղեցական և հակավրացական:
Ղարիբաշվիլիի հայտարարություններից հետո Վրաստանի խորհրդարանում քաշքշուկներ տեղի ունեցան: Ընդդիմության պատգամավորները զբաղեցրել էին խոսնակի ամբիոնը: Լրագրողներին, սակայն, հեռացրել էին օրենսդիր մարմնի շենքից: