Հարութ Իրիցյանի մանկության երազանքն իրականացել է՝ վիրաբույժ է դարձել: Չնայած փոքր ժամանակ նա դժվար թե պատկերացներ նման գրաֆիկ. մի հիվանդանոցից մյուսը, հետո՝ երրորդը, մի զանգից՝ մյուսը և այսպես օրեր շարունակ: Ախալքալաքցի բժիշկը վիրահատությունից հետո պատասխանում է բոլորին, իմանալով, որ հարազատ քաղաքում օգնություն շատերին է հարկավոր:
Երիտասարդ վիրաբույժի օրն սկսվում ու ավարտվում է հերթապահությամբ: Հարութն աշխատում է կովիդ-կլինիկայում, բայց բայց կարմիր գոտում ուղիղ պայքար չի տանում: Սակայն գիշեր ու զօր կորոնավիրուսով հիվանդներին հեռախոսով խորհուրդներ է տալիս, կլինիկաներում տեղավորում և պարզապես բարոյապես աջակցում:
Հարութն առաջիններից է, ով Ախալքալաքում դպրոցն ավարտելով 4+1 մեկ կրթական արտոնյալ ծրագրով ընդունվեց Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի պետական համալասարան: Ուղիղ տաս տարի անց նա արդեն վիրահատություններ է կատարում և ամեն հարցով օգնում Ջավախքից մայրաքաղաք գնացող հիվանդներին:
Հարութ Իրիցյանը վիրահատարանում
«Միանգամից աշխատում եմ երեք հիվանդանոցում, չնայած դրանցից երկուսը կովիդ-կլինիկաներ են, բայց այնպես ստացվեց, որ ինձ առաջարկ չեղավ աշխատել կորոնավիրուսով հիվանդների հետ: Բայց դա ինձ չխանգարեց բառի ուղիղ իմաստով շփվել կորոնավիրուսով հիվանդների հետ և հիվանդանալ»:
Նոյեմբեր-դեկտեմբերին, երբ Ախալքալաքում կորոնավարակի պիկն էր, նա օրական բազմաթիվ զանգերի էր պատասխանում, ծանոթ ու անծանոթ կորոնվիրուսով հիվանդների էր դիմավորում ու տեղավորում տարբեր կլինիկաներում, հերթապահում աշխատավայրերում և ժամանակ հատկացնում ընտանիքին:
«Արդեն երկար տարիներ է Թբիլիսիում եմ, ինքս շատ պացիենտ եմ ունեցել Ախալքալաքից և շատերին եմ օգնել, կապ չունի ես ինչ մասանգետ եմ, տարբեր մարդիկ տարբեր հարցերով են ինձ դիմում ու ես չարչարվում եմ մաքսիմալ օգնել բոլորին՝ համապատասխան մասանագետի մոտ ուղարկելով: Կովիդ-հիվանդանոցներում եղել եմ, օգնել եմ կովիդ-հիվանդներին, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր հիվանդ էին, բայց լեզու չգիտեին, չգիտեին ուր գնային, շատերին եմ հիվանդանոցներոմ տեղավորվել, անընդհատ զանգերով խորհրդատվություն եմ իրականացրել, ինչքան կարողացել եմ: Օրը 24 ժամ ես պատրաստ եմ բոլորին օգնել և օգնում եմ»:
Եթե դու բժիշկ ես և Ախալքալաքից, ուրեմն դա լրացուցիչ պատասխանատվություն է և պարտավոր ես բուժել բոլորին, իսկ եթե չես բուժում, ապա նվազագույնը բուժող բժշկի ու հիվանդանոցի տեղ պետք է ասես: Մարդիկ չիմանալով լեզուն, պատահականության սկզբունքով գնալով հիվանդանոց «մերոնքական» բժշկի են փնտրում, ում կարող են գոնե բացատրել իրենց վիճակը:
Կորոնավիրուսը երկու տարվա ընթացքում հասցրեց կյանքը լիովին փոխել՝ մարդկանց պարտադրելով խաղի իր կանոնները: Իր կանոնները պարտադրեց նաև բժիշկներին, որոնց պացիենտները դիմում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հարութը բացառություն չէր, դրա համար նրա աշխատանքն այսօր թեթև է:
«Ամենակարևորն ու առաջնայինը կորոնավիրուսը փոխեց մարդկանց շփման միջոցները: Տեսեք նույնիսկ բժշկի հետ ուղիղ դեմ դիմաց նստած խոսելը դժվարացավ, եթե չասեմ՝ որոշ դեպքերում անհնարին դարձավ: Փաստենք, որ կովիդն իրենն արեց ու մեր կյանքում գնալով սովորական բան դարձավ: Մարդիկ օր օրի ավելի ընտելացան ու կարծես սթրեսն անցնում է»:
Երիտասարդ վիրաբույժը լավ գիտի, ինչ է նշանակում չիմանալ վրացերեն, այն էլ, երբ հիվանդ ես ոչ ավել, ոչ պակաս կորոնավարակով: Լեզվի խնդրի առաջ Հարութը ևս կանգնել է, բայց կարողացել է հաղթահարել:
«Լեզուն չիմանալը շատ բարդություններ է առաջացնում: 2011 թվականին երբ ընդունվեցի համալսարան ինձ օգնեց իմ ընկերական շրջապատը, վրացախոս միջավայրը: Այսօր ես հասկանում եմ, ինչքան բարդ է հիվանդին Ախալքալաքից հասնել Թբիլիսի ու հիվանդանոց պառկել: Դրա համար ես իմ ընկերների հետ մշտապես Ախալքալաք եմ գալիս, բժշկական ծառայություններ հենց տեղում մատուցելու նպատակով: Գալիս ենք և տեղում անում այն, ինչ Ախալքալաքում անհնար է»:
Հարութը նույնպես վարակվել է կորոնավարակով և նշում է՝ բժիշկը ռոբոտ չէ, հիվանդ պացիենտը գալիս է, դու չգիտես արդյո՞ք նա հիվանդ է, քո մասնագիտական պարտքն ես կատարում: Հիվանդության պատճառով դեկտեմբեր ամսին նա հաշված օրեր է տնից դուրս եկել: Իսկ մնացած օրերին ինքնամեկուսացված է եղել:
«Ամսվա սկզբից մինչև 25-ը համարյա տանն եմ եղել: Հեշտ չեմ տարել՝ չոր հազ, հոգնածություն, հոդացավեր և ալյն: Վարակը տարբեր մարդկանց վրա տարբեր կերպ է անդրադառնում: Չգիտեմ, ինձ համար բարդ էր»:
Իմանալով ինչի հետ գործ ունի, Հարութն առաջիկա օրերին պատրաստվում է պատվաստվել չինական Sinopharm պատվաստանյութով:
«Գտնում եմ, որ կորոնավարակին հաղթելու միակ ճանապարհը պատվաստումն է, դրա համար ես ինքս արդեն համապատասխան որոշում եմ կայացրել»:
Հարութ Իրիցյանը վիրահատությունից հետո
Հարութի կինը՝ Վիկտորիան նույնպես բժիշկ է: Երկուսն էլ աշխատում են և միաժամանակ խնամում իրենց առաջնեկին՝ 9 ամսեկան Դանիելին: Ծնողներից յուրաքանչյուրն իր ծրագրերն ունի երեխայի ապագա մասնագիտության ընտրության հարցում: Մայրն ուզում է, որ որդին հայրիկի նման վիրաբույժ դառնա, իսկ հայրը՝ մայրիկի նման ատամնաբուժ:
Դպրոցն ավարտելուց տաս տարի անց Հարութը երկու մասնագիտություն ունի՝ ատամնաբույժ ու ծնոտադիմային վիրաբույժ: Ամեն անգամ սպիտակ հագուստ հագնելիս երջանկություն է ապրում, որ հասել է իր ուզածին: Սակայն նրա նպատակներն այսքանով չեն սկսվում ու սահմանափակվում: Հարութ Իրիցյանը բազմաթիվ նպատակներ ունի՝ Եվրոպայում կրթական աստիճան ստանալուց մինչև Ախալքալաքում բազմապրոֆիլ կլինիկա հիմնել՝ մասնագիտացված, երիտասարդ ու կարող բժիշկներով:
Վերջին տարիներին Թբիլիսիի կլինիկաներում սկսել են աշխատել ջավախքցի երիտասարդ բժիշկները: Նրանք տեղի բնակիչների «օգնականներն» են, որոնք բժշկական ծառայություններ են ստանում մայրաքաղաքում: Իսկ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, երբ ամեն ինչ հայտնվեց տարածության վրա, այսպիսի մարդիկ հոգեբանական առումով փրկություն դարձան բազմաթիվ տեղացիների համար, ովքեր կարողացել են գոնե ինչ-որ աջակցություն ստանալ:
Աղունիկ Այվազյան