Արդեն երկու օր է, ինչ փրկարարները շարունակում են Աբասթումանիի արգելոցում (Սամցխե-Ջավախքի շրջան) փնթրել յոթ անհետ կորած մարդու: Այս մասին հայտնում է Formula հեռուստաալիքը:

Ըստ տարածված տեղեկատվության՝ անհայտ կորածներն Ախալցիխեի շրջանի բնակիչներ են: Խումբը քայլարշավի էր գնացել և պետք է վերադառնար հունիսի 4-ին, բայց մինչ այժմ նրանց գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ:

Ներկայումս երիտասարդների որոնման աշխատանքներում ներգրավված են 40 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև նրանց հարազատներն ու արգելոցի անտառապահները:

Աբասթումանիում Ադիգենիի քաղաքապետի ներկայացուցիչ Վասիլ Մեգենեիշվիլին կարծում է, որ խումբը ուղղակի մոլորվել է: Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Աբասթումանիի անտառն անվտանգ է, քանի որ բարձր ժայռեր չկան, և որսագողերը որս չեն անում այնտեղ: Պաշտոնյան ընդհանրապես չի կասկածում, որ մոտ ապագայում բոլոր յոթին էլ կգտնեն ողջ և առողջ: