Տարիներ շարունակ նախկին զինվորական ավանի և Ջիվանու թաղամասի բնակիչները խոսում էին Ախալքալաքն իրենց բնակության վայրի հետ կապող կամուրջը նորոգելու անհրաժեշտության մասին: Այս տարի տեղական իշխանությունները որոշեցին վերականգնել կամուրջը, բայց դրա համար անհրաժեշտ է կամուրջը փակել մոտ 2 ամսով: Վերականգնողական աշխատանքների մեկնարկից հետո պարզվեց, որ կամրջի փակումը այլ խնդիրների առաջացման պատճառ է դարձել:
Ախալքալաքի և նախկին զինվորական ավանի ու Ջիվանու թաղամասի միջև կա գեղատեսիլ կանաչածածկ կիրճ: Խորհրդային տարիներին այս կիրճի վրա կամուրջ էր կառուցվել: Հետիոտնային այս կամրջի միջոցով զինվորականները կարողանում էին գալ քաղաք: Ախալքալաքից ռուսական ռազմական ուժերի դուրս բերմամբ «գորոդոկը» մասամբ բնակեցվեց տեղի բնակիչներով, մյուս մասը պատկանում է Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Ռուս զինվորականների դուրս բերմամբ կամրջի խնամքը վստահվեց տեղի իշխանություններին: 30 տարի շարունակ կամուրջը մասամբ էր վերանորոգվում: Կամրջով անցնելիս փայտե ծածկը ճռռում էր և ոտքերի տակ թեքվում: Ժամանակի ընթացքում նրա վրա առաջացել են անցքեր, որոնց նայելիս առաջանում է վախ բարձրութունից:
Արդեն մի քանի տարի է, ինչ տեղական իշխանությունները քննարկում են կամրջի ամբողջական վերականգնումը: Այս տարվա բյուջեի համաձայն՝ որոշվել է հատկացնել ֆինանսավորում: Տենդերը, երկար փորձերից հետո, շահել է Բաթումիից մի ընկերություն: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ կամուրջն ամբողջությամբ փակվում է, ինչը նշանակում է, որ բնակիչները ստիպված են տեղաշարժվել ավտոճանապարհով՝ քաղաք գնալ-գալու համար: Թեև, ոչ բոլոր բնակիչներն ունեն մեքենաներ:
Մարդկանց համար վտանգավոր է ոտքով 2 կիլոմետր քայլելը: Այս ճանապարհին հիմնականում մայթեր չկան, ոլորուն ճանապարհը տեսադաշտը սահմանափակում է: Իսկ եթե տաքսիով երթևեկել, ապա դա բավականին թանկ է՝ մեկ ուղղությունը միայն 4-5 լարի է: Ջիվանու թաղամասի և զինվորական ավանի բնակիչները հետիոտնային այս կամրջի վրայով անցնում են օրեկան մի քանի անգամ: Փակման մասին հայտարարությունից հետո շատերը, ովքեր սովորում են, աշխատում են և առևտուր անում, խնդրի առաջ են կանգնել:
Այսօր դեռ հնարավոր է քայլել կամրջի վրայով, չնայած այնտեղ արդեն պատրաստվում են, մոտ օրերս նախատեսում են փակել այն: Կամրջի մոտ կա տեղեկատվական տախտակ, որտեղ ասվում է, որ կամրջի վերականգնողական աշխատանքներն իրականացնելու է ՍՊԸ «Գրաբիոն 2000»-ը:
Զինվորական ավանում մարդիկ զբաղված են իրենց գործերով: Մոտակայքում բնակիչները վերմակ էին լվանում: Կանայք վրդովված էին այն փաստից, որ ստիպված են լինելու ավել վճարել այն բանի համար, որի համար ընդհանրապես չեն վճարել:
«Իհարկե, անհրաժեշտ է, որ հոգ տանեն, կազմակերպեն ինչ-որ տրանսպորտ: Առավոտյան այստեղից գնում են քաղաք՝ աշխատելու, իրենց երեխաներին տանում են լրացուցիչ պարապմունքների և վերջապես գնումներ կատարելու: Չի կարելի մարդկանց թողնել առանց տրանսպորտի: Դե իսկ տաքսին շատ թանկ է՝ 5 լարի: Մենք տաքսիի համար փող չունենք: Նույնիսկ եթե չես աշխատում, միշտ կա պատրվակ քաղաք գնալու, թոշակ ստանալու համար, ինչ-որ հաստատություն այցելելու համար», – ասում է ավանից մի տարեց կին։
«Ճիշտն ասած, նախկինում, երբ կամուրջը փակում էին վերականգնման համար: Երբ ռազմաբազան էր, ներքևում երկաթյա կամուրջներ տեղադրեցին, որոնց երկայնքով տանկերը շրջում էին, և մենք հանգիստ քայլում էինք գետի վրայով՝ կամրջի տակով: Ուրախ եմ, որ այն կվերականգնվի և կամրացվի: Բայց դա պետք է այնպես անել, որ մարդկանց հարմարավետ անցումն ապահովվի: Քաղաքում շատ մարդիկ են աշխատում, երեխաներն էլ են գնում», – ասում է նախկին զինվորական ավանի բնակիչ Էմման:
«Ես աշխատում եմ փռում, հաց եմ թխում: Ի՞նչ անենք մենք: Լուծումը պետք է լինի այն, որ տրանսպորտով պետք է ապահովեն: Այլ լուծում չկա: Ստացվում է, որ ես պետք է տաքսիի վրա պիտի ծախսեմ աշխատավարձս, այդ դեպքում ինչու՞ աշխատել: Երկու ամիս սոված ենք նստելու: Երեխաներն ել պարի են գնում, ստացվում է, որ նրանց նույնպես պետք է տանը թողնել: Մենք անընդհատ տաքսիով չենք կարող քաղաք գնալ: Միայն աշխատանքի գնալն ու գալը մեկ օրում կարժենա 10 լարի, իսկ ես օրը 20 լարի եմ ստանում», – ասում է ավանի մեկ այլ բնակիչ:
Զինվորական ավանից ելքի վայրում կանգնած է սպիտակ երթուղային տաքսի: Ինչպես պարզվեց, ելքը գտնվել է: Վարորդը մեզ հայտնեց, որ երթուղայինը քաղաքից 1 լարիով կբերի մինչև քաղաքային հիվանդանոց, մեքենան կգնա յուրաքանչյուր 20 րոպեն մեկ: Բնակիչներից մեկի հարցին, թե ինչու ոչ 50 թեթրի, վարորդը պատասխանեց, որ բենզինը թանկ է, ավելի էժանով չի ստացվում: Չնայած ոչ ոք դեռ չի օգտվում երթուղայինից, մարդիկ դեռ չգիտեն, որ կա այսպիսի հնարավորություն, չնայած բնակիչները կարծում են, որ ավելի լավ կլիներ, եթե 50 թեթրի լիներ, բայց 1 լարին գոնե 5-ից պակաս է: