Երկրագնդի վրա «բույն» դրած նոր կորոնավարակի դեմ պայքարում մեծ դերակատարություն ունի պատվաստանյութը, որը վարակի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցն է։ Վրաստանում պատվաստման գործընթացը սկսվեց մարտի 15-ին, չնայած այն դանդաղ է ընթանում, հատկապես շրջաններում, առավել ևս Ախալքալաքում: Մենք որոշեցինք շրջայց կատարել գյուղերով և իմանալ պատճառների մասին: Ինչպես պարզ դարձավ JNEWS-ի հարցումներից՝ պատվաստման գործընթացին խանգարում է ոչ միայն բնակիչների վախերը, այլև գրանցման օնլայն համակարգը, որը միայն վրացերենով է:
Առաջին մարդն Ախալքալաքում պատվաստվեց մայիսի 5-ին։ Ներկայումս Ախալքալաքի հոսպիտալում պատվաստվել է 466 մարդ, որից 132-ը Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչներ են։ Իսկ 132-ից 50-ը՝ հիվանդանոցի աշխատակիցներ։ Մնացած 72-ից շատերը հարևան շրջանի՝ Նինոծմինդայի բնակիչներ են:
Որպեսզի բնակիչներին օրինակ ծառայի, մայիսի 19-ին Ախալքալաքի ռեֆերալ կլինիկայի մենեջեր Ալեքսան Թորոյանը պատվաստվեց չինական Sinopharm պատվաստանյութով։
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի պատվաստման գործընթացը
Բուժքրոջ դեպքը, որը Ախալցիխեում պատվաստումից հետո մահացավ, անհանգստացրեց նաև Ախալքալաքի հոսպիտալի անձնակազմին: Նրանք նույնպես երկար ժամանակ չէին պատվաստվում, սակայն հիմա բուժանձնակազմից արդեն 50 հոգի պատվաստվել է, իսկ մի քանիսը նոր է գրանցվել և սպասում է իր հերթին: Հրակ է նշել, որ առաջին 22 հոգին պատվաստվեցին մայիսի 13-ին՝ Վրաստանի հայտնի բժիշկների հետ հանդիպումից հետո: Այդ հանդիպումը կազմակերպել էր ՈՒՆԻՍԵՖ-ը՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Որպեսզի պարզենք, թե ինչո՞ւ տեղի բնակչության շրջանում COVID-19-ի դեմ պատվաստվածների քանակը կազմում ընդամենը 16% (չհաշված բժշկական անձնակազմը) Jnews-ը եղավ Ախալքալաքի շրջանի մի քանի գյուղերում:
Արագվա գյուղի կենտրոնում հավաքված տղամարդիկ իրենց օրն անց են կացնում նարդի և տարբեր թղթախաղեր խաղալով, բուռն քննարկում նորությունները, այդ թվում՝ կորոնավարակի և պատվաստումների մասին։ Տեղի բնակիչներն ասում են, որ չեն պատրաստվում պատվաստվել, քանի որ չգիտեն պատվաստանյութի պարունակությունը, և արդյո՞ք կարելի է իրենց այդ պատվաստանյութը: Չնայած մի քանիսն ընդունում են, որ առանց պատվատվելու հնարավոր չէ:
Այսպես ասած Արագվա գյուղի բիրժայում
«Ես որ պատվաստվեն ու ես մահանամ, Ասյայիս ո՞վ է պահելու»,- ասում է գյուղի տարեց բնակիչը։
«Ես ոչ կպատվաստվեմ, ոչ էլ ընտանիքիս անդամներին կթողնեմ: Իմ մահով կմահանամ, ոչ մի պատվաստանյութ ինձ պետք չէ», – ասում է Արագվայի բնակիչ Վարդերեսյան Վալոդյան։
«Մարդ կա ուրիշ հիվանդություն ունի, մարդկանց ոչ մի ստուգում չեն անում, միանգամից պատվաստում են, դա ինչպես կարելի է: Մարդուն պետք է հետազոտել։ Կարող է հիվանդ է մարդը, սրսկեն ու միանգամից վերջանա։ Մենք չգիտենք ինչին է օգուտ, ինչին վնաս։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ ուզում են այնպես անել, որ ժողովուրդը չհիվանդանա, բայց առանց ստուգման սխալ է։ Մենք անգամ չգիտենք, թե պատվաստանյութի ինչ տեսակներ կան։ Բայց, եթե նայենք հարցի հակառակ կողմը, ապա պատվաստում չանելն էլ սխալ է», – ասում է Արագվայի բնակիչ Մարտիրոս Այվազյանը։
Իմունիզացման հարցերով փորձագետների ազգային տեխնիկական խորհրդատվական խմբի ղեկավար, ԹՊԲՀ պրոֆեսոր, Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի կլինիկայի տնօրեն Իվանե Չխաիձեն ասում է, որ պատվաստումից առաջ հետազոտվել պարտադիր չէ, պատվաստումից առաջ տրվող հարցերը բավարար են, որպեսզի պարզ լինի տվյալ մարդն ինչ անհանգստություններ ունի։
«Եթե մարդը որոշի պատվաստվել, բժիշկը, ով կընդունի նրան, առաջին հերթին կհարցնի, թե ինչ պատվաստանյութով է ցանկանում տվյալ անձը պատվաստվել: Կախված դրանից, բժիշկն ունի հարցաթերթիկ և որոշակի հարցեր: Այս հարցերն ընդգրկում են այն հիվանդությունները կամ ենթադրյալ ռիսկի գործոնները, որոնք կարող են բարդացնել պատվաստման գործընթացը: Կան հարցեր. «Դեղերի նկատմամբ որևէ ռեակցիաներ ունեք», «ընդունել եք որևէ դեղամիջոց, որոնք ազդում են արյան մակարդման վրա» և այլն: Այսինքն կա որոշակի պաշտպանվածություն»:
Ինչպես Արագվայի, այնպես Դիլիսկայի բնակիչներին անհանգստացնում է այն հարցը, թե ինչու բնակիչներին չեն զննում, հետո նոր պատվաստում:
Այստեղ բնակիչներին անհանգստացնում է այն, որ գրանցումն առցանց է, և միայն վրացերեն լեզվով:
«Եթե ընդհանուրով լինի, բոլորս էլ պետք է պատվաստվենք, ընտանիքիս անդամները՝ նույնպես։ Նախ պատվաստման համար պետք է օնլայն գրանցվենք: Մենք 60-70 տարեկան մարդ ենք, որտեղից գիտենք նման բաներ, որտեղ ենք գրանցվելու և որտեղ ենք պատվաստվելու։ Օգուտ տա-չտա, ժողովուրդը պետք է պատվաստվի, կարող են անգամ վճարովի դարձնել։ Պետության վրա հույս չես կարող դնել, մի ամիս հետո կասեն՝ պետք է պատվաստվեք, եթե չպատվաստվես՝ կտուգանենք։ Մեր հարաբերությունը Հայաստանի հետ է, մենք պետք է պատվաստվենք, որ կարողանանք սահմանն անցել», – ասում են գյուղի կենտրոնում հավաքվածները։
Ինչպես հայտնում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից, առցանց գրանցումը խոչընդոտ չէ պատվաստման գործընթացին: Ցանկացողները կարող են հիվանդանոց դիմել և այնտեղ կօգնեն գրանցման հարցում: Այս դեպքում դուրս է գալիս, որ մարդը պետք է գյուղից քաղաք հասնի և գրանցվի հիվանդանոցի աշխատակիցների օգնությամբ և հետ գնա, այնուհետև նորից քաղաք գնա պատվաստվելու: Ավելի հեշտ է զանգահարել թեժ գիծ՝ 15 22 և գրանցվել պատվաստվելու համար:
Դիլիսկայի բնակիչներն առաջարկում են այլ՝ ալտերնատիվ ուղի, որը հնարավորություն է տալիս ավելի հեշտ պատվաստել գյուղի բնակիչներին:
«Թող գյուղ գան հայտարարեն, որ այսինչ օրը պետք է պատվաստում լինի: Գյուղում մենք բուժկետ ունենք, թող գան գյուղի բուժկետում անեն: Թող մի օր գան նախօրոք ցանկացողներին գրանցեն, հետո էլ գան ու պատվաստեն։ Մենք մի տարի, երկու տարի հետո թոշակի կանցնենք, կարող է հետո ասեն պատվաստված չես, թոշակ չենք տա։ Դրա համար ժողովուրդը ստիպված պետք է պատվաստվի, կարող է վաղը կանգնեցնեն ու հարցնեն պատվաստված ես, եթե պատվաստված չես, ապա տուգանեն», – ավելացնում են գյուղի բնակիչները։
Տեղերում պատվաստելու խնդրով անհանգստացած են նաև Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում (NCDC): Այնպես, ինչպես զանգվածային պատվաստումները պետք է հուլիսին սկսվեն, սակայն կլինիկաներից մինչև հիվանդանոցներ, որտեղ իրականացվում է պատվաստում, տեղեր չկան: Եվ Կենտրոնում փնտրում են վայրեր, որտեղ հնարավոր կլինի լրացուցիչ պատվաստում իրականացնել: Այդ նպատակով NCDC-ը նամակով դիմել է Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնին (ԱՀԿ), որպեսզի պարզի, կան արդյո՞ք ալտերնատիվ վայրեր և հնարավորության դեպքում հնարավոր է, բացի շրջանային հիվանդանոցից, այդ վայրերում նույնպես պատվաստել մարդկանց:
«Ոչ բոլոր գյուղերում եղած բուժկետերում է հնարավոր պատվաստում կատարել, քանի որ չկա համապատասխան քանակի բուժաշխատող: Հիվանդանոցից ասացին, որ չունեն համապատասխան քանակի կադրեր, որպեսզի բուժկետերում պատվաստում կատարեն: Բարալեթի բուժկետը գործող է, և ունի անձնակազմ, դիմել ենք քաղաքապետարան և նահանգապետարան, որպեսզի օգնեն՝ համակարգիչներով, տրանսպորտի հարցով և մնացած այլ պետքական իրերով, որպեսզի Բարալեթում պատվաստում անենք: Հիմա սպասում ենք պատասխանի», – JNEWS-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը։
Դիլիսկայում նշում են, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները ստիպված պետք է պատվաստվեն, որպեսզի կարողանան սահմանը հատել:
Բնակիչներից ոչ ոք տեղյակ չէ, թե երկրում քանի տեսակի պատվաստանյութ կա, սակայն վստահեցնում են, որ լսել են՝ ամենալավը ռուսականն է։ Դա նրանից է, որ մունիցիպալիտետում ինֆորմացիայի հիմնական աղբյուր են հանդիսանում ռուսական լրատվամիջոցները, որի պատճառը պետական լեզվի չիմացությունն է: Բնակչները պատմում են, որ գյուղում գրեթե բոլորն են հիվանդացել վարակով, բայց տան պայմաններում բուժվել են, ընդամենը մի քանիսն է դիմել բժշկի։
Կարտիկամ գյուղի բնակիչներին էլ հետաքրքրում է այն հարցը, թե ինչո՞ւ է պատվաստանյութերի միջև տրվում տարիքային տարբերություն։
«Ինչի, օրինակ. կա տարիքային տարբերություն: Ասում են 55-60 տարեկանները ուրիշ պատվաստանյութով են պատվաստվելու, փոքրերը՝ ուրիշ: Ժողովրդի հիմնական մասը, իմ հասակակիցներն ասում են, որ մեզնից են սկսել վերացնելը, որպեսզի մեզ հետ վերանա նաև թոշակը։ Այդպիսի կասկած կա ժողովրդի մեջ, որովհետև այսօրվա դրությամբ իշխանության հանդեպ վստահություն չկա։ Դա է հարցերի հարցը», – ասում է Վազգեն Եսայանը։
Վրաստանում կարողացել են պատվաստվել՝
Այսօրվա դրությամբ պատվաստվել հնարավոր է միայն Sinovac-ով, քանի որ երկրում ուրիշ պատվաստանյութ չկա: Կառավարությունը խոստանում է, որ կստանա հուլիսին:
Այս բոլոր պատվաստանյութերը խորհուրդ է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սկսած 18 տարեկանից, իսկ Pfizer-ը սկսած նաև 12 տարեկանից: Սակայն բժշկական անձնակազմի պասիվության պատճառով, հետևելով պլանին, ստիպված անցել են հետևյալ տարիքային կատեգորիային և Pfizer-ով պատվաստում են 55 տարեկանից բարձր քաղաքացիներին: Իսկ AstraZeneca-ի դեպքում Վրաստանի Առողջապահության նախարարությունը սահմանել էր տարիքային ցենզ՝ սկզբից 55 տարեկանից բարձր, այնուհետև իջեցրեx ցենզը մինչև 45 տարեկան: Ինչո՞ւ է այսպես արվել, բացատրում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր վարակաբան Խաթունա Զախաշվիլին.
«Որոշ եվրոպական պետություններ, որոնք ինքնուրույն ուսումնասիրել են թրոմբագոյացման դեպքերը Astrezeneca-ով պատավաստվելուց հետո, բացահայտել են, որ որոշ չափով դա կապ ունի տարիքի հետ։ Դրանից հետո տարբեր պետություններ տարբեր տարիքից են պատվաստում այդ պատվաստանյութով, սակայն Եվրոպական պետությունների մեծամասնությունն այսօր պատվաստում է Astrezeneca-ով՝ 18 տարեկանից, նույնիսկ այն երկրները, որոնք կանգնեցրել էին Astrezeneca-ով պատվաստումը, օրինակ. Ավստրիա, Գերմանիա։ Վրաստանի առողջապահության նախարարությունը հաշվի առնելով հազվադեպ ռիսկերը, որոշել է շատ զգուշությամբ մոտենալ այդ հարցին և իջեցրել է տարիքային սահմանափակումը միայն 10 տարով (55-45)։ Մենք կհետևենք նաև այլ ուսումնասիրությունների, որոնք տարվում են ամբողջ աշխարհով Astrezeneca-ի վերաբերյալ և ըստ ստացված վստահելի արդյունքների, հնարավոր է նորից իջեցնենք տարիքային սահմանափակումը»:
Բանկիչների մի մասը կարծում է, որ քրոնիկ կամ ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց պատվաստվելը հակացուցված է։
«Հիվանդ, որ չլինեի կպատվաստվեի, բայց որ հիվանդ եմ մի քիչ ռիսկային է, ես սրտի հիվանդություն ունեմ, ոտքերիս՝ նույնպես, վարիկոզ, փղային հիվանդություն, բժշկիս հարցրել եմ, դրա համար էլ չեմ պատվաստվում, իմ ընտանիքի անդամներն էլ չեն ուզում պատվաստվել: Եթե հետո այնպես լինի, որ չկարողանանք սահման հատել, ուզած-չուզած պետք է պատվաստվենք, մեր ողջ բարեկամությունը Ռուսաստանում է», – ասում է Կարտիկամի բնակչուհին։
Ալերգաբան Բիձինա Կուլումբեգովը հակառակն է ասում, որ այն մարդիկ, ովքեր ռիսկային խմբում են COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր է:
«Ռիսկային խմբում այն մարդիկ են, որոնք ունեն տարբեր քրոնիկ հիվանդություններ՝ սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարախտ:
Նրանց համար պատվաստումն առավել կարևոր է: Միակ հակացուցումն այն է, եթե մարդն ունի ալերգիկ անամնեզ, անֆիլակտիկ շոկ մյուս պատվաստանյութերի հանդեպ, այդ դեպքում չինական (Սինոֆարմ) պատվաստանյութով չեն պատվաստում: AstraZeneca-ով պատվաստում են: Եթե առաջին պատվաստման ժամանակ ալերգիկ ռեակցիա է եղել, ապա երկրորդ դեղաչափի պատվաստման ժամանակ նույնպես կլինի»:
Կարտիկամում կան մարդիկ, ովքեր ցանկանում են պատվաստվել:
«Ես աշխատում եմ վարորդ, հիմա, երբ արդեն Ռուսաստանից գալիս եմ ուղևորների 60 տոկոսը պատվաստված են Sputnik-V-ով, ես ինքս էլ ուզում եմ պատվաստվել, Ռուսաստան դիմեցի, ասացին, որ իմ պետության մեջ եմ պատվաստվելու, ավելի լավ է պատվաստվեմ, քան ամեն անգամ թեստ հանձնեմ», – ասում է Արթուր Պոզոյանը։
Արթուր Պոզոյան, Կարտիկամ գյուղի բնակիչ
Փանջակիձեների ընտանիքը առաջինն է եղել, ովքեր որոշել և պատվաստվել են հենց Ախալքալաքի կլինիկայում։
«Մեզ համար շատ կարևոր է պատվաստվելը: Նախ, որ ես վարակից ավելի շատ եմ վախենում, քան պատվաստանյութից, և հետո ես Երևանում շատ բարեկամներ ունեմ, պետք է անցնեմ սահման: Ամեն անգամ ես չեմ կարող այդքան գումար վճարել, ավելի լավ է պատվաստվեմ։ Մենք ընտանիքով այդպես ենք որոշել, մի քանի օր առաջ էլ հարսս է պատվաստվել, ես ու ամուսինս ենք գրանցվելու, որ պատվաստվենք։ Իմ որդիներից մեկն էլ Աղվանստանում է ծառայում, նա էլ այնտեղ է պատվաստվել։ Մի որդիս էլ Բաշկիրայում է, այսօր առավոտյան զանգեց ասաց, որ գործի չեն թողել, պարտադիր է պատվաստվելը և մնացել է տանը, որ պատվաստվի։ Եվ մենք ամբողջ ընտանքիով պատվաստված կլինենք», – ասում է Շուշանիկ Գրիգորյան-Փանջակիձեն։
Մերի Ծինծկալաձեն, ով աշխատում է վարակի ռիսկային գոտում, պատվաստվել է Թբիլիսիում, ինչպես ասաց նրա հայրը՝ Պետրեն, նրա աշխատանքի վայրում դա պարտադիր է: Մերին աշխատում է Կարծախի սահմանային անցակետում։
Միխեիլ Կավրաշվիլին կարծում է, որ պատվասվելը պաշտպանում է ինչպես պատվաստվածին, այնպես էլ նրան շրջապատող անձանց, սակայն ինքը դեռ չի պատվաստվել, քանի որ պատվաստանյութի ընտրության հարցում չի կողմնորոշվում։
«Պարտադիր է, մեր և մեր շրջապատի ժողովրդի համար պատվաստվենք, և ես ողջունում եմ պարտադիր պատվաստումը: Հիմա արդեն սահմանները բաց են, զբոսաշրջիկներ կգան, ինչ իմանամ սահմանում նորմալ հսկողություն կլինի, թե՝ ոչ, որ վարակը չտարածվի։ Ես կպատվաստվեմ այն պատվաստանյութով, որը պաշտպանվածության ավելի բարձր տոկոս կունենա», – ասում է Կոթելիա գյուղի բնակիչ Միխեիլ Կավրիաշվիլին։
Այսօրվա դրությամբ, Վրաստանում պատվաստվել է 266 161 մարդ, որից 104 196-ն ընդունել են պատվաստանյութի ամբողջական երկու դեղաչափը, իսկ 161 965-ն ընդունել է միայն առաջին դեղաչափը: Սամցխե-Ջավախքում պատվաստվել է 2 814 մարդ: Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցից տեղեկացնում են, որ պատվաստվել ցանկացող մարդկանց քանակը վերջին օրերին ավելացել է: Վրաստանում զանգվածային պատվաստումների փուլով իրավիճակը պետք է փոխվի…