Ախալքալաքում նույնիսկ այն քչերը, ովքեր ցանկանում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, չեն համարձակվում դա անել իրենց հարազատների պատճառով, որոնք կտրականապես դեմ են պատվաստմանը: Կան այնպիսիք էլ, ովքեր պատվաստվել են, բայց տանը ոչ մի բառ չեն ասել այդ մասին: Նրանք էլ, ովքեր, ի դեմս իրենց հարազատների կարծիքի պատվաստվել են և այդ մասին խոսում են բարձրաձայն, մունիցիապալիտետում մատների վրա կարելի է հաշվել: Դե նրանք էլ խոսում են այն նպատակով, որպեսզի համոզեն ուրիշներին հետեւել իրենց: Խաչատուր Ալեքսանյանը դեռևս միայն համոզել է իր ընկերոջը, իսկ Գայանե Իսպիրյանը՝ քրոջը:

xacho Խաչատուր Ալեքսանյանը գործընկերոջ հետ

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի իրավաբանական ծառայության պետ Խաչատուր Ալեքսանյանն արդեն ունի, այսպես կոչված, քովիդ-անձնագիր: Նա առաջիններից մեկն էր, ով որոշեց պատվաստվել, չնայած այն հանգամանքին, որ ծնողներն ու կինը դեմ էին դրան:

«Մերոնք բացասաբար արձագանքեցին իմ որոշմանը, ասում էին, ինչիդ է պետք: Նրանց հիմնական փաստարկն այն էր, որ ընտանիքում ոչ ոք չէր հիվանդացել»:

Իր օրինակով նա չհամոզեց իր հարազատներին պատվաստվել, չնայած որ նա որևէ կողմնակի ազդեցություն չի ունեցել, կամ նույնիսկ ցավ ներարկման տեղում: Նա ցանկանում էր պատվաստվել AstraZeneca- ով, բայց իր ընտանիքի անդամների հանգստության համար գրանցվել էր Sinopharm- ով պատվաստվման համար: Ախալքալաքի բնակչությունն այս ընկերության արտադրած դեղորայքից վախենում է հատկապես այն դեպքից հետո, որը տեղի ունեցավ Ախալցիխեում՝ բուժքրոջ հետ, ում մոտ AstraZeneca- ով պատվաստվելուց հետո հավանաբար զարգացել էր անաֆիլակտիկ շոկ: Հարկ է նշել, որ բուժքրոջ մահվան պատճառի մասին պաշտոնական եզրակացություն դեռ չկա, չնայած մասնագետները դա չեն կապում պատվաստանյութի որակի հետ:

Խաչատուրը չէր անհանգստանում, պատվաստումն անցավ առանց կողմնակի ազդեցությունների: Պատվաստումից առաջ նա ուներ զարկերակային բարձր ճնշում (140), բայց բժիշկը նրան խորհուրդ է տվել չանհանգստանալ: Նա կլինիկա էր գնացել ընկերոջ հետ:

«Մենք գնացինք օրվա վերջ, իմ ընկերն ընդհանրապես տանը չէր ասել, որ գնում է պատվաստվելու: Նա պարզապես հոգնել էր դիմակից, և երբ իմացավ, որ ես ուզում եմ պատվաստվել, նույնպես գրանցվեց: Մերոնք գիտեին, նրանք շատ լարված էին:Պատվաստումից հետո յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մայրս հարցնում էր իմ վիճակի մասին»:

Խաչատուրի ընտանիքը չի հիվանդացել COVID-19- ով, չնայած նա համոզված չէ դրանում և կարծում է, որ միգուցե իրենց մոտ կորոնավիրուսը ասիմպտոմատիկ է եղել:

Իր քայլով Խաչատուրը ցանկանում էր վերջ տալ առասպելներին, որ պատվաստանյութն այլ հիվանդություններ է առաջացնում, որ պատվաստանյութը մահվան պատճառ է հանդիսանում, չիպերի մասին պատկերացումները և այլն:

«Ես դրանում համոզված էի, ես պատվաստվեցի հենց իմ շրջապատին ցույց տալու համար, որ պատվաստման մասին բոլոր խոսակցությունները սուտ են: Երբ բժիշկներն ասում են, որ պատվաստանյութը միակ միջոցն է (խմբ. համավարակի դեմ պայքարելու համար), ապա մենք իրավունք չունենք նրանց չհավատալու»:

Խաչատուրը զարմանում է, թե ինչու է բնակչությունն ավելի շատ հավատում փողոցային տարբեր խոսակցություններին, քան բժիշկներին ու մասնագետներին:

Aleksanyan Խաչատուրը դստեր հետ զբոսնում է այգում

30-ամյա Խաչատուր Ալեքսանյանն ունի կին և երկու երեխա: Նրան հեշտ էր կողմնորոշվել պատվաստվելու առումով, բայց եթե անհրաժեշտություն առաջանա COVID-19- ի դեմ երեխաներին պատվաստելու, ապա դա ավելի բարդ կլինի: Ճիշտ է, նա կրկին կողմ է պատվաստմանը, սակայն …

«Երեխաները երկու ծնող ունեն, միայն ես չեմ որոշում, կինս չի համաձայնվի, նա վախենում է»:

Մոտ 12 տարի է Խաչատուրն աշխատում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում: Նրա կյանքի ընթացքում հաշվառվում են բազում համարձակ որոշումներ: Դեռ ուսանողության ընթացքում որոշում է Հայաստանի համալսարանից տեղափոխվել Սամցխե-Ջավախքի համալսարան, քանի որ վրացերենի իմացությամբ նրան ավելի հեշտ կլիներ իր երկրում որպես իրավաբան աշխատել:

fidanyan Համաճարակաբան Գայանե Իսպիրյանը իր աշխատասենյակում

Գայանե Իսպիրյանը համաճարակաբան է: Թվում է, թե բժիշկը պետք է ավելի հեշտ որոշում կայացնի պատվաստվելու առումով, բայց Գայանեն ունի սննդային ալերգիա: 20 տարի շարունակ նա պայքարում է դրա դեմ և չնայած այն բանին, որ որպես բժիշկ գիտի, պատվաստումը կարող է հակացուցվել նրանց, ում մոտ ալերգիկ դրվագներ են եղել դեղորայքի, այլ ոչ թե սննդի նկատմամբ, չէր որոշվում պատվաստվել:

«Բոլոր գործընկերներս կատակով ասում էին, քանի դեռ համաճարակաբանը չի պատվաստվել, մենք չենք պատվաստվի: Յուրաքանչյուր կատակում, սակայն, կա ճշմարտության նշույլ»:

Գայանեի երեխաներն ապրում են Հայաստանում, և նա շատ է ցանկանում տեսնել նրանց: Բացի վիրուսից պաշտպանված լինելուց, նրա համար պատվաստումը ազատ տեղաշարժի նախադրյալ է: Նա նաև ցանկանում է ազատվել կորոնավիրուսի պլանային թեստավորումներից, որն իրականացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ:

Վերջնականապես, Գայանեն որոշվում է պատվաստվել միայն հայտնի ալերգաբան Բիձինա Կուլումբեկովի հետ խորհրդակցելուց հետո:

«Նա ինձ խորհուրդ տվեց վերջին սերնդի հակաալերգիկ դեղամիջոցներ ընդունել, խորհուրդ տվեց խմել պատվաստումից երեք օր առաջ, պատվաստման օրը չխմել և խմել պատվաստումից հետո հաջորդ օրը: Ես հետեւեցի նրա խորհուրդներին, և ամեն ինչ լավ անցավ: Նույնիսկ տեղը չի երեւում, եւ ոչ մի ռեակցիա չի եղել, նույնիսկ տեղական»:

Երբ նա որոշեց պատվաստել, իր բոլոր գործընկեր բժիշկները կատակով խորհուրդ էին տալիս իր մոտ ունենալ ադրենալին: Իհարկե, դա նրան հարկավոր չեղավ:

Անցյալ տարվա դեկտեմբերին Գայանեն հիվանդացավ կորոնավիրուսով: Չնայած պլանային թեստավորումներին, դեպքը լաբորատոր պայմաններում չի հաստատվել, սակայն առկա են եղել բոլոր ախտանիշները:

Նրա ընտանիքի անդամները հավանություն չէին տալիս Գայանեի որոշմանը: Միայն քույրը հետևեց նրա օրինակին, մյուսները չեն պատրաստվում պատվաստվել:

«Ընտանիքս ընդունեց իմ պատվաստումը որպես փաստ, ես նրանց հանգիստ ասացի, թե ինչ եմ պատրաստվում անել, նրանք դեմ էին և խորհուրդ տվեցին նախքան պատվաստվելը լավ մտածել: Ես նրանց փաստի առջև կանգնեցրեցի: Մայրս չգիտեր, թե որ օրն եմ պատվաստվելու, ամուսինս գիտեր: Ես մայրիկիս ասել էի, որ պատրաստվում եմ: Երբ ես որոշեցի պատվաստվել, քույրս նույնպես որոշեց, իսկ մայրս, տեսնելով, որ չի կարող մեզ համոզել, ասաց «միայն թե ոչ նույն օրը»:

fidanyann Գայանե Իսպիրյան

Գայանե Իսպիրյանը կարծում է, որ COVID-19-ը փոխել է ոչ միայն հասարակ մարդկանց, այլև համաճարակաբանների աշխարհահայացքն ու հոգեբանությունը:

«Ոչ ոք չէր պատկերացնում, որ նման հակաբիոտիկների ֆոնի վրա համավարակ կլինի: Ուստի շատերը չէին հավատում համավարակին: Կարծում եմ, որ կգա ժամանակ, երբ այս վիրուսը կընդգրկվի սեզոնային հիվանդությունների շարքում»:

Գայանե Իսպիրյանն ուրախ է, որ պատվաստումն անցել է առանց ալերգիկ ռեակցիայի, և որ նա կկարողանա տեսնել իր երեխաներին: Նա նաև հույս ունի, որ ամուսնուն էլ կկարողանա համոզել պատվաստվել, քանի որ նրանք տանը 92-ամյա հայր ունեն, և իսկապես չէին ցանկանա վարակել նրան:

Ախալքալաքի մունիցիպալիտետում պատվաստման գործընթացը դանդաղ է ընթանում: Մարդիկ շատ վախեր ունեն: Ընդհանուր առմամբ, բնակչության նույնիսկ 1% -ը պատվաստված չէ: Իսկ համավարակի բարդ իրավիճակից ելքը մասնագետները տեսնում են միայն պատվաստման մեջ: