Ինչպես այսօր հաղորդել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, երեկ Ախալցիխեում տեղի է ունեցել նախարարության արտագնա խորհրդակցություն: Ապրիլի 23-ին, հայերի և վրացիների միջև տեղի ունեցած բախումների քննարկման և ոստիկանությունում հետագա միջադեպի մասին պաշտոնական հայտարարությունում չի խոսվում:
Ինչպես նշված է Ներքին Գործերի նախարարության պաշտոնական զեկույցում, գերատեսչության ղեկավար` Գիորգի Մղեբրիշվիլին հանդիպել է Թբիլիսիի և մարզային ոստիկանության բաժինների ղեկավարների հետ: Աշխատանքային հանդիպման ժամանակ Մղեբրիշվիլին ծանոթացել է տարածաշրջաններում տիրող իրավիճակին:
Նախարարը ոստիկանության բաժինների ղեկավարների հետ քննարկել է պրոբլեմատիկ հարցերը և առաջնահերթությունները, և նոր հրահանգներ է տվել:
«Ինչպես հանդիպման ժամանակ նշել է Մղեբրիշվիլին, Ներքին Գործերի նախարարությունը շարունակում է հանցավորության դեմ անզիջում պայքարը, առավելագույնս ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը: Ներքին գործերի նախարարը հայտնել է իր լիակատար աջակցությունը իրավապահ մարմիններին` հանցավորության դեմ պայքարում», – ասված է հաղորդագրությունում:
Ինչպես jnews.ge գրել էր ավելի վաղ, նախարարն իր այցի ընթացքում անձամբ ծանոթացել էր իրավիճակին, որը տեղի է ունեցել ապրիլի 23-24-ին, սակայն տվյալ հարցի հետ կապված կոնկրետ որոշումներ և գործողությունները ներկա պահին դեռ չկան:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին երեկոյան, երբ ավանդական ամենամյա Ջահերով երթից հետո Ախալցիխեի քաղաքապետարանի որոշ գյուղերի հայ երիտասարդները խարույկ են վառել, նրանց և մի խումբ վրացիների միջև, տեղի է ունեցել բախում, որը շուտով ավարտվել է: Դրանից հետո, երիտասարդներին տեղափոխել են ոստիկանություն և, նրանց խոսքերով, հարցաքննության ժամանակ ենթարկել խոշտանգումների և անարգել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այս տեղեկատվությունը խիստ վրդովմունք է առաջացրել Սամցխե-Ջավախքի հայ բնակչության շրջանում: