Սամեգրելոյում աղմկոտ է: Գյուղերից մեկի բնակչությունն այրել է 8-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված հոր ու որդու տունը:

Դեպքի վայրում մոբիլիզացվել են իրավապահները: Գյուղացիները պահանջում են մեղադրյալի խստագույն պատիժը:

Հիշեցնենք, որ երեկ Մարտվիլիի շրջանի գյուղերից մեկում անչափահասին բռնաբարելու մեղադրանքով բերման էին ենթարկվել հայր ու որդի, իսկ 8-ամյա աղջիկն արդեն անցել է դատաբժշկական փորձաքննություն: Ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալվածները երեխայի հարեւաններն են:

Հաղորդվում է նաեւ, որ հայրն ու որդին ստիպել են երեխային գաղտնի պահել այս փաստը՝ սպառնալով սպանել նրան: Ինչպես AMBEBI.GE-ի հետ զրույցում ասել է հարեւաններից մեկը, երեխան ծնողներին պատմել է կատարվածի մասին այն բանից հետո, երբ իրեն սկսել են անհանգստացնել ուժեղ ցավերը:

«Ամբողջ գյուղը ոտքի էր կանգնել: Այն բանից հետո, երբ ոստիկանները հորն ու որդուն տարան, հարևանները ստիպեցին նրանց ընտանիքի անդամներին հեռանալ: Տեղի է ունեցել նաեւ ֆիզիկական բախում: Որդին՝ մինչեւ 35 տարեկան է, հայրը՝ մոտ 60 տարեկան: Երկուսն էլ կին ու երեխա ունեն, իրենց ընտանիքում նույնպես երեխաներ են մեծացել: Այս ընտանիքը երբեք լավ համբավ ունեցող ընտանիք չի եղել, բայց մեզանից ոչ ոք չէր կարող նման բան պատկերացնել», – ասել է հարեւաններից մեկը:

Հետաքննությունն իրականացվում է ՔՕ 137 հոդվածի (բռնաբարություն) համաձայն, որը պատժի տեսքով նախատեսում է վեցից ութ տարի ազատազրկում: