«Խորհրդարանում ես կշարունակեմ աշխատանքս որպես անկուսակցական, առանց խմբակցության, շարքային, անկախ խորհրդարանական», – հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Բաքրաձեն:

Նրա խոսքով՝ ինքը համագործակցելու է խորհրդարանում ներկայացված ընդդիմության հետ, սակայն չի պատրաստվում անդամակցել որևէ խմբակցության, քանի որ «Եվրոպական Վրաստան»-ը լքելուց հետո նա հայտարարել էր, որ ընդմիջում է վերցնում կուսակցական քաղաքականությունից:

«Ես այսօր հավատարիմ եմ այս դիրքորոշմանը և, համապատասխանաբար, չեմ պատրաստվում անդամակցել որևէ խմբակցության: Ես կհամագործակցեմ ինչպես «Լելո», այնպես էլ «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցությունների և դրանցում գտնվող բոլոր ընդդիմադիր գործընկերների հետ, բայց չեմ պատրաստվում անդամակցել որևէ կուսակցության կամ խմբակցության, այլև կաշխատեմ որպես անկախ, առանց խմբակցության պատգամավոր», – հայտարարել է Բաքրաձեն:

Բաքրաձեի խոսքով՝ ինքը նույնպես մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունն այն պաշտոնների համար, որի հնարավորությունն ընդդիմադիր պատգամավորներին ընձեռում է Շառլ Միշելի փաստաթուղթը:

Լուսանկարը՝ արխիվից