Կազանում, տեղի գիմնազիայում տեղի ունեցած հրազենի կիրառմամբ հարձակման արդյունքում սպանվել է ինը մարդ՝ երկու ուսուցիչ և յոթ դպրոցական: Դպրոցի վրա հարձակումը կազմակերպել էր կրթօջախի նախկին սանը, ով հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ ինքն իրեն «աստված» է համարում: BBC-ի թղթակիցներն այցելել են դպրոց, որտեղ առավոտյան տեղի էր ունեցել պայթյունը և հնչել էին կրակոցների ձայները, և զրուցել հարձակման ընթացքի ականատեսների և մահացածների ծանոթների հետ, իսկ արդեն երեկոյան կազմակերպված էր ողբերգական հուշարձանը:

(Որոշ դպրոցականների անունները փոփոխված են)

Մայիսի 11-ի առավոտյան, Կազանի թիվ 175 գիմնազիայում տասներորդ դասարանցի Ալիսա Զ.-ն գտնվում էր անգլերենի դասին: Դասերը նոր էին սկսվել: Հանկարծ շենքում ոտնաձայներ լսվեցին, իսկ հետո դպրոցականները լսեցին կրակոցների ձայներ:

Ալիսայի դասընկերները վազեցին պատուհանների մոտ՝ երկրորդ հարկից քիվերի երկայնքով կարելի էր իջնել: Աղջիկն ինքը չհասցրեց հասնել մինչ պատուհանները:

«Ճանապարհին ես վազեցի մեկ այլ դասարան և ասացի. «կրակո՛ւմ են»: Հետո տնօրենը բարձրախոսով հայտարարեց, որ անհրաժեշտ է փակվել», – BBC-ին ասում է 17-ամյա դպրոցականը: – Մենք անաղմուկ նստել էինք պատուհանների մոտ: Լսվում էին պայթյուններ, կրակոցներ, ճիչեր: Հետո դուռը թակեցին: Ըստ իմ ենթադրությունների դա հենց այդ մարդն էր: Մենք չարձագանքեցինք»:

Ալիսան անձամբ ճանաչում էր բոլոր մահացած երեխաներին: «Ես բոլորի հետ չէի շփվում, բայց նրանք բարեսիրտ էին, կարեկից», – ասում է նա:

Քիչ անց դասարանի դուռը ջարդեց Հատուկ նշանակություն ոստիկանական շարժական ջոկատը: Դպրոցականներին տեղափոխեցին հետևի բակ:

Մոտավորապես նույն պահին տեղի լրագրող Ռենատ Սադիկովը վազում էր Ջաուդաթ Ֆայզի փողոցով, որտեղ էլ գտնվում է գիմնազիան: Նա տեսավ, թե ինչպես են տագնապային ազդանշանների ֆոնին ծնողները վազում դեպի շենք և մոտենում են Արտակարգ իրավիճակների ծառայությունները, և այդժամ նա հասկացավ, որ «այստեղ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել»:

«Ծնողներին թույլ չէին տալիս ներս մտնել: Նրանք գոռում էին. «Հետ բերե՛ք մեր երեխաներին»: Պատկերը սարսափելի էր, ահասարսուռ: Խուճապ էր տիրում», – նկարագրում է իր տեսածը լրագրողը:

Չորրորդ դասարանցի Ամալյա Ս.-ն դպրոցի հարեւանությամբ գտնվող շենքում էր, երբ սկսվեցին կրակոցները: Այնտեղ նա խորացված ձևով սովորում էր անգլերեն: Երբ երեխաները լսեցին կրակոցները, ուսուցիչը նրանց փողոց դուրս թողեց: Ամալյան վազեց դեպի դպրոցի հիմնական մասնաշենքը՝ գտնելու իր քրոջը: Նա երկու դասարանով մեծ է իրենից: «Ես հանդիպեցի քրոջս ուսուցչուհուն: Նա վիրավորված էր, դեմքն ամբողջովին արյան մեջ էր: Շուրջբոլորը շտապօգնության մեքենաներ ու ոստիկաններ էին: Ապակիները կոտրված էին», – պատմում է աշակերտուհին:

Ամալիայի քույրը դպրոցից դուրս էր եկել գլխավոր մուտքով: Ավելի ուշ նա պատմել էր նրան, որ սկզբում չէր հավատացել, որ գիմնազիայում դեպք էր տեղի ունեցել:

«Մեզ մոտ հաճախ է ազդարարվում «ստուգիչ» տագնապ: Քույրս ասաց, որ սկզբում ծիծաղել է, բայց հետո, երբ տեսել է, որ պատուհանները ջարդում են, դռները կոտրված են, ամեն տեղ արյունոտ է, ապա արդեն ընդհանրապես ծիծաղը մարել է՝ ճանապարհ տալով վախին», – ասում է Ամալիան:

Դպրոցից դուրս գալուց հետո երեխաները կանգնել էին շենքի դիմացի խաղահրապարակում: «Եվ մենք, կարծես, տեսանք այդ մարդուն», – ասում է դպրոցականը:

Դիմացի տան բնակիչները նկարահանում էին այն, ինչ կատարվում էր կրթօջախում: Կեսօրին տասնյակ ԶԼՄ-ներ և տելեգրամ-ալիքներ հրապարակում էին տարբեր տեսադաշտերից նկարահանված տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են փրկարարները երեխաներին տարհանում կողադիր սանդուղքներով, իսկ հարձակվող հանցագործի ձեռքերը ոլորում դպրոցի մուտքի դիմաց:

Տեսանյութերից մեկի հեղինակը նկարահանել է, թե ինչպես են երկու հոգի, ենթադրաբար դպրոցականներ, երրորդ հարկից ցատկում գետնին:

Կրակոցների արդյունքում մահացել է ինը մարդ, նրանցից յոթը երեխաներ: Հարձակման ընթացքում վիրավորվել է ավելի քան 20 մարդ, նրանցից ութի վիճակը ծանր է: 18 տուժածները մինչև 15 տարեկան են, այդ թվում՝ յոթ տարեկան տղա և ութ տարեկան աղջիկ: Երկու երեխա ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում:

«Գնել եմ օրինական ճանապարհով»

«Այն անձը», ում 175 դպրոցի աշակերտները տեսել և լսել էին, պարզվեց, որ 19-ամյա Իլնազ Գալյավիեւն էր (շատ հրատարակություններ ուշադրություն էին հրավիրում այն փաստի վրա, որ երիտասարդը ծնվել է 2001 թ. սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ-ում ահաբեկչության օրը):

Գալյավիևը չորս տարի առաջ ավարտել էր նույն գիմնազիան, որտեղ մայիսի 11-ին եկել էր «Hatsan Escort» որսորդական հրացանով: Պետդումայի պատգամավոր, Ռոսգվարդիայի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսանդր Հինթշեյնը հաղորդել է, որ Գալյավիևը զենք պահելու թույլտվությունը ստացել է ողբերգությունից մի քանի օր առաջ՝ ապրիլի 28-ին:

Հրազենը գնել է Կազանից երկու ժամ հեռավորության վրա գտնվող Յոշկար-Օլայում: Գալյավևը ձեռք է բերել նաև ավելի քան հազար հատ փամփուշտ՝ կարտեչով: Զենքը երիտասարդին վաճառած աշխատակիցը «Զվեզդա» հեռուստաալիքին պատմել է, որ նա «զենքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ներկայացրել է զենքի ձեռքբերման լիցենզիան, որն ամբողջությամբ լրացվել է պատշաճ կարգով»:

Երեքշաբթի առավոտյան Գալյավիեւը զենքով անխոչընդոտ քայլել է դեպի դպրոց: Mash Տելեգրամ-ալիքը հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է նա, առանց թաքնվելու, մոտենում դպրոցին՝ սեւ դիմակ հագած ու որսորդական հրացանով:

Գալյավիևը կրակը բացել է փողոցում, ժամը 09:18-ի սահմաններում, առանց գիմնազիայի շենք մտնելու: Փամփուշտները փշրել են դռների ապակիները: Ինչպես գրում էին լրատվամիջոցները, աղմուկից դուրս էր եկել 62-ամյա Մուլլանուր Մուստաֆինը, մաթեմատիկայի նախկին ուսուցիչ և կրակն արձակողի դասղեկ Ալֆիա Մուստաֆինայի ամուսինը: Վերջին տարիներին Մուստաֆինը դպրոցի շենքի ծառայությունների վարիչն էր: Գալյավիեւն առաջինը նրա ուղղությամբ էր կրակ բացել: Տղամարդը հրազենային վնասվածք է ստացել գլխի, աճուկի և կոնքոսկրերի շրջանում, բայց բարեբախտաբար ողջ է մնացել:

Առաջին հարկում նստած պահակը հասցրել էր թաքնվել սեղանի տակ, հրաձիգն անցել էր նրա կողքով՝ չնկատելով նրան: Հենց նա է 9:25-ին սեղմել տագնապի կոճակը՝ կանչ գրանցելով իրավահապահներին:

Դեպքից հետո դպրոց եկած աշակերտները «լավ ու բարի մարդիկ» են անվանել պահակին և նախկին ուսուցչին:

Հարձակման ընթացքում որոշ լրատվամիջոցներ սխալմամբ գրել էին, որ դուրս մնացած նախկին սանն ունեցել է հանցակից, բայց այս տեղեկությունը այդպես էլ չի հաստատվել: Եղել են նաև աշակերտների կողմից լսված պայթյունների մասին հակասական հաղորդումներ:

Երեքշաբթի երեկոյան Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Գալյավիևը իսկապես գիմնազիայի մուտքի մոտ գործի է դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը: Երեկոյան շենք ժամանած Երեխաների իրավաունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովան BBC-ին պատմել է պայթյունի հետևանքների մասին:

«Ես անցա այն ճանապարհով, որով անցել է հանցագործը: Ապակի, արյան հետքեր: Հրաշք է, որ պայթուցիկի լարը չի այրվել՝ այնտեղ կախված են մերկացած լարերը: Բարեբախտաբար, այն վայրում, որտեղ փլվել էին պատերը, հանդերձարանի տարածքում, այդ պահին երեխաներ չեն եղել», – նշում է նա:

Մտնելով դպրոց՝ Գալյավիեւն անկանոն կրակ է բացել բոլոր նրանց վրա, ով հայտնվել է նրա առջև: Զոհերից մեծ մասը սովորում էին 8 «ա» դասարանում: Որոշ լրատվամիջոցներում հայտնվել էին դասարանի խամրեցված լուսանկարները, որոնց վրա երևում են մարմիններ և արյուն: Ինչու է Գալյավիեւը գնացել հենց այնտեղ, պարզ չէ: Հետո նա քայլել է միջանցքով և քաշել դռան բռնակները՝ փորձելով մտնել այնտեղ բարիկադավորված երեխաների մոտ:

Հանցագործի զոհերից մեկը անգլերենի 25-ամյա ուսուցչուհի Էլվիրա Իգնատիեւան է, ով այդ պահին դաս էր վարում հինգերորդ դասարանում: Երբ նա լսել է կրակոցը, դուրս է եկել միջանցք: Լրատվամիջոցները՝ վկայակոչելով ականատեսներին պատմածը, գրել են, որ ուսուցչուհին փորձել է հարձակվող հանցագործից պաշտպանել երեխաներին՝ մարմնով փակելով նրանց, ինչի արդյունքում մահացու վիրավորանք է ստացել:

Մահացածներից մեկն էլ տարրական դասարանների ուսուցչուհի Վեներա Այզատովան է: Թաթարերենի ուսուցիչ, 50-ամյա Դիլյարա Գալիուլինան վիրավորվել է, նա գտնվում է հիվանդանոցում:

Հրաձգությունից մոտ հինգ-յոթ րոպե անց դպրոցում են հայտնվել ոստիկանության առաջին աշխատակիցները: Գալյավիեւը բերման է ենթարկվել, նա հանձնվել է իրավապահներին: Երեխաներին դպրոցից տարհանել է Հատուկ նշանակություն ոստիկանական շարժական ջոկատը: Երեխաները վախենում էին բացել դասասենյակների դռները նույնիսկ ոստիկանության աշխատակիցների առջև: «Ձերոնցական ենք» հանգստացրել են նրանց ոստիկանները:

«Ես միշտ ատում էի բոլորին»

Ապրիլին Գալյավիևը հեռացվել էր «ԹԲԱԻ» (Թաթարական բիզնեսի աջակցության ինստիտուտ) քոլեջից: Երիտասարդը չորրորդ կուրսում էր, բայց վերջում նրան հեռացրել էին այս կրթական հաստատությունից:

Ինչպես «РБК»-ին պատմել են քոլեջում, Իլնազը «հանգիստ և ոչ կոնֆլիկտային ուսանող» է եղել, բայց հունվարից նա դադարեց հաճախել քոլեջ և չի ներկայացել պաշտպանելու պրակտիկան և հանձնելու երեք պետական քննությունները: Դրա համար նա դուրս է մնացել քոլեջից:

Մայիսին Գալյավիեւը բացել էր տելեգրամ-ալիք (հարձակման օրը սոցցանցի վարչակազմը այն ջնջել էր): Նրան հաջողվել էր ընդամենը մի քանի գրառում թողնել այդտեղ: Հարձակվողը գրել է, որ «աշխարհում չպետք է կենդանի արարածներ մնան, դա տիեզերքի սխալն է», իսկ հարձակումից մի քանի ժամ առաջ նա խոստացել է սպանել շատ մարդկանց:

Արդյունքում ոստիկանությանը ինքնակամ հանձնված երիտասարդի հարցաքննության տեսանյութը հրապարակել է «Գնում եմ Թաթարստան» ալիքը: Այնտեղ երևում է, թե ինչպես է Գալյավիևը մերկ, արյունոտ իրանով, ձեռքերը կապած պառկած է նստարանին:

«Ես իբրև աստված եմ ծնվել: Ես նոր եմ հասկացել դա: Մոտ երկու ամիս առաջ ես դա գիտակցեցի», – ճչում է երիտասարդը, հայհոյելով յուրաքանչյուր բառ արտասանելուց հետո: – Իսկ ամռանն իմ մեջ սկսել էր արթնանալ հրեշ: Ես սկսեցի բոլորին կոնկրետ ատել: Ես միշտ էի ատում բոլորին, բայց սկսեցի էլ ավելի շատ ատել»:

Նույն հարցաքննության ժամանակ Գալյավիեւն հայտնել է, որ երկու ամիս առաջ նա իր մորն ասել էր, որ իրեն համարում է «աստված»: Ավելի ուշ նա վերապահումով ասել էր, որ ինքը «ծնողներ չունի» և խնդրել իր նկատմամբ չկիրառել «էքստրասենսորահոգեբանական *******» (մեթոդներ)»:

Հոգեբույժը, որը հրազենը ձեռք բերելու համար վկայագիր էր տվել, երիտասարդի մոտ շեղումներ չէր նկատել, գրում է Life-ը: Դեպքից անմիջապես հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է շտապ խստացնել քաղաքացիական զենքի շրջանառության կանոնները:

Կազանի քաղաքապետ Իլսուր Մետշինը Գալյավիեւի կողմից կրակոցները որակել է «ահաբեկչական ակտ»:

Դպրոցի վրա հարձակվելուց հետո քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) ռեժիմ, սակայն մի քանի ժամ անց այն հանվել էր:

Արդյունքում, Քննչական կոմիտեն գործ էր հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց սպանություն): Սույն հոդվածի առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: Հետաքննությունը կիրականացնի ՔԿ կենտրոնական գրասենյակը: Գալյավիևին դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Դեռ պարզ չէ` Գալյավիևի նկատմամբ կանխարգելիչ միջոցը կընտրվի՞ Կազանում, թե՞ այս ընթացակարգը տեղափոխվի Մոսկվա:

«Ես նորմալ եմ, որդիս է մահացել»

Կեսօրին տասնյակ մարդիկ սկսեցին գալ դպրոց: Ոստիկանական կենդանի շղթայի երկու կողմերում արագ հայտնվեցին սգո հուշարձաններ: Մարդիկ արտասվելով այնտեղ ծաղիկներ, խաղալիքներ և մոմեր էին տանում: Նրանց մեծամասնությունը կապ չուներ 175-րդ գիմնազիայի հետ: Նրանք BBC-ին ասացին, որ նման ողբերգական օրը չէին կարող տանը մնալ:

Ուղիղ դպրոցի դարպասների մոտ կազմակերպվեց առանձին հուշահամալիր, որի ետևում պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցները չէին դադարում աշխատել ամբողջ օրը: Այդտեղ մոտենալու համար անհրաժեշտ էր հերթ կանգնել, որն անընդհատ աճում էր: Երեկոյան հերթ էին կանգնած արդեն հարյուրավոր մարդիկ: «Մենք ցավում ենք» ցուցանակը կախված էր դպրոցի ցանկապատից: Դրա կողքին տեղադրված էին սեղաններ, որոնք ծածկված էին կարմիր կտորով, որոնք արագ լցվեցին ծաղիկներով և մանկական խաղալիքներով: Երեկոյան դպրոցից դուրս բերվեցին նոր սեղանները:

Երեկոյան ինչ-որ մեկը դպրոցի մոտակայքում գտնվող ճանապարհի ցանկապատի վրա փակցրեց ստվարաթղթե ցուցանակ «Դու Աստված չես, դու ոչնչություն ես»՝ ի պատասխան մարդասպանի մանիֆեստի:

Դաշնային ալիքներից լրագրողներին միայն կարճ ժամանակով էին թույլատրում մուտք գործել գիմնազիայի շենք: Ֆայզի փողոցի ամբողջ երկայնքով ոստիկանական մեքենաներն էին, շտապ օգնությունը և ազգային գվարդիան: Զինված ոստիկանները՝ քողարկված համազգեստով, հերթապահում էին դպրոցի մուտքի մոտ:

Կազանի որոշ բնակիչներ եկել էին Ֆայզի փողոց՝ նախադպրոցական տարիքի երեխաների հետ:

«Այնտեղ Հատուկ ծառայություններն են», – բռնկումներով ազդանշան տվող լապտեր ունեցող մեքենաներին ցույց տալով իր չորս տարեկան որդուն ասում էր մայրը:

– Իսկ ինչո՞ւ են նրանք այնտեղ:

– Ստուգում է նշանակված, նրանք պիտի պարզեն, թե ինչ է արել նա այնտեղ:

Ծաղիկներով լի սեղանների մոտ մի հնգամյա աղջիկ հոգատար մխիթարում էր իր լացող մորը. «Մայրիկ, մի՛ լացիր: Ես ինքս էլ եմ ուզում լաց լինել»:

Պաշտոնյաները նույնպես ամբողջ օրվա ընթացքում դպրոց էին գալիս: Թաթարստանի Նախագահ Ռուստամ Միննիխանովն առավոտյան էր այցելեց կրթօջախ, իսկ կեսօրին Կազան էին հասել ղեկավարները Մոսկվայից:

Դեպքի վայր ժամանած պաշտոնյաների թվում էր Ռուսաստանի կրթության նախարար Սերգեյ Կրավցովը:

Երեկոյան մոտավորապես վեցին կրթության նախարար Սերգեյ Կրավցովը մտավ գիմնազիա: «Ցանկանում եմ ցավակցությունս հայտնել ծնողներին և հարազատներին… Երկու ուսուցիչ է սպանվել… Քննչական գործողություններն ընթանում են», – գտնվելով ներսում՝ նախարարը դժվարանում էր բառեր գտնել: Նա ավելացրեց, որ նախարարությունը բոլոր դպրոցներին առաջարկություններ է ուղարկել անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ:

Դպրոցում հավաքվածների մեջ կար կարճ սանրվածքով 40-ամյա մի կին: Նրա որդին հաճախում է մեկ այլ դպրոց, սակայն կրակոցների ժամանակ վիրավորվել է նրա ընկերը՝ 2006 թվականին ծնված Կամիլ Ի.-ն: Միասին նրանք խաղում էին նույն ֆուտբոլային թիմում:

«Նա հրազենային կրակ է ստացել գլխի մասում և նա ցատկել երրորդ հարկից [փրկվելով հարձակվողից]: Նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում», – BBC-ին պատմել է վիրավորված երեխայի ընկերոջ մայրը: Դեպքի մասին նա իմացել է ֆուտբոլային թիմի չեթից, ավելի ուշ նրան հաջողվել է զանգահարել «շոկային վիճակում» գտնվող Կամիլի մորը:

Իգուլը՝ 25-ամյա սեւազգեստ աղջիկը, ծաղիկներով եկել էր հուշահամալիրի մոտ: Նա BBC-ին պատմեց, որ գիմնազիայում իր նախկին դասղեկ Ալինա Զարիպովայի որդին է մահացել:

«Ալինա Զարիպովան հիմա չգիտեմ որտեղ է, նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Դրանից առաջ ես նրան զանգահարել էի, հարցրեցի, թե ինչպես է, նա ասաց. «Ես լավ եմ, որդիս է մահացել»: Դե, նա ցնցման մեջ էր», – ենթադրում է Իգուլը:

Զարիպովան դպրոցում դասավանդել է թաթարերեն, նրա երեխաները միշտ մրցանակային տեղեր էին զբաղեցնում դպրոցական օլիմպիադաներում:

Մի քանի տարի առաջ Իգուլն ավարտել է 175 դպրոցը և մանկության տարիներին հիշում է դասղեկի որդուն. «Ես նրան տեսել եմ փոքր ժամանակ, այնքան գեղեցիկ էր»: Մայիսի 11-ին Ամիրը սպանվել է, նա 14 տարեկան էր:

Դանիել անունով երիտասարդն ինքը 175 դպրոցում չի սովորել, բայց եկել է հուշահամալիր: Նա ապրում է մոտակայքում, իր ծանոթներն են սովորել գիմնազիայում: Նրանք կրակողին լավ գիտեին. «[Նրանք ասացին, որ նա] սովորական, նորմալ տղա էր: Հանգիստ, հանդարտ: Ես էլ մտածեցի՝ միգուցե դպրոցում նրան ինչ-որ բան են արել, որ նա նման քայլի է գնացել»:

Դանիելի կողքին է նրա ընկերը՝ Ռադիկը, նա ապրում է դպրոցի անմիջապես դիմացի տանը, պատուհանները նայում են դպրոցին. «Իմ բնակարանն այն է, 8-րդ հարկում», – ասում է նա: Առավոտյան Ռադիկը ոչ կրակոցներ է լսել, ոչ էլ պայթյուններ. «Ես նստած YouTube-ով տեսանյութ եմ դիտում, և մայրս է զանգում ինձ՝ դպրոցում աղմուկ է, պայթյուն»:

Մոտակայքում 175-րդ գիմնազիայի աղջիկները՝ Զարեման և Պոլինան, քննարկում էին միջադեպը: Երեքշաբթի օրը նրանք երկուսն էլ պետք է սովորեին երկրորդ հերթափոխում, ուստի ականատես չեն եղել միջադեպին:

Միևնույն ժամանակ, Պոլինան սովորում էր մահացած ուսուցիչներից մեկի՝ տարրական դասարանների ուսուցչուհի Վեներա Այզատովայի դասարանում:

«Վեներա Սուլթանովնան միշտ պաշտպանում էր երեխաներին, նա օգնում էր ինձ իմ ուսման ընթացքում, երբ խնդիրներ էին լինում: Միշտ օգնում էր: Նա 55 տարեկան էր», – հիշում է դպրոցականը:

Նրա ընկերուհին՝ Զարեման, ի պատասխան պատմում էր, որ իր քույրը սովորել է Իլնազ Գալյավիևի զուգահեռ դասարանում:

– Նա ինձ ցույց տվեց իր դպրոցական նկարները, ասաց, որ աղջիկները սիրում էին նրան, նա բարի էր: Իսկ հիմա չգիտի, թե ինչ է պատահել նրա հետ…

«Նա կարծես նյարդային է դարձել», – ենթադրեց Պոլինան:

– Ըստ շրջանառվող լուրերի, ուսուցիչները նրան նվաստացրել են: Բայց ես դրան չեմ հավատում, քանի որ մեր ուսուցիչները լավն են», – միջամտեց խոսակցությունը լսող չորրորդ դասարանցի Ամալյան, ով միջադեպի ժամանակ անգլերենի էր մյուս շենքում:

Թաթարստանում մայիսի 12-ը սգո օր է հայտարարված: Չորեքշաբթի օրը հանրապետությունում տեղի կունենա զոհերի առաջին հուղարկավորությունը:

Աղբյուրը՝ «BBC news» ռուսական ծառայություն