Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում զբոսայգի է կառուցվում: Բարերարն արմատներով նույն գյուղից, ռուսաստանաբնակ Պետյա Գուլախսզյանն է։
Զբոսայգին գյուղում կզբաղեցնի 50-38 մետր տարածք։ Կառուցման աշխատանքներն սկսվել են 15 օր առաջ, աշխատողները հույս ունեն, որ մինչև օգոստոսի կեսերին ավարտին կհասցնեն։ Զբոսայգին կլինի գյուղի կենտրոնում, մշակութի տան դիմաց։
Գյուղացիների խոսքերով, բարեգործը ցանկանում է հենց զբոսայգի կառուցել, որպեսզի տարեցները և երեխաները զբոսանքի վայր ունենան։
«Զբոսայգին բարերարը կառուցում է, որպեսզի ծերերը, երեխաները քայլելու, զբաղմունքի տեղ ունենան։ Գյուղացիները, բոլորն էլ շատ ուրախ են, գովաբանում են նրա ձեռնարկած գործը։ Մեր բարեգործի հիմնական նպատակը մեկն է, որ գյուղացին գյուղից դուրս չգա, գյուղում իրեն լավ զգա», – ասում է Կարտիկամ գյուղի բնակիչ Վլադիմիր Ամիրխանյանը:
Զբոսայգու կառուցման աշխատանքներում ներգրավված է 12 մարդ: Նրանք ոչ միայն Կարտիկամ գյուղի բնակիչներ են, այլ նաև՝ շրջանի մյուս գյուղերի։
Կարտիկամ գյուղում վստահեցնում են, սա Պետյա Գուլախսզյանի առաջին բարի գործը չէ հայրենի բնակավայրում, այլ՝ հերթականը: