«Այսօր նշանակալից օր է, քանի որ մենք շատ կարևոր փաստաթուղթ ստորագրեցինք, համաձայն որի՝ Վրաստանին, որպես լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրվի 483 միլիոն եվրո», – Վրաստանի և Ֆրանսիայի զարգացման գործակալության (AFD) միջև 2021-2023թթ. համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանում Ֆրանսիայի զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվում են կարևոր նախագծեր և ծրագրեր:
«Այսօր նշանակալից օր է, քանի որ մենք շատ կարևոր փաստաթուղթ ստորագրեցինք, համաձայն որի՝ Վրաստանին, որպես լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրվի 483 միլիոն եվրո: Սա շատ կարևոր է մեր երկրի համար:
Այս գումարից 33 միլիոն եվրոն դրամաշնորհ է, որը կփոխանցվի Վրաստանի կառավարությանը: Մենք հիանալի համագործակցություն ունենք Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ: Գործակալության կողմից 2017-ին տարածաշրջանային գրասենյակ բացելուց հետո մեր համագործակցությունն ակտիվացել և ընդլայնվել է… Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությամբ Վրաստանում իրականացվում են կարևոր նախագծեր և ծրագրեր: Ես նույնպես կցանկանայի երախտագիտությամբ ընդունել Ֆրանսիայի կառավարության աջակցությունը, հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ, և հիմա՝ հետհամավարակային շրջանում:
Դուք գիտեք, որ անցյալ տարի մենք 190 միլիոն եվրո օգնություն էինք ստացել, որը օգնեց կառավարությանը հաղթահարել համավարակի պատճառած դժվարությունները՝ ինչպես սոցիալական ծրագրերի մշակման, այնպես էլ փոքր և միջին բիզնեսի աջակցության հարցում, ինչպես նաև միկրոտնտեսական կայունության պահպանման գործում», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է վարչապետը, 483 միլիոն եվրոյի չափով օժանդակության շրջանակներում երկրում կարևոր ծրագրեր և նախագծեր կիրականացվեն տարբեր ոլորտներում, այդ թվում` էներգետիկայի, մասնավոր հատվածի զարգացման, առողջապահության, շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղատնտեսության, ոռոգման, ջրամատակարարման և տարածաշրջանային զարգացման։