Հունիսի 9-ին, Բորժոմի-Խարագաուլիի ազգային պարկում բացվել է զբոսաշրջային նոր երթուղի: 32-կիլոմետրանոց համայնապատկերային արահետը միացնում է Ախալդաբա գյուղը, Դիդ Քարթա լեռը, Շուանո լեռը և Նեձվի գյուղը: Զբոսաշրջիկները կարող են այցելել նաև պատմական վայրեր, այդ թվում՝ Թամար թագուհու բերդ-ամրոցը, որը թվագրվում է IX-X դարեր:

Նոր զբոսաշրջային արահետը հագեցած է էկոտուրիզմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքով, այդ թվում՝ միջազգային ցուցանակներով, ժամանակակից ճամբարային վայրերով ու զբոսաշրջիկների համար քոթեջներով:

Արահետը կառուցվել է Պահպանվող տարածքների գործակալության կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Գլոբալ բնապահպանական ծրագրի (GEF) և Բնության կովկասյան հիմնադրամի (CNF) աջակցությամբ: Ծրագրի բյուջեն կազմել է 230 հազար լարի (ավելի քան 73 հազար դոլար):

Նեձվիի զբոսաշրջային արահետի զարգացումն ավելի լայն ծրագրի մաս է կազմում, որն ուղղված է Վրաստանի տասներկու հիմնական պահպանվող տարածքների կայուն կառավարման բարելավմանը:

Հունիսի 8-ին Նեձվիի զբոսաշրջային արահետ էին այցելել Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին, UNDP-ի ներկայիս ղեկավար Աննա Չերնիշովան և CNF-ի ղեկավար Տոբիաս Մունկմայերը:

«Բորժոմի-Խարագաուլիի պահպանվող տարածքում, որը գտնվում է ծովի մակարդակից երկու հազար մետր բարձրության վրա, կազմակերպվել է զբոսաշրջային նոր արահետ, որը կհետաքրքրի շատ այցելուների, ովքեր ցանկանում են ծանոթանալ էկոտուրիզմին և մեր երկրի գեղատեսիլ վայրերին:

2020 թվականին, չնայած համավարակին, պահպանվող տարածքներում վերականգնվել է էկոզբոսաշրջային 200 կիլոմետր արահետ:

Այս տարի նախարարությունն աշխատում է նաև արահետների վերականգնման և էկոտուրիստական ենթակառուցվածքների վերազինման ուղղությամբ, ինչը շատ կարևոր է մեր երկրի տնտեսության համար: Առաջիկա երեք տարիներին մենք պահպանվող տարածքներում նախատեսում ենք վերականգնել 1200 կմ երկարությամբ էկոզբոսաշրջային ուղիներ», – ասել է Լեւան Դավիթաշվիլին:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն (UNDP) արդեն տասը տարի շարունակ աջակցում է Վրաստանի պահպանվող տարածքներին: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությունը տրամադրվում է Պահպանվող տարածքների գործակալության սերտ համագործակցությամբ` Գլոբալ շրջակա միջավայրի ծրագրի (GEF) և Շվեդիայի կառավարության աջակցությամբ: Վերջին տարիներին իրականացված նախագծերի և նախաձեռնությունների հիմնական ուղղություններն են պահպանվող տարածքների պաշտպանության ռազմավարության և գործողությունների ծրագրերի մշակումը, դրանց ֆինանսական կայունության ապահովումը, անտառապահների կրթության և համապատասխան պարագաներով ապահովման խթանումը, էկոտուրիզմի զարգացումը և զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծումը: