Գերմանական ցածրարժեք «Eurowings» ավիաընկերությունն իր առաջին ուղիղ չվերթն է կատարել Դյուսելդորֆ-Թբիլիսի ուղղությամբ: Գերմանիայից Թբիլիսիի միջազգային օդանավակայան ժամանած 171 ուղեւորներին դիմավորել են Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, նրա տեղակալը, Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը, ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչները և «TAV Georgia»-ի ղեկավարությունը:
Ինչպես Թբիլիսիի օդանավակայանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարարը, քանի որ նշված ընկերությունը ցածրարժեք է, այն քաղաքացիների համար շատ գրավիչ ու մատչելի կլինի:
Ինչպես նշել է Թուրնավան, երկրում զբոսաշրջության վերականգնումը շատ լավ է ընթանում:
«Զբոսաշրջության մեր ոլորտը կվերականգնվի շատ արագ տեմպերով, և ավիացիան կրկին ռեկորդային մակարդակի վրա կլինի: Սա շատ մեծ ներդրում է մեր տնտեսության մեջ: Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ այլ ավիաընկերություններ ավելացնելու համար: Կցանկանայի նշել նաև, որ քանի որ սա ցածրարժեք ընկերություն է, այն շատ գրավիչ և մատչելի կլինի մեր քաղաքացիների համար, ովքեր թռչում են աշխատանքի, բուժում ստանալու կամ պարզապես զբոսաշրջիկի կարգավիճակով», – հայտարարել է Թուրնավան:
Ավիաընկերությունը կծառայի ուղևորներին Դյուսելդորֆ-Թբիլիսի-Դյուսելդորֆ ուղղությամբ կիրակի օրերին, իսկ հուլիսի 21-ից` երկուշաբթի և կիրակի օրերին: Մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտն ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի «Airbus 320» տիպի ինքնաթիռներով:
Ներկայումս Թբիլիսիի օդանավակայանից Գերմանիայի ուղղությամբ շաբաթական 9 չվերթ են իրականացնումերեք ավիաընկերություններ՝ «Georgian Airways» (Բեռլին), «Lufthansa» (Մյունխեն), «Eurowings» (Dusseldorf):