Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում ներկայացնում է գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով արմատներով սերում է Ջավախքից:

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին 2016 թվականին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի մայրական տատը Նինոծմինդայի նախկին Խոջաբեկ գյուղից է(հիմա այդ գյուղը Նինոծմինդա քաղաքի մասն է): jnews.ge հետ զրույցի ժամանակ Նինոծմինդայի բնակիչ Մամիկոն Սահակյանը, ով բարեկամական կապեր ունի Իվետա Մուկուչյանի հետ, հաստատեց այս տեղեկությունները և կոչ արեց ջավախքահայությանը քվեարկել ի օգուտ Հայաստանի:

«Մեզ համար Իվետայի մասնակցությունն արդեն հաղթանակ է: Ջավախքահայությանը կոչ եմ անում ակտիվ մասնակցել եվրատեսիլյան քվեարկությանը և քվեարկել Իվետա Մուկուչյանի օգտին»,- ասաց Մամիկոն Սահակյանը:

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթին Իվետա Մուկուչյանը ներկայանում է «LoveWave» երգով: Երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, իսկ խոսքերի համահեղինակներ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:

«Եվրատեսիլ 2016» լինելու է ամենամյա երգի միջազգային մրցույթի 61-րդ թողարկումը, որը անցկացվելու է Էրիքսոն Գլոբում՝ տեղակայված Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, քանի որ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում շվեդ Մոնս Զելմերլովը իր «Heroes» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։

Մրցույթը նախատեսված է անցկացնել երկու կիսաեզրափակիչներով և մեկ մեծ եզրափակչով։ Առաջին կիսաեզրափակիչն անցկացվելու է այսօր, մայիսի 10-ին, երկրորդը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ 14-ին։ Մրցույթին այս տարի մասնակցելու են 42 երկրներ։

Այս մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986 թ-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան:

Նա սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսևորման հիմնական միջոցը և կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012 թ.-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին:

Քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր Իվետան արդեն ճանաչված երգչուհի է, ինչպես նաև մի շարք երգերի հեղինակ, ով զուգահեռաբար գործունեություն է ծավալում Հայաստանում և Գերմանիայում: Իր իսկ բնութագրմամբ` «մտածում է գերմանացու նման, սիրում՝ հայի»:

Աղունիկ Այվազյան