EUMM-ի աշխատանքի, Վրաստանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտության տարածքների հետ սահմանակից տեղայնքներում տիրող իրավիճակին, դեպի լավը և հակառակը փոփոխությունների մասին Jnews-ը զրուցել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շիգելի հետ:

Ընդհանուր առմամբ, ինչո՞ւմն է կայանում Ջավախքում ձեր մոնիտորինգի նպատակը, գաղափարը:

– Մենք միշտ այցելում ենք Վրաստանի շրջաններ, հատկապես այն շրջաններ, որոնք մեզ մոտ հետաքրքրություն են աժաջացնում: Ինձ նախորդող պաշտոնատար անձը նույնպես այցելել է այս շրջան: Մեզ համար կարևոր է տեղում «առաջնային աղբյուրից» տեղեկատվություն ստանալ իրավիճակի մասին, անմիջական փոխհարաբերություններ ունենալ տեղի բնակիչների հետ, հատկապես այն շրջաններում, որտեղ ապրում են ազգային փոքրամասնությունները:

EUMM-ն աշխատում է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանակից տարածքներում: Ի՞նչ առաջընթաց և փոփոխություններ կան:

– Մենք Վրաստանում միակ միջազգային դիտորդական առաքելությունն ենք: Մենք ունենք 211 միջազգային դիտորդ, որոնք ամեն օր վերահսկում են իրավիճակը Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանային գոտիներում: Բայց մեր մանդատն ընդգրկում է Վրաստանի ամբողջ տարածքը, հետևաբար, այս շրջաններում իրավիճակի լուսաբանմանը զուգընթաց, մենք նաև լուսաբանում ենք իրավիճակը Վրաստանի այլ շրջաններում: Փոփոխությունների տեսանկյունից երկու հիմնական բանը, որ մենք տեսնում ենք, կայունացումն ու նորմալացումն է: Առաջին դեպքում, ես կարծում եմ, որ EUMM-ը նշանակալի դեր է խաղում կայունության ապահովման գործում: Մեր ներկայությունը տեղում կանխարգելիչ բնույթ է կրում, քանի որ անվտանգության դերակատարները (security actors), իմանալով, որ այնտեղ մոնիտորինգ է իրականացվում, չեն ներգրավվում այնպիսի գործողություններում, որոնք կարող են խաթարել կայունությունը: Այսինքն՝ միայն դիտարկելով, մենք նրանց հետ ենք պահում անպատասխանատու գործողություններից:

Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը չի կատարում իր միջազգային պարտավորությունները 2008 թվականից, նա իր զորքերը դուրս չի բերել Հարավային Օսիայից և Աբխազիայից, ուստի չենք կարող խոսել գլոբալ կայունացման մասին: Ամեն դեպքում, մենք խոսում ենք միկրո մակարդակում կայունացման մասին, այն մարդկանց մասին, ովքեր ապրում են սահմանակից գոտիներում: Կարծում եմ, որ նրանց կյանքը շատ ավելի լավացել է, քան 10-20 տարի առաջ էր:

Նորմալացում ասելով` մենք նկատի ունենք վերադարձ քիչ թե շատ նորմալ կյանքին: Այստեղ կան ոլորտներ, որոնց դեպքում, ցավոք, մենք չենք կարող խոսել առաջընթացի մասին: Առաջինը՝ տեղաշարժի սահմանափակ ազատությունը: Հարավային Օսիայում 2019-ի սեպտեմբերից փակ են բոլոր անցակետերը:

Աբխազիայում մենք տեսնում ենք Ինգուրի անցակետի մասնակի բացումը, որի միջոցով արդեն մի քանի ամիս գործում է այսպես կոչված մարդասիրական միջանցքը: Բայց այն հասանելի է միայն քաղաքացիների որոշակի շերտի համար: Մենք առաջընթաց ենք տեսնում նաև բորդերիզացման, այսինքն` արգելքների արհեստական սահմանման գործընթացում, խրամատների, որոնք թույլ չեն տալիս մարդկանց հատել դրանք: Սա վախեցնում է, վախի զգացում է առաջացնում, և ովքեր անցնում են, միևնույն է, կանգնում են ձերբակալման վտանգի առաջ: Մենք փորձում ենք հետևել այս գործընթացին, բայց միտումները դրական չեն:

Համավարակը սկսվելուն պես տեղաշարժը սահմանափակվեց, բնակիչները չէին կարող գալ Գալիից Վրաստան: Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա:

– Աբխազիայում, Գալիում բնակվողների թվում կան մարդկանց 3 կատեգորիաներ, ովքեր իրավունք ունեն տեղաշարժվել դրանով: Սրանք կենսաթոշակառուներն են, բազմազավակ ընտանիքները և բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ:

Ինչպե՞ս է տեղի ունենում Վրաստանի կառավարության և ինքնահռչակ հանրապետությունների կառավարության միջև հաղորդակցությունը:

– Մենք ունենք թեժ գիծ, որը հասանելի է Թբիլիսիում, Սուխումիում և Ցխինվալիում: Մենք այս կապը տրամադրում ենք շուրջօրյա, և դա կարևոր է ոչ միայն հաղորդակցության, այլ նաև վստահություն ստեղծելու համար, քանի որ այս թեժ գծի միջոցով մենք լուծում ենք բազմաթիվ գործնական խնդիրներ: Օրինակ, եթե ինչ-որ մեկը ցանկանում է վրացական կողմից հիվանդանոց հասնել, մենք կապվում ենք երկու կողմերի հետ, տեղեկատվություն ենք հաղորդում և ստանում պատասխան, արդյո՞ք այդ տեղափոխումը հնարավոր է: Հարավային Օսիայի դեպքում թեժ գիծն ընդգրկում է ոռոգման, մարդկանց ձերբակալությունների և կալանավորումների, ինչպես նաև կորած կենդանիների հարցերին:

Ի՞նչ իրավիճակ է տարածքների ականազերծման հետ կապված: Այս հարցը արդիական էր մի քանի տարի առաջ, կենդանիները պայթում էին ականներից, մարդիկ ծանր վիրավորումներ էին ստանում:

– Մենք այս հարցով անմիջականորեն չենք զբաղվում, բայց համագործակցում ենք որոշ միջազգային գործընկերների հետ: Հիմա դա այլևս արդիական խնդիր չէ, քանի որ մեր հայտնաբերած ականապատ դաշտերը մաքրվել են, մենք դրան առնչվող հարցեր չունենք: Այնուամենայնիվ, հակառակ (խմբ. վարչական սահմանի) կողմում արձանագրվում է մեկ այլ ռազմական գործողություն, վարժանքներ, զորավարժություններ, մենք լսում ենք կրակոցներ, պայթյուններ, ուղղաթիռների ձայներ: Իհարկե, սա նվազեցնում է անվտանգության զգացումը տեղի բնակչության շրջանում:

Հարավային Օսիայի և Աբխազիայի կառավարությունները հայտարարում են, որ ցանկանում են ճանաչում ստանալ աշխարհի կողմից, բայց միևնույն ժամանակ նրանք չեն համագործակցում ԵԱՀԿ-ի պես միջազգային կազմակերպության հետ: Ինչու՞ կա նման աններդաշնակ համակցություն:

– Չեմ կարծում, որ սա պաշտոնական դիրքորոշում է, այդ շրջանները միջազգայնորեն ճանաչված չեն: Մենք ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և միայն փոքր թվով երկրներ են շեղվում այս ճանապարհից: Մենք բախվում ենք այնպիսի խնդրի, ինչպիսին է այս երկու շրջաններ մուտքի բացակայությունը: Չնայած այն հանգամանքին, որ մեր մանդատն ընդգրկում է Վրաստանի ամբողջ տարածքը, մենք չենք կարողանում հասնել այդ շրջաններ՝ դիտորդական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև հումանիտար կազմակերպությունների հետ՝ նրանց չի թույլատրվում մուտք գործել այդ շրջանների տարածք: Նման գործողությունները քաղաքական դրդապատճառներ ունեն, և մենք կարող ենք միայն դատել, թե ինչու են Աբխազիայի և Հարավային Օսիայի կառավարությունները հավատարիմ այդ մոտեցմանը: