Նինոծմինդայի մունիցիպալիտետում գտնվող Սամեբա գյուղը՝ վերջերս տեղի ունեցած հաճախակի երկրաշարժերի պատճառով, հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Հենց երեկ այս տարածքում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ:

«Netgazeti»-ն կապ է հաստատել Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի ղեկավար Թեա Գոդոլաձեի հետ և հարցրել նրան տեղի ունեցածի պատճառների մասին:

Ինչպես բացատրել է կենտրոնի ղեկավարը, Ջավախքն առավել սեյսմիկ ակտիվ շրջան է համարվում, քանի որ բացի այս տարածքին բնորոշ տեկտոնական ակտիվությունից, այստեղ դիտարկվում է նաև հետհրաբխային ակտիվություն:

Գոդոլաձեն ասում է, որ միայն նախորդ ամսվա ընթացքում՝ ներառյալ հուլիսի ութ օրերը, Ջավախքի լեռնաշղթայի տարածքում տեղի է ունեցել 1,115 ցածր ուժգնության երկրաշարժ:

Ըստ նրա, այդ գործընթացները չեն զարմացնում մասնագետներին, քանի որ Ջավախքի լեռնաշղթան հրաբխային ծագում ունի:

«Եթե դուք նայեք ընթացիկ ակտիվության քարտեզին, ապա կնկատեք, որ հիմնական սեյսմիկ գոտին ընկնում է Ռաճայի, Կախեթիի և Ջավախքի վրա: Ջավախքը սեյսմիկ առումով այժմ ամենաակտիվն է համարվում», – ասել է Թեա Գոդոլաձեն:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի ղեկավարը պարզաբանում է, որ Ջավախքում կան հանգած հրաբուխներ, և այս շրջանին բնորոշ է հետհրաբխային մագմատիկ ակտիվությունը.

«Այսինքն, եթե մագման [հրահեղուկ զանգված, որը առաջանում է երկրակեղևի խորքում], շարժվում է, դա երկրաշարժեր է առաջացնում»:

Շրջանում դիտարկումներ են անցկացվում, քանի որ այդ գործընթացները կարևոր են ուսումնասիրման և վերլուծության տեսանկյունից: Թեև, ըստ Գոդոլաձեի, տեղի ունեցածն առանձնահատուկ վտանգ չի ներկայացնում բնակչության համար: