Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը Ախալքալաքում կնշվի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու բակում։
Վաղը ժամը 14:00-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում կանցկացվի տոնական միջոցառում՝ նվիրված մանուկների օրվան։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Նարեկ քհն․ Տիգրանյանը կանցկացնի մանուկների օրհնության կարգ, որից հետո երեխաներին սպասվում է բազում անակնկալներ, խաղ-մրցույթներ, հանդիպում սիրված մուլտհերոսների հետ: Կլինի նաև համերգային ծրագիր՝ առաջնորդական փոխանորդության հովանու ներքո գործող խմբակների մասնակցությամբ:
Այս տարի Ախալքալաքի Խաս Բախչա այգում միջոցառում չի լինի։ Ինչպես ասում է Վալերի Ստելմաշովը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետը, ամեն տարի միջոցառմանը մասնակցել են մանկապարտեզի սաները, իսկ այս տարի համավարակի հետ կապված նրանք չեն կարող այդպիսի միջացառում կազմակերպել։
Նաև փասենք, որ քաղաքի կենտրոնական այգում այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հաստատվել է 1949 թվականին Փարիզում, Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։