Մինչև 22 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում Ախալքալաքի բռնցքամարտիկ Արտյոմ Յորդանյանը եզրափակիչ ռինգ է դուրս եկել Ռուսաստանը ներկայացնող ախալքալաքցի բռնցքամարտիկ Վլադիմիր Ուզունյանի հետ: 1 միավորի տարբերությամբ դժվարին պայքարում հաղթանակ է տարել Վլադիմիր Ուզունյանը:

Արտյոմ Յորդանյանը Վրաստանի համար նվաճել է արծաթ: Վրաստանի ազգային հավաքականի 10 բռնցքամարտիկներից եզրափակիչ էին անցել երկուսը՝ Արտյոմ Յորդանյանը և Նիկոլոզ Բեգաձեն: Բեգաձեն նույնպես զբաղեցրեց երկրորդ տեղը՝ 3:2 հաշվով պարտության մատնելով ուկրաինացուն:

Վրաստանի հավաքականի 10 բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչ էին անցել 4 մարզիկներ, որոնցից 2-ը Ախալքալաքից էին: Այս մրցաշարից վրացական մեդալների հավաքածուին ավելացվեց երկու բրոնզ և երկու արծաթ: Ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանն այս մրցաշարում նույնպես բրոնզե մեդալակիր է:

Առաջնությանը մասնակցում են 41 երկրների բռնցքամարտիկներ: Վրաստանի հավաքականում կա 10 մարզիկ:

Արտյոմ Յորդանյանն Ախալքալաքի մարզահամալիրի 22-ամյա բռնցքամարտիկ է: Նա Կլիչկո եղբայրների չեմպիոնական գոտու սեփականատերն է, միջազգային և եվրոպական շատ առաջնությունների մեդալակիր:

Վլադիմիր Ուզունյանը ծագումով Ախալքալաքի Կուլիկամ գյուղից է, որը նույնպես տարբեր առաջնությունների մրցանակակիր է: