«Հուսով ենք, որ վրացական կողմի հետ ակտիվորեն համագործակցելու ենք Ուկրաինայի նախաձեռնած Ղրիմի պլատֆորմի շրջանակներում, որն ուղղված է թերակղզու ապաբռնազավթմանը», – Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:
«Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կողմից շարունակվող ապակայունացման գործողությունները ստիպում են Ուկրաինային և Վրաստանին ավելի սերտ համագործակցել անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում` ՆԱՏՕ-ի երկրների ներգրավմամբ:
Մենք անկեղծորեն երախտապարտ ենք Վրաստանին և շատ բարձր ենք գնահատում նրա աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ղրիմի ապօրինի բռնակցման փորձի չճանաչմանը և Դոնբասի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի դատապարտմանը:
Իմ կողմից, ես կցանկանայի վերահաստատել Ուկրաինայի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Վարչապետի հետ բանակցությունների ընթացքում ես հաստատեցի, որ Ուկրաինան համահեղինակ է լինելու ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախագծերին, որոնք վերաբերում են Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում ապօրինի տեղակայված ռուսական զորքերի դուրսբերման, ինչպես նաև փախստականների կարգավիճակի մասին», – ասել է Դենիս Շմիգալը:
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի ու Ուկրաինայի ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցերը:
«Մեր հանդիպման հիմնական հարցերից մեկը մեր ձգտումն էր դեպի Եվրամիություն: Իհարկե, երկու երկրներն էլ հստակ կազմավորված են Եվրամիության անդամ դառնալու համար, և մենք, բնականաբար, շատ ենք խոսել այս հարցի շուրջ: Ինչպես գիտեք, այս տարվա մայիսի 17-ին Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան հուշագիր ստորագրեցին «Ասոցացված եռյակի» ստեղծման վերաբերյալ, որը շատ կարևոր քաղաքական հայտ է: Մենք քննարկեցինք նաև Վրաստանի և Ուկրաինայի ինտեգրումը ՆԱՏՕ-ին: Երկու երկրներն էլ շատ մոտիվացված են շատ շուտ դառնալու ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Ինչպես գիտեք, Բուխարեստի գագաթնաժողովում դաշնակիցները որոշեցին, որ Վրաստանը և Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, և տարիների ընթացքում մեր երկրները զգալի առաջընթաց են գրանցել այս ճանապարհին», – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ համատեղ ճեպազրույցում: