ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) պատրաստ է աջակցել Վրաստանի կառավարությանը` մեծ հաստատություններից երեխաներին ընտանեկան և համայնքային հաստատություններ տեղափոխելու հարցում, ասվում է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ:

Երեխաներին հաստատություններից դուրս բերելիս պետք է զգույշ լինել: Երեխաներին տրավմայի ենթարկելուց խուսափելու համար պետք է առաջնահերթ համարել նրանց լավագույն շահերը, շեշտում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Անհրաժեշտ է խոշոր մանկատներում գտնվող երեխաների գնահատումը, որի հիման վրա երեխաները պետք է փոխանցվեն ընտանիքների և համայնքների խնամքին, և այս գործընթացում առաջնությունը պետք է տրվի երեխաների վերադարձին իրենց սեփական ընտանիքներ, իսկ այդ գործընթացում պետք է ներգրավվեն միայն այն մասնագետները, ովքեր ունեն համապատասխան հմտություններ և գիտելիքներ՝ երեխաների հետ հաղորդակցվելու և աշխատելու համար:

«Երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ սեռական բռնության ցանկացած ձևի հետ կապված ընթացիկ հետաքննությունը պետք է իրականացվի արագ և երեխանների վրա կենտոնացած ընթացակարգերին համապատասխան: Համապատասխան քննչական ընթացակարգերում ներգրավված երեխաները պետք է պաշտպանված լինեն. Տրավմաներից և զոհազերծումից ամեն գնով պետք է խուսափել: Այս գործընթացում նրանց պետք է տրամադրվի իրավաբանական օգնություն և տրամադրվեն բոլոր անհրաժեշտ երաշխիքները», – ասվում է Հիմնադրամի հայտարարության մեջ:

Հաստատություններում երեխաները պետք է ունենան ծանուցման մեխանիզմի հասանելիություն` բռնության կամ կոպիտ վերաբերմունքի մասին հաղորդելու նպատակով: Հաստատություններում երեխաների համար պետք է անհատական ծրագիր մշակվի` այլընտրանքային խնամքի և անհրաժեշտ մասնագիտական օգնության համապատասխան ձևը որոշելու համար, հիշեցնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը իր հայտարարությունը տարածել է Նինոծմինդայում (Սամցխե-Ջավախքի շրջան) Պատրիարքարանի հովանավորության տակ գտնվող մանկատան շուրջ սկանդալի ֆոնին: Սկանդալն առաջացել էր երկու շաբաթ առաջ՝ ՄԻՊ գրասենյակի կողմից մանկատանը երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերվելու դեպքերի մասին հայտարարությունից հետո և այն մասին, որ Հանրային պաշտպանի աշխատակազմին մանկատուն մուտքը չի թույլատրվել: Այս շաբաթ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն էր սկսել:

Թբիլիսիի քաղաքային դատարանը շաբաթ օրը բավարարել էր «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (PHR) հասարակական կազմակերպության հայցերը՝ համապատասխան պետական գերատեսչություններին հանձնարարելով անհապաղ սկսել տեղափոխել երեխաներին մանկատնից՝ հիմնվելով անչափահասների կյանքի և առողջության համար հնարավոր ռիսկերի գոյության վրա:

Վերջին տվյալների համաձայն՝ Թրաֆիքինգի զոհերի և պետական խնամակալության աջակցության գործակալությունն ապահովել է մանկատնից 27 անչափահասների, այդ թվում՝ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների դուրսբերումը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, այս պահին հաստատությունում մնում է շուրջ 30 երեխա: Իր հերթին, Վրաստանի Պատրիարքարանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը: