Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ Pfizer պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափը ստանալու ամսաթիվը դեռ որոշված չէ:

Միևնույն ժամանակ, Գամղրելիձեն, Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում, նշել է, որ այսօր Վրաստանը երրորդ եռամսյակում Pfizer պատվաստանյութը ստանալու լավատեսական հեռանկար ունի:

Դրա հետ մեկտեղ, Ամիրան Գամղրելիձեն հայտնել է, որ Վրաստանը սպասում է այլ պատվաստանյութերի նույնպես:

«Ցավոք, դուք գիտեք, որ ողջ աշխարհում պատվաստանյութերի պակաս կա, ուստի պատվաստանյութերի մեր պաշարները աստիճանաբար համալրվում են: Հունիսին մենք COVAX կառույցից ակնկալում ենք նաև Astrazeneca-ի լրացուցիչ դեղաչափեր և, ինչպես գիտեք, Չինաստանի հետ ուղիղ բանակցություններ են տարվում Sinopharm-ի կես միլիոն դեղաչափ ստանալու համար: Դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին կամ հունիսի վերջ», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: