Պատվաստման ամբողջական կուրսը՝ կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափով պատվաստումն է։ Վրաստանում պատվաստման ամբողջական կուրսն անցել է 69197 քաղաքացի: Նրանցից միայն 0.2%-ն է վարակվել։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Այս պահի դրությամբ, Վրաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափով պատվաստվել է 212 163 մարդ: Մեկ դեղաչափով պատվաստվածների շրջանում վարակմամ ցուցանիշը 0.8% է կազմում:
Ըստ Գամկղրելիձեի, գրեթե բոլոր քաղաքացիների մոտ, ովքեր պատվաստվել են, իսկ հետո՝ վարակվել, հիվանդության ընթացքը եղել է թեթև:
Գլխավոր համաճարակաբանը հայտնել է նաև, որ Վրաստանը կկրճատի այն ժամանակահատվածը, որը պահպանվում է այն մարդկանց պատվաստելու դեպքում, ովքեր վերջերս հիվանդացել են կորոնավիրուսով:
Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսին, երբ երկրում կլինի բավարար քանակությամբ պատվաստանյութեր:
Ներկայումս քաղաքացիները կարող են պատվաստվել հիվանդանալուց չորս ամիս անց: Գամկղրելիձեն չի հստակեցրել, թե որքանով կփոխվի այս ժամանակահատվածը:
«Որոշ երկրներում պահպանվում է մեկից երեք ամիս ընդմիջում, որոշներում՝ երկու: Մենք կվերանայենք այս հարցը լավագույն պրակտիկայի և փորձի հիման վրա, և, հավանաբար, հուլիսին այս ժամանակահատվածը կկրճատվի», – հայտարարել է Գամկղրելիձեն:
Ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանում մարտին պատվաստումների միջին մակարդակը կազմել է օրական 450, ապրիլին՝ 1200, մայիսին՝ 3500, հունիսին՝ 5200:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ից: Վրաստանի քաղաքացիները պատվաստվում են այն պատվաստանյութերով, որոնք հավատարմագրվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ AstraZeneca, Pfizer, Sinopharm և Sinovac: