Վրաստանի հանրային դպրոցներում մեկնարկել են ամառային արձակուրդները, երկրում պաշտոնապես ավարտվել է ուսումնակրթական գործընթացը, դպրոցականները հրաժեշտ են տալիս ուսուցիչներին մինչ սեպտեմբերի կեսերը:
Վրաստանի Կրթության և գիտության փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեն, ով այցելել էր Խևսուրեթի բարձրալեռ շրջանի Շատիլի գյուղի դպրոց, շնորհավորել է դպրոցականներին և ուսուցիչներին ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ:
Ներկայումս Շատիլիի դպրոցում սովորում է ընդամենը չորս աշակերտ:
Դգեբուաձեն շնորհավորել է աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին ուսման ավարտի կապակցությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել հանրապետության բոլոր դպրոցների ուսուցիչներին` իրենց զգուշավորության և համաճարակաբանական միջոցառումները կատարելու համար և հույս հայտնել, որ նոր ուսումնական տարին կսկսվի դպրոցական պատերի ներսում:
Նա հիշեցրել է, որ ընթացիկ ուսումնական տարին անցել է կորոնավիրուսի տարածման պատճառով կետային սահմանափակումների ֆոնին, և դպրոցականները հաճախ ստիպված են եղել անցնել առցանց կրթության, չնայած նրանց հաջողվել է տարին ավարտել սովորական ռեժիմով՝ կրթություն ստանալով դասասենյակներում: