Ադրբեջանի կողմից փոխանցված հայ ռազմագերիներն արդեն գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին հայտարարել է վարչապետ պաշտոնակատարը՝ Գավառում իր կողմնակիցների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ երկու օր առաջ ինքը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին, ով պատմել է ռազմագերիների հարցում առաջընթացի հասնելու մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից ստացված կարգադրության մասին:
Ռիքերը հաղորդել է, որ եթե հայկական կողմը պատրաստ է համագործակցության, ապա ԱՄՆ-ն պատրաստ է ներգրավվել գործընթացին: Փաշինյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
«Մեր եղբայրները վերադարձել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, մեր վրացի եղբայրների, Եվրամիության գործընկերների ջանքերի շնորհիվ: Նրանք Ադրբեջանից Վրաստան են մտել Կարմիր խաչի օգնությամբ, այնուհետև Բագրատաշենի անցակետով Հայաստան», – ասել է նա:
Նա վերադարձած զինծառայողների հարազատներին հորդորել է իրարանցում չստեղծել, թույլ տալ նրանց բժշկական հետազոտություներն անցնել, որից հետո խոստացել է հանդիպում կազմակերպել: