Ախալքալաքում տոնեցին ֆաշիզմի դեմ հաղթանակը` հարգանքի տուրք մատուցեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին և շնորհավորեցին վետերաններին հաղթանակի կապակցությամբ:

Այսօր, 11:00-ին Ախալքալաքի Շրջանային վարչության շենքի դիմաց հավաքվեցին տոնական հագնված վետերաններ, շրջանի ղեկավարներ և ուղղակի բնակիչներ:

Հավաքվածները ծաղիկներով և ծաղկեպսակներով շարժվեցին դեպի Խորհրդային Միության հերոս` Վաչագան Վանցյանի հուշարձանը, որը գտնվում է քաղաքային տոնավաճառի տարածքում: Նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին:

veteran

Հայրենական Մեծ պատերազմի վետերանները տարեց տարի ավելի են քչանում: Այսօր շրջանում ապրում է 16 վետերան, նրանցից 7-ը ապրում են Ախալքալաքում, իսկ 10–ը՝ գյուղերում: Հաղթանակի օրվանից մեկ օր առաջ վետերանների քանակը մեկով պակասեց: Մահացավ խանդոցի վետերան՝ Համբարձում Նուրջանյանը:

Այս տարի մայիսի 9-ի տոնակատարությանը Ախալքալաքում ներկա էին ընդամենը 6 վետերան: Մնացածները առողջական վիճակի պատճառով չկարողացան մասնակցել: Հարկ է նշել, որ ներկա գտնվողները նույնպես կայտառությամբ չէին առանձնանում և այդ ամբողջին հետևում էին նստած:

veteran1

Հուշարձանի մոտ վետերաններին Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորեց և նրանց քաջառողջություն մաղթեց Ախալքալաքի շրջանից Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր` Սամվել Պետրոսյանը: Նա նաև նշեց, որ այսօր երկակի հաղթանակի օր է, և որ տոնվում է նաև Շուշիի ազատագրման օրը:

Վետերաններին շնորհավորեց նաև Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ` Համլետ Մովսիսյանը: Նա, մասնավորապես նշեց.

«Մեր ժողովրդի մեջ գեներով է հաղթանակը գալիս: Այդ մարդիկ պայքարում են իրենց հողի, ազատության, երջանկության, իրենց երեխաների վաղվա օրվա համար, ի տարբերություն մեր հակառակորդի, որոնք հերոսի կոչման են արժանանում, իրենց պետության կողմից, սպանելով կողքին քնածին», – ասաց Համլետ Մովսիսյանը:

Իր ընկերներին շնորհավորեց և երկար տարիների կյանք մաղթեց Ախալքալաքի շրջանի վետերանների միության նախագահ` Մկրտիչ Քթոյանը, նշելով, որ միևնույն է տարիները իրենցն անում են և իրենք տարեց տարի ավելի են քչանում:

veteran2

Շրջանային վարչությունը վետերանների համար կազմակերպել էր տոնական ճաշ:

Բոլոր 17 վետերանները (այդ թվում, ով մահացել էր երեկ) կստանան դրամական աջակցություն` 900 լարիի չափով, որից 600 լարին հատկացրել է կենտրոնական կառավարությունը, իսկ 300 լարին` Ախալքալաքի շրջանը: Ֆինանսական օգնություն 450 լարիի չափով կստանան նաև Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների չորս ընտանիքներ:

Շուշան Շիրինյան