Կորխ գյուղում «Աիսի» ընկերությունը, նոր հիդրոէլեկտրակայանների նախագծի սոցիալական ծրագրերի շրջանակներում, կառուցում է ժամանակակից չափանիշներով մարզահամալիր՝ մարզադահլիճով և լողավազանով (կառուցվում է գետի վրա և լցվելու է գետի ջրով): Այս երկու օբյեկտների շինարարությունն արդեն սկսվել է, բայց Կորխ գյուղում շատերը դժգոհ են այս որոշումից և կարծում են, որ դաշտերը ոռոգելու համար, գյուղին ավելի շատ պոմպակայան է պետք:

«Աիսի» ընկերությունն Ախալքալաքի մունիցիպալիտետում կառուցում է երկու ՀԷԿ՝ Ախալքալաք 1 և Ախալքալաք 2: Նախագծի սոցիալական ծրագրերի շրջանակներում և Կորխ գյուղի բնակիչների համաձայնությամբ, ընկերությունը գյուղում մարզադահլիճ և լողավազան է կառուցում: Սակայն, երբ Jnews- ն այցելեց գյուղ, որոշ բնակիչներ իրենց դժգոհությունը հայտնեցին ընտրված ենթակառուցվածքային աշխատանքների հարցում:

«Երիտասարդներն առանց մեզ տեղյակ պահելու ստորագրել են, մեր ինչին է պետք մարզադահլիճ, մեզ ջուր էր պետք՝ դաշտերը ոռոգելու համար», – բողոքում է Վաղուշ Մակարյանը:

«Մի քանի երիտասարդներ համաձայնել են, ու հիմա ոչինչ այլևս չես փոխի, մեզ դաշտերը ոռոգելու համար պետք էր ջուր: Մենք ունեինք (պոմպակայան), բայց այն փչացել է: Անհրաժեշտ էր խողովակներով ջուրը բարձրացնել, որպեսզի կարողանայինք ոռոգել կարտոֆիլի դաշտերը: Մեզ ընդհանրապես լողավազան պետք չէր, այնպես էլ մենք գետում էինք լողանում », – ասաց մեկ այլ բնակիչ, ով չցանկացավ ներկայանալ:

Ենթակառուցվածքներ ընտրելու կարծիքները գյուղում բաժանվեցին երկու մասի, կեսը մարզադահլիճի կառուցմանն էին կողմ, մյուս կեսն էլ` պոմպակայանի վերականգնմանը:

Սակայն, որոշումը կայացված է, և արդեն մեկ ամիս է, ինչ սկսվել են շինարարական աշխատանքները:

Էդիկ Մելտոնյանը մարզադահլիճի կառուցման աշխատանքների ղեկավարն է: Նրա խոսքով, մեկուկես ամսվա ընթացքում իրենք շինարարությունն կավարտեն:

«Կլինի լոգասենյակ, զուգարան և մեծ նախասրահ: Աշխատանքները բնականոն հունով են ընթանում, ոչ մի խնդիր չկա », – ասաց Էդիկ Մելտոնյանը:

Մարզադահլիճը կառուցող շինարարական ընկերության տնօրեն Թամազ Մաթիտաշվիլին, հարցին, թե կվերականգնվեն արդյոք ճանապարհները կամ այլ ենթակառուցվածքներ, ասաց հետևյալը.

«Սա չափազանց փոքր նախագիծ է (խմբ. Հիդրոէլեկտրակայանի կառուցումը), որպեսզի սոցիալական կարիքների համար մեծ գումարներ ծախսել, ինչ կարող ենք, այն էլ կառուցում ենք: Մենք չենք օգտագործում ճանապարհը, մեր շինարարության համար մենք կառուցել ենք », – ասաց Թամազ Մաթիտաշվիլին:

Մեսրոպ Իրիցյանը, առաջնահերթությունների որոշման ժամանակ, Կորխ գյուղի լիազորն էր: Նա իրավիճակը մեկնաբանում է հետևյալ կերպ.

«Աշխատանքներն ընտրելու համար 10 անգամ ես ժողով եմ անցկացրել, 12 հոգուց ոչ ավելի մարդ էր եկել: Ում հարցնում էի, բոլորը խուսափում էին, երիտասարդներն ասում էին` հարցրեք մեծահասակներին, մեծահասակներն ասում էին` հարցրեք երիտասարդներին: Մենք որոշեցինք ջուրը մղելու համար պոմպակայան կառուցել, ամբողջ գյուղը դեմ էր դրան: Այդ վայրում, որտեղ պետք է կառուցեին, բոլորը փոքր հողակտորներ ունեին, բոլորը դեմ էին, ասում էին, որ դա իրենց դուր չի գալիս: Հետո որոշեցինք մարզասրահ կառուցել, հիմա ասում են, որ չենք ուզում: Շինարարությունն արդեն սկսվել է, ոչինչ հնարավոր չէ փոխել», – պարզաբանեց Մեսրոպ Իրիցյանը: