Քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են հայտարարել՝ Թբիլիսիում, հուլիսի 5-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկված «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահից հետո:
«Համակարգը սպանում է. Դուրս ե՛կ հանուն կյանքի» խորագրով ցույցը սկսվել է այսօր՝ ժամը 18:00-ին, Վրաստանի խորհրդարանի դիմաց:
«Մենք հուլիսի 5-ին և 6-ին տեղի ունեցած իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դնում ենք վրացական իշխանությունների վրա: Լեքսո Լաշքարավայի մահը հենց դրա արդյունքն է: Դուրս եկեք հանուն կյանքի, որպեսզի հաջորդը չդառնաք», – ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Ցույցն ունի երեք հիմնական պահանջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը Վրաստանի վարչապետի պաշտոնից, արդար հետաքննություն Լաշքարավայի մահվան առթիվ, հեռուստաօպերատորի վրա հարձակման բոլոր մասնակիցների ձերբակալումը և պատժումը:
Քաղաքացիական ակտիվիստների դիրքորոշումը կիսում է ոչ կաժավարական սեկտորը: Մեկնաբանելով Լաշքարավայի մահը՝ Լրագրողական էթիկայի խարտիան ընդգծել է, որ հուլիսի 5-ին «իշխանությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել բռնությունը ճնշելու համար»: Ավելին, ըստ ՀԿ ներկայացուցիչների, «որոշ դեպքերում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն ընդհանրապես խրախուսում էին բռնի գործողությունները»:
«Ներքին գործերի նախարարությունը հուլիսի 5-ին չկարողացավ պաշտպանել լրագրողներին ֆիզիկական բռնությունից և չապահովեց լրատվամիջոցների անվտանգ գործունեությունը: Լրագրողների վրա հարձակման, ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտման և բռնության փաստերի մեծ մասը դեռևս չի ուսումնասիրվել, իսկ ագրեսիվ խմբերի կազմակերպիչները պատասխանատվության չեն ենթարկվել», – ասված է նրանց հայտարարության մեջ:
Ինքը՝ Ղարիբաշվիլին, որոշ ժամանակ առաջ ցավակցություն էր հայտնել Լաշքարավայի մահվան կապակցությամբ: Վարչապետը շեշտել է, որ հեռուստաօպերատորի մահվան փաստով հետաքննություն է սկսվել՝ խոստանալով հնարավորինս շուտ հասարակությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն:
«Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ: Սա մեծ ողբերգություն է: Այս դժվար պահերին ես իմ զորակցությունն եմ հայտնում ընտանիքին, հարազատներին, «Պիրվելիի» թիմին և ամբողջ լրատվական հանրությանը: ՆԳՆ-ն արդեն հետաքննություն է սկսել, և հասարակությունը հնարավորինս շուտ կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն», – գրել է Ղարիբաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Լեքսո Լաշկարավային այսօր առավոտյան գտել են մահացած՝ իր իսկ բնակարանում: Վեց օր առաջ, հերթապահություն իրականացնելիս, ԼԳԲՏ համայնքի հակառակորդները դաժան ծեծի էին ենթարկել նրան: Օպերատորը դեմքի կոտրվածքներ է ստացել և շտապ վիրահատության կարիք է առաջացել: Վերջին օրերը նա տանը էր: Նախորդ օրը Լաշքարավան հյուրընկալվել էր «Պիրվելի» հեռուստաընկերության ցերեկային շոուներից մեկի եթերում, որտեղ նա վերհիշել էր հուլիսի 5-ի իրադարձությունները:
Մահվան ենթադրյալ պատճառը վնասվածքի պատճառով առաջացած թրոմբոէմբոլիան է:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննում է Լաշկարավի մահվան փաստը Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով՝ «ինքնասպանության հասցնել»: Գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննիչները ընտանիքին խնդրել են ներգրավել անկախ փորձագետի:
Հուլիսի 5-ին, Թբիլիսիում, արձանագրվել էին արմատականների կողմից լրագրողների վրա հարձակման տասնյակ փաստեր, որոնք դժգոհ էին ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի պլանավորված «Արժանապատվության երթ» ակցիայից: Նրանց գործողություններից տուժել են լրատվամիջոցների ավելի քան 50 աշխատակիցներ, այդ թվում` օպերատորներ, լրագրողներ, լուսանկարիչներ: